«ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ԱՆՏԵՐ ՉԻ ԹՈՂՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանն ու նրա մայրը՝ տիկին Նաիրան, ՀՀ պաշտպանության նախարարության միջոցներով անցյալ տարի մեկնեցին Իսրայել՝ բուժվելու նպատակով, որտեղ մնացին մեկ ամիս: Հիմա Գեւորգը տանն է: Որդուն խնամելու համար մայրը ստիպված աշխատանքից ազատվել է, եւ ընտանիքի հոգսն ամբողջովին ընկել է Գեւորգի հոր ուսերին:
«Ժողովուրդ»-ը հանդիպեց տիկին Նաիրայի հետ եւ զրուցեց Իսրայելում անցկացրած օրերի մասին: Մոր խոսքով՝ որդուն մեկ ամիս էլ էր անհրաժեշտ բուժվելու համար, սակայն ՊՆ-ն չի համաձայնել:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում 2011-ի դեկտեմբերի 28-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վնասվածք էր ստացել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Գեւորգ Էդիկի Եղիազարյանը: Զինծառայողի մոտ ախտորոշվել էր պարանոցային ողի եւ ողնուղեղի լրիվ ընդհատում, այսինքն` պարանոցային վեցերորդ ողից ներքեւ նրա ողնուղեղը չի «աշխատում»:
«Գեւորգը մինչեւ հիմա չգիտի, թե ինչու ենք վերադարձել. բուժումը կիսատ մնաց: Այնտեղի բժիշկները նամակով դիմեցին ՊՆ-ին, բայց այստեղ չհամաձայնեցին»,-տեղեկացրեց Գեւորգի մայրը: Ապա պատմեց, որ Իսրայելում Գեւորգին այցելած մարդիկ գոտեպնդել են նրան՝ ասելով. «Դու լավանալու ես: Դու ուժեղ ես»: «Գեւորգը նրանց երկրի համար ոչինչ չէր արել, բայց նրան հերոս էին կոչում, իսկ այստեղ՝ Հայաստանում, նույնիսկ հայոց բանակի օրը չշնորհավորեցին: Հեռուստատեսությամբ տեսա, թե ինչպես է երգչուհի Ալլա Լեւոնյանը գովերգում ու հպարտանում հայ մարտիկներով, զինվորներով, բայց նույն այդ զինվորը, որը հաշմանդամ է դարձել, հիմա անտեսված է: Գիտե՞ն, որ նման զինվորներ էլ կան: Եթե պաշտպանության նախարարը տեղյակ լինի մեր խնդիրներից, ապա անպայման կաջակցի մեզ: Ինձ թվում է, որ նա անտեղյակ է»,-ենթադրեց զինվորի վիրավորված մայրը:
Ապա տիկին Նաիրան հավելեց. «Այնտեղ Գեւորգի հետ հոգեբան էր աշխատում, նա ասում էր. «Դուք տասը ամիս սթրեսի մեջ եք եղել, ձեզ պետք է օգնենք»: Մի խոսքով` շատ ուշադիր էին մեր նկատմամբ»:
Մեր զրուցակիցը վրդովված նկատեց, որ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում մշտապես հայտարարում է այն մասին, թե հայոց բանակի շնորհիվ է, որ երկրի սահմանները խաղաղ են: «Բա նման երեխաների թափված արյո՞ւնը… Մոռացությա՞ն են տվել: Ախր մենք տղա էինք ուղարկել բանակ, որ գար, հորը թիկունք լիներ, օգներ… Շատ նպատակներ ու ծրագրեր ունեինք: Դրանք անկատար մնացին… Ի՞նչ անենք, թողնենք, որ ամբողջ կյանքն անցկացնի հաշմանդամի սայլակի վրա՞: Եթե կա բուժելու հնարավորություն, ապա ինչո՞ւ չանենք… Ես խոստանում եմ` ինքը քայլելու է, ինքը պետք է քայլի: Աստծո վրա եմ հույսս դրել, միայն Աստծո… Իսկ Աստված մեզ անտեր չի թողնի»,-ասաց Գեւորգի մայրն ու գլուխն առավ ձեռքերի մեջ:
Տիկին Նաիրան պատմեց, որ Գեւորգը կրակոցից հետո ընդամենը երեք րոպե է հիշում. «Բոլորը բարձրաձայն կանչում էին, թե Գեւորգին խփել են, հասե՛ք, փրկե՛ք… Դիրքի ավագն է եղել, պետք է Ամանորի նախօրյակին իջներ, որ Բակո Սահակյանը պարգեւատրեր: Դա այդպես էլ չկայացավ, հիմա անկողնում անշարժ պառկած է, ո՞վ է հիշում Գեւորգին պարգեւատրելու մասին»: Մոր պատմելով` Գեւորգի կյանքը փրկել է իր զինակից ընկերը`  ձեռքերով բռնելով պարանոցի եւ թիկունքի բաց եւ արնահոսող վերքերը: Գրկած հասցրել է զինվորական հոսպիտալ:
«Ինքն անընդհատ ուզում է այդ չարաբաստիկ օրվա մասին խոսել, պատմել: Երբ հիշում է, իրեն վատ է զգում: Երբ առաջին անգամ պատմեց, ասացի. «Գեւո՛րգ ջան, թաքնվեիր, էլի՛: Կրակոց լսեցիր, թաքնվեիր…»: Ինքն էլ թե. «Մա՛մ, բա ես թաքնվո՞ղ տղա եմ, ես թաքնվեմ, էն մյուսը թաքնվի, բա ո՞վ պահի մեր սահմանը»: Էսքան բանից հետո էլ դեռ մտածում է հայրենիքը պաշտպանելու մասին»,-հեկեկալով պատմեց մայրը:
Գեւորգն իր հաշմանդամության թոշակը ստանում է 2013-ի փետրվարից. «Չկարողացանք ժամանակին դիմել, իսկ դեպքը տեղի է ունեցել 2011-ին: Գոնե հասարակ մի ուշադրություն, վերաբերմունք ցույց տան, որ էրեխեն լավ զգա: Էս էրեխեն մի երկու սիրալիր, քաջալերող խոսքի կարիք է զգում»:  
Հ.Գ. Հիշեցնենք, որ անցյալ տարի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցավ մասնագիտական կոնսիլիում՝ Գեւորգին բուժման նպատակով արտերկիր ուղարկելու վերաբերյալ: «Հարգելի՛ ծնողներ, ես, ձեր աչքերի մեջ նայելով, ասեմ, որ ոչ, չի լինի: Շատերի մոտ թյուր կարծիք է ստեղծվում, թե ռեաբիլիտացիայով հիվանդը գնաց Գերմանիա, բուժվեց ու վազելով կգա եւ ֆուտբոլ կխաղա: Գեւորգը պետք է հոգեբանական ռեաբիլիտացիա անցնի, այսինքն՝ պետք է ընկալի, որ սա է իր ճակատագիրը»,-դիմելով ծնողներին՝ հայտարարել էր «Էրեբունի» բկ-ի գլխավոր նեյրովիրաբույժը: Սակայն օրեր անց տեղի էր ունեցել ուղիղ հակառակը: «Վազեցի դուրս՝ փնտրելու բժշկին: Ուրախությունից բարձրաձայն կանչեցի՝ Հա՛յկ Ռազմիկովիչ, եկե՛ք, հրաշք է տեղի ունեցել: Չեք պատկերացնի, թե այդ օրն ինչ ապրեցի: Տղաս ասաց` մա՛մ, նայի՛, ու շարժեց ձեռքը»,- պատմեց մայրն ու սկսեց արտասվել: Հիմա Գեւորգը շարժում է ձախ ձեռքը, գլուխը վարժ թեքում է աջ ու ձախ, նաեւ զգում է ոտքերը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս