ԳԱԶԸ ԿՈՐՑՐԵԼ Է ՈՒԺԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ի խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում ավտովարորդներից, որոնք պնդում են, որ մայրաքաղաքի գրեթե բոլոր գազալցակայաններում նույն ծավալի գազ լիցքավորելով` մեքենաներն ավելի քիչ են վարում, քան մոտ 10-15 օր առաջ:
37 տարեկան Արշակը մեզ պատմեց, որ երկար տարիներ տաքսի է վարում: Եվ եթե մոտ 20-25 օր առաջ նա մեկ լիցքավորումից հետո վարում էր 150 կմ, հիմա նույն չափով գազ լիցքավորելուց հետո վարում է ընդամենը 110-120 կմ: Նույնաբովանդակ դժգոհություններ հայտնեցին նաեւ սեփական ավտոմեքենա ունեցող բնակիչներն ու նույնիսկ պետական համակարգում աշխատող վարորդները: Պետական ծառայող Զավեն Երանոսյանը «Ժողովուրդ»-ին դժգոհեց. «Ես որ էս վերջին ժամանակներս շեֆիս ասում եմ՝ գազի լիցքավորման համար գումար է պետք, սկսել է կասկածել ինձ, որովհետեւ նախկինում ավելի ուշ-ուշ էի գումար ուզում: Բացատրում եմ` ա՛յ շեֆ ջան, գազի մեջ ուժ չկա, ես ի՞նչ անեմ, ավտոն չի քշվում»:
Ի՞նչն է պատճառը, որ գազի կալորիականությունն ընկել է: Պարզաբանում ստանալու ակնկալիքով «Ժողովուրդ»-ը դիմեց «Հայռուսգազարդ»-ին: Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ պատասխանեցին. «ՌԴ-ից ՀՀ ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542-87: Նշված ստանդարտի համաձայն՝ սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր բնական գազի ջերմատվությունը չի կարող լինել 7600 կիլոկալորիայից (Կկալ) ցածր: Հանրապետություն ներկրվող բնական գազի որակական հատկանիշները ստուգման են ենթարկվում Վրաստանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում եւ հայ-վրացական սահմանին գտնվող «Կողբ» գազաչափիչ կայանում: Մատակարարվող բնական գազի ջերմատվության արժեքը մեկ խորանարդ մետրում 8000 Կկալ-ից ցածր երբեք չի եղել: «Հայռուսգազարդ»-ն ունի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հավատարմագրված ստացիոնար եւ շարժական լաբորատորիաներ, որտեղ կանոնավոր կերպով կատարվում են բնական գազի որակական հատկանիշների ստուգումներ: Նման լաբորատորիաներ ունեն Հայաստանի խոշորագույն գազ սպառողները՝ Հրազդանի ջէկ-ը, Երեւանի ջէկ-ը եւ «Արարատցեմենտ» գործարանը: Այսինքն՝ բացի «Հայռուսգազարդ»-ի լաբորատորիայից, Հայաստանում կա եւս երեք անկախ լաբորատորիա: «Հայռուսգազարդ» ընկերությունն այդ սպառողների հետ ստորագրել է աշխատանքային կարգ, որով սահմանված է, թե ինչպես են իրականացվում գազի որակի համատեղ փորձարկումները եւ փոխստուգումները: Ընդ որում, այդ լաբորատորիաները համատեղ աշխատում են ամեն օր՝ վերահսկելով մատակարարվող գազի որակը»:
Նկատեցի՞ք,  «Հայռուսգազարդ»-ը հավաստիացնում է, որ մատակարարվող մեկ խորանարդ մետր բնական գազի ջերմատվությունը 400 Կկալ-ով նույնիսկ բարձր է: Ասել է թե՝ ընկերությունն օր ու գիշեր մտածում է հայ սպառողների մասին, սակայն մարդիկ չեն գնահատում: Հետաքրքիր է` այդ ի՞նչ սկզբունքով են գազաչափիչ կայաններն ու լաբորատորիաներն ամենօրյա ստուգումներ իրականացնում եւ ցուցանիշներ արձանագրում, երբ գազասպառողները միաձայն բողոքում են գազի ցածր կալորիականությունից. նույնիսկ գազի վրա սուրճ եփելն է երկար ժամանակ պահանջում:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ




Լրահոս