«Ես չեմ սպանել. ինձ ասացին գնա, հանցագործ եղբորդ մորթի». եղբայրասպանն ինքասպանությունից առաջ մորը մանրամասներ է պատմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: Սավանով կախվելու միջոցով իր կյանքին վերջ է տվել օգոստոսի 18-ին Մալաթիայում քնած եղբորը կացնահարած 28-ամյա Կարապետ Կարապետյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

ArmLur.am-ի խմբագրություն է զանգահարել Կարապետյանի մայրը՝ Սեդա Սարուխանյանը և ուշագրավ մանրամասներ ներկայացրել կատարվածից: Որդեկորույս մայրը վստահ է՝ որդու նկատմամբ հոգեբուժարանում անտարբեր և անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորվել բուժաշխատողների կողմից, արդյունքում նման պատկեր է ստեղծվել. «Գլխավոր քույրը, մյուս քույրերն ու հսկիչը պիտի պատժվեն, պատասխան տան որդուս գլխին բերածի համար: Խեղճ էրեխես ասում էր՝ ինձ մի՛ սրսկեք, ինձ ծխախոտ տվեք, ես կհանգստանամ, ես ոչ մի բան չեմ արել, մամայիս կանչեք մոտս: Ես գնացել-տեսել եմ, թե ոնց են էդ քույրերը խոսում տղուս մասին. մեկն ասում ա՝ փողոցից ենք բերել, բոմժ ա, ու դրանից հետո էրեխուս կողմ չեն նայել: Ինձ ասում են՝ եղբորը սպանել է, քեզ էլ կսպանի: Բայց իրանք ի՞նչ իրավունքով են տղայիս մարդասպան անվանել: Նրանց ո՞վ է նման բան թույլ տվել: Նրանք իրենց վերաբերմունքով խեղճ տղուց խելագարության են հասցրել: Երկորդ տղուս էլ ինձնից տարան»:

Հուզված և վրդովված մայրը ArmLur.am-ին պատմեց, որ Կարապետի հետ խոսել է մյուս որդու սպանության մասին. «Ասում եմ՝ Կարո ջան, դու ախր ո՞նց կարողացար էդպիսի բան անել: Քո հսկա եղբորը դու ո՞նց սպանեցիր: Ինձ ասում ա՝ մա՛մ, ես չեմ սպանել, ես սիրել եմ իմ գիժ, չարաճճի եղբորը: Ինձ ասեցին՝ գնա՛, հանցագործ եղբորդ սպանի: Իմ տղաները լավն էին, բանակը կործանեց տղուս կյանքը: Գնաց Ղարաբաղ, ծեծեցին, հոգեկանը խանգարվեց: Ես իմ էրեխուն բուժման եմ տարել, ինքը երբեք որևէ մեկին, անցնող-դառնողի չի կպել, չի նեղացրել, ինքը ամբողջ թաղամասի ամենախելոք ու հավասարակշռված տղեն էր: Ո՞նց ա էդ բժիշկների լեզուն պտտել՝ էրեխուս գիժ են ասել, նեղացրել են, մարդասպան են անվանել, տղուս մեղքի տակ են գցել… ո՞նց ախր: Իմ ընտանիքը քանդեցին իրանց հայտարարություններով: Ես ամեն ինչ կանեմ, ամեն տեղ կդիմեմ, էդ բուժքույր կոչվածները պիտի պատասխան տան ինձ: Իմ ցավը մեծ ա, ոչ մեկ չի հասկանա»,- շարունակեց Սեդա Սարուխանյանը:

Վերջինս պատմեց նաև, որ հիվանդանոցում գտնվելու ժամանակ, երբ նկատել է, որ բուժքույրերը որդուն ստորացնում են, ինքը հարվածել է նրանցից մեկին, ինչի պատճառով իրեն այլևս չեն թույլատրել մոտենալ որդուն. «Սրանից հետո տղաս իրեն շատ վատ էր զգում: Ես գիտեք ինչքան եմ խնդրել, որ էրեխուս էդ թույնը չսրսկեն: Ինձ չլսեցին, էրեխուս աղաչանքներն էլ չլսեցին: Տղաս միշտ կարողանում էր ինքն իրեն կառավարել, առանց դեղերի»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 18-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում ողբերգական դեպք էր տեղի ունեցել՝ եղբայրասպանություն: 27-ամյա Կարապետ Կարապետյանը կացնահարել էր քնած եղբորը՝ 25-ամյա Վլադիմիրին: Որդու արնաշաղախ դին իր տան հյուրասենյակում հայտնաբերել էր ալեհեր մայրը և սարսափահար եղած շտապ ոստիկանություն զանգահարել:




Լրահոս