Երևանյան քոլեջներից մեկի ուսանողներն ահազանգում են. բացակաների համար գումար են ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը  Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի ուսանողներից ահազանգ է ստացել այն մասին, որ տնօրինությունը քոլեջում 600-ական դրամներ է  հավաքում` առանց հստակ հիմնավորում ներկայացնելու: Բացի այդ, ըստ ուսանողների՝ յուրաքանչյուր բացակայության դիմաց իրենք ստիպված են գումար վճարել: Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նշված քոլեջի փոխտնօրեն Նաիրա Ներսիսյանի հետ՝ պարզելու վերը բերված լուրերի իսկությունը:

«Հանրապետությունում գոյություն ունի քույրական ասոցացիա: Յուրաքանչյուր ուսանող,  որ տալիս է 600 դրամ, պայմանագիր է կնքում եւ դառնում քույրական ասոցացիայի անդամ, եւ հետո այդ գումարով սոցիալապես անապահով ընտանիքի ուսանողների ուսման վարձի մի մասն ենք զեղչում»,- ասաց Ներսիսյանը:

Իսկ ինչ վերաբերում է բացակայության դիմաց գումար գանձելուն, ըստ փոխտնօրենի, այդ կարգը վերաբերում է միայն անհարգելի բացակայություններին: «Եթե ուսանողը հարգելի է բացակայում, ապա բացակայությունը լրացնում է անվճար կարգով: Եթե անհարգելի բացակայություն է, ծնողը չի զգուշացրել, բժշկի տեղեկանք չունի, յուրաքանչյուր բացակայի համար 400 դրամ վճարում է»,- պարզաբանեց փոխտնօրենը: Թե այդ 400 դրամ պատժաչափը որտեղ է ծախսվում կամ ում գրպանն է մտնում, այդպես էլ անհայտ մնաց:




Լրահոս