«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ նամակագրական կապը գնալով ավելի է ջերմանում: Ր. Հովհաննիսյանը պատասխան նամակ է ուղարկել Ս. Սարգսյանին` նրան հրավիրելով Ազատության հրապարակ` քննարկելու նամակում հնչեցված առաջարկը, եւ ենթադրվում է, որ առաջիկա օրերին Ս. Սարգսյանը կրկին կպատասխանի Ր. Հովհաննիսյանի նամակին:
ՀԱՐՑ. Արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը կգնա գործարքի Սերժ Սարգսյանի հետ եւ պաշտոններ վերցնելով՝ կլռի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Իրավունք չունեմ Ձեր հարցին պատասխանել եւ քաղաքական գործիչների գործողությունների հետ կապված` իրավունք էլ չունեմ ենթադրություն կատարել, եւ կանխագուշակելն էլ ճիշտ չի լինի: Բոլոր դեպքերում համարում եմ, որ այս նամակային «կոնտակտները» կշարունակվեն, եւ կարծում եմ, որ այդ «կոնտակտները» որեւէ հնարավորություն կստեղծեն: Ես չեմ կարող ենթադրություններ անել, թե Րաֆֆի Հովհաննիսյանը կամ, ասենք, Սերժ Սարգսյանն ինչի հաշվին պետք է գնան գործարքի: Ես կարող եմ իմ ենթադրություններն անել, բայց դա կարող է ազդել այս գործընթացի վրա, եւ այս պայմաններում պետք է կոռեկտության սահմանները պահել ու տեսնել, թե այս ամենն ինչ ընթացք կունենա: Ես անգամ կոռեկտ չեմ համարում ասել` այս հարցում լավատես եմ, թե վատատես:
«Ազգային ժողովրդավարների դաշինք»
կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը կգնա գործարքի եւ ո՛չ էլ Սերժ Սարգսյանը կգնա զիջումների: Կռիվը մեկ աթոռի համար է ու վերջ: Այդ գործարքի խոսակցությունները խուլ ու համրի խոսակցություններ են: Մեկը խոսում է, մյուսը չի լսում, մեկ այլ դեպքում էլ մյուսն է խոսում, այն մյուսը չի լսում, իրենք տարբեր բաների մասին են խոսում: Եթե Սերժ Սարգսյանը գա հրապարակ, դա նշանակում է, որ նա ընդունել է իր պարտությունը: Իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գնա նախագահական նստավայր, ապա դա էլ նրա համար պարտություն է, եւ իրենցից ոչ ոք չի ուզում պարտված զգալ իրեն: Այս ամենի համար ժամանակ է պետք է, որ ամեն ինչ կարգավորվի: Սա այն հիվանդությունն է, որ բուժում չկա, եւ ժամանակն է ամեն ինչ բուժում: Իրենք են պատկերացնում, թե իբր ճգնաժամ կա: Ոչ մի ճգնաժամ էլ չկա, եւ այս պայմաններում դժվար թե որեւէ մեկը գնա իրավիճակի սրման` աչքի տակ ունենալով մարտի 1-ը: Ր. Հովհաննիսյանը չունի այն ուժը մարդկանց ոտքի հանելու համար, եւ ես կրկնում եմ` ժամանակ է պետք այս ամենի համար, ու ժամանակն ամեն ինչ կհարթի:
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ