Ազատամուտի բնակիչը 15 տարի է` փոխհատուցման է սպասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ»-ին է դիմել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ գյուղի ժամանակավոր բնակիչ, 41-ամյա Մանյա Ղազարյանը (օրիորդական ազգանունը՝ Ղազախյան): Մանյան որպես կապավոր ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության Իջեւանի զորամասում: Նրա ամուսինը տարիներ առաջ մահացել է: Մ. Ղազարյանը Ազատամուտում վարձով բնակվում է իր 30-ամյա քրոջ եւ 16-ամյա աղջկա հետ: Մանյան ասաց, որ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքար գյուղում գտնվող իրենց հայրական՝ Ղազախյանների ընտանիքին պատկանող տունը 1990-ական թվականներին ադրբեջանական գնդակոծությունից վնասվել է:

Ընտանիքը նյութական միջոցներ չի ունեցել նորոգելու համար, եւ այն վթարային է դարձել: Մանյան վկայում է, որ իր հոր մահից հետո մայրը ծանր վիրահատության է ենթարկվել, նրան վթարային տան մեջ չպահելու, նաեւ մոր դեղերի համար գումար վաստակելու համար 2002 թ. ընտանիքով տեղափոխվել են Ազատամուտ: Սահմանամերձ Պառավաքար գյուղում վթարային դարձած տան հարցով Ղազախյանները դիմել են Տավուշի մարզպետարան, կառավարություն: 2010թ. Մանյայի մայրը մահացել է: Դեռեւս 2000 թվականին Ղազախյանների ընտանիքին է տրամադրվել փաստաթուղթ այն մասին, որ վթարային տունը պետական բյուջեի միջոցներով պետք է հիմնանորոգվի, կամ էլ համապատասխան չափով դրամական փոխհատուցում տրվի:

Սակայն անցած 15 տարում այդ նպատակով ոչ մի աջակցություն չի ցուցաբերվել: Երկհարկանի առանձնատան սեփականության իրավունքի գրանցման վկայականում առկա են Մանյայի, մահացած մոր, Մանյայի աղջկա եւ քրոջ անունները: 2015թ սեպտեմբերի 22-ին ադրբեջանական զինուժի կողմից Պառավաքար գյուղի գնդակոծության հետեւանքով Ղազախյանների տունն ամբողջությամբ փլվել է: Այդ տանը առանց վարձ մուծելու բնակվում էր պառավաքարցի միայնակ մայր, սոցիալապես խիստ անապահով Նելլի Սարգսյանը՝ իր 5 երեխաների հետ: Նա գնդակոծության ժամանակ հազիվ է հասցրել երեխաների հետ դուրս գալ քանդվող տնից: Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների կյանքը, անվտանգությունը, գույքը: Եթե չի կարողանում այդ անել, պարտավոր է փոխհատուցել ադրբեջանական գնդակոծությունից քանդված տան արժեքը: Մանյա Ղազարյանը եւ իր ընտանիքի անդամները սպասում են դրամական փոխհատուցման, որի խոստումը դեռեւս 15 տարի առաջ է տրվել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս