Հրազդան քաղաքի ծայրամասում գտնվող կենդանաբանական այգում կենդանիների համար ոչ միայն համապատասխան պայմաններ չկան, այլեւ դժվարությամբ է լուծվում նրանց կերի խնդիրը: Հրազդանի կենդանաբանական այգին արդեն երկու տարի է, ինչ չի գործում: Նույն կարգավիճակում է նաեւ Գյումրու կենդանաբանական այգին, որտեղ կենդանիները կեր չունեն:
Հրազդանի կենդանաբանական այգին ստեղծվել է դեռեւս 1993 թվականին՝ Հրազդանի բնակիչ Արմենակ Ավետիսյանի սեփական նախաձեռնությամբ: Տնօրենի խոսքերով՝ կենդանիներն այսօր խնամքի կարիք ունեն, այգու տարածքը պետք է բարեկարգվի, կառուցվի ձմեռանոց, սակայն ֆինանսական միջոցներ չկան: Բացի այս, այգու կենդանիները բուժզննման չեն ենթարկվում, տնօրենն անձամբ է կենդանիներին պատվաստում: Հիշեցնենք, որ հենց այս այգում էր, որ 2010 թվականի նոյեմբերի 28-ին քաղցած առյուծը հոշոտել էր իրեն կերակրող 21-ամյա Նվեր Սարգսյանին, որը, հիվանդանոց չհասած, մահացել էր:
«Ժողովուրդ»-ը այգու տնօրենից տեղեկացավ, որ արդեն երկու տարի է, ինչ Հրազդանի կենդանաբանական այգին այցելու չի ունենում: Տնօրենը մտադիր է հաջորդ տարվա ընթացքում որոշակի ներդրումներ իրականացնել եւ փոխել այգու կառուցվածքը՝ մարդկանց համար այն գրավիչ դարձնելու համար: Տեղեկացնենք, որ այգու տոմսի արժեքը մեծահասակների համար արժի 300 դրամ, իսկ փոքրերի համար այն անվճար է: «Մարդիկ չեն գալիս: Նույնիսկ տոմսեր վաճառող չունեմ, աշխատավարձ չեմ կարող տալ: Եթե հանկարծ այցելու ենք ունենում, ապա մուտքի մոտ հեռախոսահամար կա գրված, զանգահարում են, գալիս, բացում ենք այգին, որպեսզի երեխաները հուսախաբ չլինեն»,- ներկայացրեց Ավետիսյանը: Մեր զրուցակիցը փոխանցեց, որ այգին այս պահին ունի կրեա, օձ, ծովախոզուկ, արջ, առյուծ, գայլ, գետնափոր, տարբեր տեսակի շներ. «Դե, որ չենք աշխատում, այդ պատճառով էլ չենք մտածում կենդանիներ ավելացնելու մասին: Մտածում ենք միայն՝ եղածը պահպանենք: Իսկ այգու կենդանիներին կերակրելու համար երբեմն որդիս է գումար ուղարկում, ով ՌԴ-ում է»:
«Ժողովուրդ»-ը դիմեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին եւ հետաքրքրվեց՝ արդյոք մտահոգ է քաղաքի կենդանաբանական այգու ճակատագրով: Հարցին ի պատասխան՝ քաղաքապետն ասաց. «Հրազդանում ձմեռ է, ում մտքին կլինի կենդանաբանական այգի այցելել այս եղանակին: Այգում նույնիսկ կենդանիներ չկան, երկու թռչուն, մի հատ էլ՝ կիսամեռ առյուծ, որի թաթը վիրավոր է, ինքն էլ ծեր է, չի կարողանում թաթերը բարձրացնի ու իջեցնի»: Քաղաքապետի խոսքերով՝ այգու տնօրենն «այստեղից- այնտեղից բարերարներ է գտնում», ովքեր հոգում են կենդանիների կերի մասին:
Պարզվում է, որ ոչ միայն Հրազդանի, այլեւ Գյումրու կենդանաբանական այգին է գտնվում անմխիթար, իսկ կենդանիները՝ սովահար վիճակում: Նշենք, որ Գյումրու կենդանաբանական այգին մոտ 7 տարի առաջ է ստեղծվել: «Պանտերա» ընկերությունը, որը հիմնել է այգին, այժմ գումար չունի կենդանիներին կերակրելու եւ պահելու համար: Ըստ որոշ տեղեկությունների՝ այգին պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Սակայն վերջինս հրաժարվել է այգու նկատմամբ ունեցած պատասխանատվությունից՝ պատճառաբանելով, որ բավարար գումար չունի՝ կենդանիներին պահելու համար: Իսկ ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը ամենեւին էլ հետաքրքրված չէ քաղաքի մինի կենդանաբանական այգու ճակատագրով: Մինչ նշված անձինք իրար վրա են գցում այգում ստեղծված խնդիրների լուծումը, այս ընթացքում բնապահպան Սիլվա Ադամյանը բարձրաձայնում է՝ Գյումրու կենդանաբանական այգու կենդանիները «սովամահ են լինում, սովածությունից պատերն են ճանկռում եւ գետինն են փորում»: «Գյումրու կենդանաբանական այգու կենդանիների վիճակը առավել վատ է: Եւ շատ հնարավոր է, որ իրենք դուրս գան այդ վանդակներից: Ո՛չ կեր ունեն եւ ո՛չ էլ խնամվում են: Շուտով ձմեռն է մոտենում, իսկ նրանք տաք տեղ չունեն»,- ցավով նկատեց տիկին Ադամյանը:
Բնապահպանն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը նույնպես անտարբեր է այս խնդրի նկատմամբ: Փոխարենը Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին կերով ապահովելու խնդրով սկսել են մտահոգվել այլ երկրներում բնակվող հայ բնապահպանները: Օրինակ՝ Գյումրու կենդանաբանական այգու ահազանգին արձագանքել է Համահայկական բնապահպանական ճակատի Իսպանիայում բնակվող անդամներից մեկը: «Վրաստանում գտնվող մեր բնապահպան ընկերները նույնպես արձագանքել են. նրանք կփորձեն բանակցել Թիֆլիսի կենդանաբանական այգու տնօրինության հետ՝ կենդանիներին տեղափոխելու համար»,- հայտնեց բնապահպան Ադամյանը: Ի դեպ, նա Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին Երեւանի կենդանաբանական այգում պահելու խնդրանքով դիմել է նաեւ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, սակայն վերջինս հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ հնարավորություն եւ պայմաններ չունի լրացուցիչ կենդանիներ պահելու համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ