ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՂԲ` ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի կենտրոնում` միջպետական ճանապարհի եզրին` Երեւանյան փողոցում, կենցաղային աղբ է  կուտակված: Աղբակույտը հենց մայթեզրին է՝ գեղեցկության «Անի» սրահի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյակի կողքին: Իջեւանը  զբոսաշրջային քաղաք է, իսկ դրա կենտրոնում թափված աղբը զբոսաշրջիկներին հաստատ չի հրապուրի:
ԶԵՆՔ`

ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒՑ
Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ, 1949թ. ծնված Գառնիկ Քառյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 1988-1990թթ., լինելով Նոյեմբերյանի շրջանի Պտղավանի սովխոզի տնօրեն, ձեռք է բերել գործարանային արտադրության 5.6 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող 400 հատ փամփուշտ, որոնք մինչեւ 2013թ. հունվարի 14-ը ապօրինի կերպով պահել է իր շենքին հարակից ավտոտնակում:
Հիշեցնենք, որ այդ թվականներին Ադրբեջանի հայաշատ վայրերից մեր հայրենակիցները բռնագաղթում էին Հայաստան կամ այլ երկրներ, իսկ Պտղավանի ադրբեջանցիները վերաբնակեցվում էին Ադրբեջանում: Եվ հենց այդ խառը օրերին Գ. Քառյանը սովխոզի գանձապահ, ադրբեջանցի Մահեդ Աղաքշիեւից ձեռք է բերել գյուղի բնակիչների կրակային պատրաստականությունը բարելավելու նպատակով Նոյեմբերյանի շրջանի ԴՕՍԱԱՖ-ի կողմից վերջինիս տրամադրված վերոնշյալ ռազմամթերքը եւ, ինչպես նշեցինք, պահել ավտոտնակում: Ավելացնենք, որ Գ. Քառյանը նախկինում դատված չէ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գ. Քառյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, փոխադրելը կամ կրելը): Սույն հոդվածը նախատեսում է կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Այս քրեական գործով դատական առաջին նիստը նշանակված է մարտի 29-ին:
Հավելենք, որ Պտղավանը սահմանակից է Վրաստանի Մառնեուլի շրջանին, որը հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով: Պտղավան գյուղի դեմ դիմաց` Դեբեդի ձախ ափին, Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս