Արտակ Ներսիսյանը նուռ և թթու լավաշ է նվիրել Քենի Ուեյնին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիթառահար, շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, նույն ինքը` Mr. Harmonica-ն, ով բազմիցս մենահամերգներ է ունեցել Հայաստանում եւ արտերկրում, մասնակցել է միջազգային փառատոնների, համագործակցել է Ֆորշի, Ռուբեն Հախվերդյանի, Գոռ Մխիթարյանի, Միքայել Պողոսյանի եւ այլ երգիչների ու երաժիշտների հետ, վերջին մեկ ամսում հասցրել է համերգներով հանդես գալ Մոսկվայում, Նյու Յորքում, Բեյրութում եւ այլ քաղաքներում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է Քենի Ուեյնի հետ մեկ բեմում հանդես գալու, նրա հետ հանդիպումից ունեցած տպավորությունների մասին:

1

-Արտա՛կ, վերջերս բուգի-վուգի բլյուզ ժանրում կենդանի լեգենդ համարվող երաժիշտ Քենի Ուեյնը Երեւանում համերգ ունեցավ, որին մասնակցում էիք նաեւ Դուք. ինչպե՞ս այն անցավ, ինչպիսի՞ն էր Հայաստանի եւ այստեղի մշակութային կյանքի վերաբերյալ Ուեյնի տպավորությունը:

-Մինչեւ Հայաստան գալը նա լավ ծանոթ չէր մեր երկրին, երկու-երեք օրվա ընթացքում սկսեց ամբողջական պատկերացում կազմել թե՛ մեր հյուրընկալության, հյուրասեր երկրի, թե՛ մեր գեղեցիկ մայրաքաղաքի մասին: Նա տեսավ լավ համերգ, լավ հանդիսատես: Ի դեպ, ես մեր այգուց նրան նուռ ու թթու լավաշ տվեցի, որ համտեսի: Ուեյնի համար անգամ տարօրինակ էր նուռը. նա չգիտեր, թե դա ինչ բան է, եւ շատ տպավորված էր:

-Իսկ մեր երաժիշտների, նրանց պրոֆեսիոնալիզմի մասին Ուեյնը ի՞նչ կարծիք կազմեց:

-Դրսում այդքան էլ տեղյակ չեն մեր երաժիշտների մասին. գիտեն միայն կարկառուն դեմքերին: Երբ արտերկրից հայտնի մարդիկ գալիս են Հայաստան, մենք փորձում ենք ոչ թե նրանց զարմացնել, այլ նվագում ենք սովորականի նման, իսկ նրանք դրանից շատ են տպավորվում` մտածելով, թե Հայաստանում ինչպես կարող են այդպես նվագել:

-Հաճախ արվեստագետն ինքը դառնում է «ուղեցույց» դրսի մարդկանց Հայաստանին ծանոթացնելու համար…

-Դրսում մարդիկ հաճախ չգիտեն, թե մենք ինչ լուրջ մշակույթ ունենք, չգիտեն, որ Երեւանը Հռոմից ավելի հին մայրաքաղաք է, որ մենք Կոմիտաս ունենք, չգիտեն բիբլիական Արարատի մասին: Ուեյնը, օրինակ, չէր կտրվում Արարատից, անընդհատ լուսանկարներ եւ տեսանյութեր էր անում…Հետո արտերկրից եկած հայտնի հյուրերը երբեմն իրենց սոցցանցի պաշտոնական էջում այնպիսի հիացական գրառումներ են թողնում, որ շատ մարդիկ ցանկություն են ունենում հայտնվելու մեզ մոտ:

-Շրթհարմոնի նկատմամբ հանրության հետաքրքրությունը վերջին տարիների ընթացքում որքանո՞վ է աճել: Գիտենք, որ շատերն են Ձեզ դիմում, որպեսզի իրենց սովորեցնեք նվագել:

-Գործիքի նկատմամբ հետաքրքրությունն այսօր, իսկապես, շատ մեծ է, ես ինքս դա զգում եմ, օրական 2-3 հոգի դիմում է ինձ` ցանկություն հայտնելով սովորել նվագել: Հետաքրքիր է, որ երաժշտական բոլոր խանութներից այսօր կարող ես գնել շրթհարմոն, անգամ չեն հասցնում ներմուծել, այնինչ ես ժամանակին իմ առաջին գործիքը ձեռք բերելու համար մեկ տարուց ավել սպասել եմ: Թող անհամեստություն չթվա, բայց ես շատ լուրջ կերպով զբաղվել եմ գործիքը պոպուլյար դարձնելու հարցով:

Այսօր շրթհարմոնով հետաքրքրված են թե՛ տղաները, թե՛ աղջիկները: Ես երկու աղջիկ աշակերտ ունեմ, որոնք արդեն բավական լուրջ արդյունք են ցույց տալիս, կարող են միջազգային հարթակներում ներկայանալ: Իսկ ինչ վերաբերում է սիրողական մակարդակին, ապա մի հետաքրքիր բան ասեմ. մի օր մի տաքսու վարորդի մոտ` մեքենայում, պատահաբար հայտնաբերեցի շրթհարմոն, նա ամաչելով ասաց, որ մեկ-մեկ նվագում է, ես էլ փորձեցի նրան օգտակար լինել, ընկերացանք… Մեկն էլ կա, շնչառական խնդիրներ ունի եւ նվագում է շրթհարմոն. այս գործիքը շնչառական վարժություններ անելու համար անփոխարինելի է. նրա հետ մենք պարապում ենք հատուկ մեթոդով:

2

-Արտա՛կ, սեպտեմբերին Երեւանում անցկացվեց Ջազի փառատոն` Yerevan Jazz Fest-2015-ը: Որոշ երաժիշտներ կարծիք են հայտնում, որ ջազ-փառատոնները մեր իրականության մեջ շատ բան չեն փոխում. հետաքրքիր է հարցի շուրջ Ձեր տեսակետը:

-Ջազի, բլյուզի փառատոններ, միանշանակ, պետք են. դրանք որքան շատ լինեն, այնքան լավ: Երբ արտերկրից հրավիրվում են երաժիշտներ, նրանք ծանոթանում են մեր երաժիշտների հետ, ելույթ են ունենում նույն հարթակից: Այդ փառատոններին հնարավորություն է լինում ներկայացնել ջազի քո տեսակը. չէ՞ որ հայկական ջազն էլ իր տեսակով տարբերվում է…

Աննա Բաբաջանյան




Լրահոս