Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի թիվ 35 դպրոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Վասիլեօստրովսկի շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովայի և պատվիրակության մյուս անդամների հետ միասին այցելել է Սանկտ Պետերբուրգի թիվ 35 հիմնական դպրոց:

Դպրոցի տնօրեն Օկսանա Կուսոկի ուղեկցությամբ հյուրերը դիտել են դպրոցում բացված Հայրենական Մեծ պատերազմի տարիներին այդ դպրոցում ուսանած և բլոկադայի ժամանակ զոհված Տանյա Սավիչևայի անվան ցուցադրությունը, որը, հենվելով բլոկադայի փոքրիկ մասնակցի օրագրի գրառումների վրա, պատմում է Մեծ Հայրենականի տարիներին շրջափակված Լենինգրադի հերոսական պաշտպանության, ինչպես նաև բլոկադայի դաժան պայմանների ու զրկանքների մասին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում: Գնահատելով կատարված աշխատանքը՝ քաղաքապետը կարևորել է հատկապես դպրոցներում նման ցուցադրությունների կազմակերպումը` մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության համատեքստում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվիրակության անդամների հետ միասին ներկա է գտնվել նաև դպրոցի և Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցուն կից գործող հայորդաց տան սաների ուժերով այցի առթիվ կազմակերպված համերգին, որի ընթացքում հնչել են հայերեն և ռուսերեն կատարումներ: Հատկանշական է, որ ռուս երեխաները հայերեն արտասանել են Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն, իսկ հայ երեխաների կողմից ներկայացվել են նաև ռուսերեն կատարումներ:




Լրահոս