«Վերևից» հրահանգ է ստացվել` Ռուբեն Հայրապետյանին առնչվող բոլոր գործերը փակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան շուրջ առաջացած աղմկոտ իրադարձությունները չեն դադարում, սակայն, ինչպես ավանդաբար, ամեն ինչ կավարտվի հօգուտ ՀՖՖ նախագահի:

Այն, որ 2015 թվականը Ռուբեն Հայրապետյանի համար այնքան էլ «հաջող» չէր, կարծես թե, անհերքելի է: Նախ` այս տարվա օգոստոսի 15-ին «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը` Իզաբելլա Մելքումյանն էր լրատվամիջոցներին հայտնել, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներն առեւանգել են իր ամուսնուն՝ Արսեն Ավետիսյանին, երկու ժամ պահել են եւ ծեծի ենթարկել՝ ստիպելով «Տարոն-Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին օդանավի վարձակալության դիմաց ունեցած պարտքը վճարել Ռուբեն Հայրապետյանին:

Գործին խառնվեցին իրավապահները: Հարցաքննվել էին ե՛ւ Արսեն Ավետիսյանը, ե՛ւ Ռուբեն Հայրապետյանը: Հայրապետյանը պատմել էր, որ Ավետիսյանի հետ հանդիպել է, գումարի շուրջ խոսել են, զրույցը չի ստացվել, այն վերածվել է անձնական բնույթի վիճաբանության, ինչի ժամանակ ինքը մեկ անգամ բռունցքով հարվածել է Ավետիսյանի դեմքին, վերջինս վայր է ընկել գետնին, որից հետո մի քանի անգամ էլ ոտքերով է հարվածել նրա մարմնի տարբեր մասերին:

Ու մինչ բոլորը շունչները պահած սպասում էին, թե «էյր Արմենիայի» սեփականտեր Արսեն Ավետիսյանը այսպիսի աղմուկ բարձրացնելուց հետո մինչեւ վերջ կպայքարի ՀՖՖ նախագահին պատասխանատվության ենթարկելու հարցում, սակայն միանգամայն այլ իրավիճակ ստեղծվեց: Մեծ աղմուկ բարձրացրած Ավետիսյանները չբողոքեցին, եւ քրեական գործ չհարուցվեց: Չի բացառվում, իհարկե, որ Ավետիսյանին իշխանական օղակները խոստացել էին չբողոքելու դեպքում նրա պարտքերը եւ ընկերության շուրջ առաջացած խնդիրները լուծել, ինչը նրա համար շահավետ տարբերակ էր:

Մեկ ամիս անց հերթական ծեծը

ՀՖՖ նախագահի եւ «էյր Արմենիայի» սեփականատիրոջ ծեծը դեռ «չմարսած», հերթական աղմուկը բարձրացավ: Սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ծեծի ենթարկվեց «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանը, որն էլ իր հերթին հայտարարեց, թե Հայրապետյանի սանիկն է իրեն ծեծի ենթարկել` հենց նրա հրահանգով: Ըստ Սմբատ Հակոբյանի հայտարարությունների՝ Ռուբեն Հայրապետյանը հրահանգել է ծեծել իր քաղաքական գործունեության համար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր. 112 հոդվածի 1-ին մասի` մարմնական ծանր վնասվածք հասցնել հատկանիշներով:
Այս գործով քննությունը դեռեւս շարունակվում է, բայց, ինչպես ցույց են տալիս ընթացող իրադարձությունները, այս դեպքով հարուցված քրեական գործն էլ երկար կյանքը չունի:

«Սուդիան գնված է, խաղը՝ ծախված»

Մինչ իրավապահները Սմբատ Հակոբյանի եւ Ռուբեն Հայրապետյանի փոխհարաբերությունների իրավական մասն են քննում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան շուրջ հերթական աղմկոտ պատմությունն է հասունանում: Ինչպես հայտնի է՝ Ալբանիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղից հետո, որում մեր հավաքականը խայտառակ պարտություն կրեց, լրատվամիջոցներում սկսեցին տեղեկություններ տարածվել այն մասին, թե խաղը ծախված է եղել: Աղբյուրը հիմնականում սերբական եւ ալբանական լրատվամիջոցներն էին:

Մասնավորապես սերբական telegraf.rs-ը եւ ալբանական opozita.com-ը միմյանց հղում տալով՝ նշել էին, որ Ալբանիայի հավաքականը Հայաստանի հավաքականի չորս խաղացողների ընդհանուրը 2 մլն եվրո է վճարել՝ հաղթանակը գնելու համար: Եվ, ահա, տեղական եւ օտարերկրյա լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների իսկությունը ստուգելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարել է խնդիրն ուսումնասիրել:

Ու մինչ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում, ՀՖՖ-ում էլ են գործի անցել: Նոյեմբերի 4-ին ՀՖՖ-ի կոմիտեի նիստում որոշում է կայացվել ՀՖՖ Կարգապահական կանոնակարգում փոփոխություներ կատարել: Ավելին՝ քննարկվել է ապօրինի խաղադրույքների եւ պայմանավորված խաղերի հետ կապված առկա խնդիրների, հնարավոր սպասվելիք վտանգների եւ դրանց դեմ ձեռնարկվելիք միջոցների մասին հարցեր: Եւ, ահա, երեկ «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ոստիկանության ստուգումներից:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հարցեր է ուղարկել Սերբիայի եւ ալբանիայի իրավապահներին, որպեսզի նրանք սերբական telegraf.rs-ը եւ ալբանական opozita.com-ից պարզեն՝ որտեղից են նրանք ստացել տեղեկություններ` խաղը գնած լինելու մասին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ արտերկրյա իրավապահները դեռեւս չեն պատասխանել: Ամենայն հավանականությամբ գոհացուցիչ պատասխան այդպես էլ չի ստացվի, քանի որ իրեն հարգող որեւէ լրատվամիջոց որեւէ իրավապահի չի հայտնի տեղեկության իր աղբյուրը: Ու քանի որ այս իրողությունը գիտակցում են նաեւ իրավապահ մարմիններում, ուստի ակնհայտ է, որ իրավիճակը փակուղի է մտել:

Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ին իր աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի նստավայրից արդեն հնչել է ամենակարեւոր զանգը. Ռուբեն Հայրապետյանին առնչվող բոլոր գործերը փակել: Ուստի առաջիկայում ֆուտբոլային խաղի վաճառված լինելու մասին տեղեկության ստուգումների, այնուհետեւ նաեւ «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանի ծեծի գործերը կփակվեն: Իսկ թե ինչ հիմնավորումներով, ժամանակը ցույց կտա:

Քնար Մանուկյան




Լրահոս