Գագիկ Ծառուկյանի «վերադարձը». ինչու իշխանությունները ներեցին ԲՀԿ նախկին առաջնորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս այս տարվա սկզբին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում անդրադարձել էր այն ժամանակվա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ով այդ ժամանակ ոչ իշխանական ուժերի հետ Ազատության հրապարակում իշխանափոխության կոչեր էր հնչեցնում: Մասնավորապես, նախագահը Ծառուկյանին չարիք էր անվանել և նշել, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Սակայն երբ տեսնում ես, թե ինչ է տեղի ունեցել այս ամիսների ընթացքում, պարզ է դառնում, որ երկիրը վաղուց վերածվել է կրկսեսի, իսկ Ծառուկյանն էլ չարիքից կրկին վերածվել է բարեգործի:

Ի թիվս այլ հայտարարությունների, Սերժ Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանձնարարել էր ստուգել Ծառուկյանին պատկանող բիզնեսները: Նախագահը  մասնավորապես նշել էր. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին»։

Այս հայտարարությունից անցել է շուրջ 7 ամիս և օրեր առաջ պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններից 6-ում ստուգումներն ավարտվել ու չնչին խախտումներ են հայտնաբերել: Օրեր առաջ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն այս առնչությամբ նշեց. «Գագիկ Ծառուկյանին պատկանող յոթ տնտեսությունում ստուգում ենք անում, վեցում ավարտել ենք, դրանցում առանձնակի մեծ խոշոր չափերի խախտումներ չենք հայտնաբերել։ Այդ ստուգումներին մասնակցել են պետական այլ մարմիններ, մեծ թվով փորձագետներ։ Բավականին լուրջ թիմ նաև Գագիկ Ծառուկյանի և մեր կողմից են մասնակցել, ընթացքում հաշվապահական հաշվառման, ինչպես նաև հարկային եկամուտների ճշգրտումներ են տեղի ունեցել հաշվանցումների միջոցով։ Մնացել է մեկ ձեռնարկություն՝ դա Արարատի ցեմենտի գործարանն է»։

Նախագահը նաև խոսել էր Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից բացակայելու մասին և խիստ քննադատել: Սակայն այսօր էլ ԲՀԿ նախկին առաջնորդին խորհրդարանում հնարավոր չէ տեսնել, բայց իշխանությունները Ծառուկյանին դա էլ են ներում:

Փետրվարի 12-ի դեպքերից հետո Սերժ Սարգսյանը մի քանի քայլ կատարելով ցույց տվեց, որ ներում է նրան:   Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ծառուկյանն ու Սարգսյանը միասին մասնակցեցին կինոդահլիճի բացման արարողության, իսկ վերջերս էլ հենց նախագահի կողմից պարգևատրվեց  Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի շքանշանով: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ իշխանությունները լիովին ներել են Գագիկ Ծառուկյանին` իր ընդդիմադիր պոռթկումների համար:




Լրահոս