ԵՍ ՆԵՂԱՑԵԼ ԵՄ ՈՒ ՀԵՌԱՑԵԼ. ԴԻՆԱ ԱԿՈՊՈՎՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լուրեր էին պտտվում, թե “Երեւան” հեռուստաընկերության մի քանի հաղորդումների պրոդյուսեր, նաեւ հաղորդավար ԴԻՆԱ ԱԿՈՊՈՎՆԱՅԻՆ հեռացրել են հեռուստաընկերությունից: Սակայն “Ժողովուրդ”-ի հետ զրույցի ընթացքում Դինան պնդեց հակառակը` նշելով, որ իր կամքով է հեռացել:  
-“Օրը ցերեկով” եւ “Մեր հիթեր” ծրագրերն իմ հեղինակայինն են, ու եթե ես հեռուստաընկերությունում չեմ, դրանք չեն կարող լինել: Ժամանակն էր արդեն հեռուստաընկերությունից դուրս գալու, ինձ առիթ էր պետք: Ես տնօրինությանը շատ հարգում եմ. իրենք ինձ շատ են աջակցել տարբեր հարցերով, կերակրող ձեռքի մեջ չեմ թքել, չեմ էլ թքի: Բայց եկավ նոր պրոդյուսեր` Սուրեն Թադեւոսյանը, ով էլ առաջարկեց ծրագիրը փակել իբր թե ցածր ռեյտինգի պատճառով: Բայց իմ ծրագիրն այնքան բարձր ռեյտինգ ունի, որ ամբողջ եթերը կոմերցիոն էր: 
-Մեր աղբյուրների համաձայն՝ Ձեր եւ Սուրենի միջեւ անձնական կոնֆլիկտ է առաջացել:
-Նման բան չկա. ինքն ինձ հետ ընդհանրապես անձնական կապ չի կարող ունենալ, ես էլ` նրա հետ: Սուրեն Թադեւոսյանի նման շատ պրոդյուսերներ եկել ու գնացել են, Դինա Ակոպովնան ունեցել է իր դիրքերը: Այսօր իմ ուզածը չբավարարելու համար հեռացել եմ հեռուստաընկերությունից:  
-Եթե չեմ սխալվում, Սուրեն Թադեւոսյանը նաեւ հյուր է եղել Ձեր եթերում:
-Սուրեն Թադեւոսյանը իմ լավ ընկերն է եղել, բայց հիմա նրան ընկեր համարել չեմ կարող: Դե դա արդեն ներքին խոհանոց է, շատ չեմ մանրամասնի: Ես նրան աջակցել եմ տարբեր հարցերում` թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Իսպանիայում: Իմ ծրագրին առաջարկեց փոփոխություն` ինձ համար մի նոր թեմա: Ես համաձայն էի փոփոխության այն ժամանակ, երբ նոր ծրագիր պատրաստվեր, հետո ,Օրը ցերեկովե-ը փակվեր: Նրանք նոր ,պավիլիոններե են սարքում, նոր դեմքեր են ուզում, ես էլ, անկեղծ ասած, վիրավորվել եմ, նեղացել, որովհետեւ ուղիղ եթերում աշխատող մարդու համար ավելի լուրջ ծրագիր է պետք: Իմ ծրագիրը, իմ կարծիքով, բավականին լուրջ էր: Ես նեղացել եմ ու հեռացել հեռուստաընկերությունից: Նոր բան կարող եմ ստեղծել այլ TV-ում, առաջարկներ արդեն ունեմ, ուղղակի հիմա ինձ հոգեկան հանգիստ է պետք: Ես հո միայն հեռուստաընկերությա՞ն մարդ չեմ. համերգավար եմ, նաեւ դուքենդոյի ֆեդերացիայի մամլո քարտուղարն եմ: Օրեր հետո կմեկնեմ Ամերիկա, այնտեղ վարելու եմ ,Սասնա էրգիրե համերգը: Կվերադառնամ ու կունենամ պետական աշխատանք, որն իմ մասնագիտության հետ էլ անմիջական կապ ունի, կրկին հաղորդավարի դերում եմ հանդես գալու: Հետո արդեն կհասկանամ` լինեմ հեռուստատեսությունում ամեն օր ուղիղ եթերո՞ւմ, թե՞ շաբաթը մեկ ունենամ իմ հեղինակային հաղորդումը: 
Դուք նաեւ երեկույթներ եք վարում, այդ աշխատանքը շարունակվո՞ւմ է:
-Բնականաբար, դրանք եղել են, կան ու, համոզված եմ, դեռ կլինեն: Եթե ես վարում եմ հարսանիք, անպայման դուետով է լինում: Ես թամադա երբեք չեմ եղել ու չեմ էլ լինի: Կարծում եմ` ճիշտ չէ, երբ կինը թամադա է. հայ կինը չի կարող օջախ կառավարել, տղամարդը պետք է կառավարի: 
Ես հանդիսավարուհի եմ, ով հարսանիքը դարձնում է համերգ: Կան նաեւ մարդիկ, ում համար դու չես գնա գումարով երեկույթ վարելու. նրանք իմ ընկերներն են, նրանցից գումար չեմ կարող վերցնել: 
-Ունե՞ք հստակ սահմանված հոնորարի չափ:
-Ես ալերգիա ունեմ, երբ ասում են` Ձեր գինը կասե՞ք… ես գին չունեմ, ես անգին եմ: Իսկ հոնորարի չափը որոշելու համար հարցնում եմ` քանի՞ ժամ պետք է վարեմ, ո՞ւմ առիթն է, ի՞նչ միջոցառում է… Ուզում եմ նաեւ նշել, որ երբեք քաղաքական համերգ չեմ վարել, քաղաքական գործչի կողքին չեմ կանգնել, իմ ամենամեծ զբաղմունքն իմ ընտանիքն է, իմ աղջիկը, որը սովորում է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Ուզում եմ նաեւ մի քիչ էլ մտածել անձնական կյանք ունենալու մասին:
-Այդ հարցն ինքս էի պատրաստվում տալ: Երիտասարդ կին եք, անձնականի մասին ի՞նչ եք մտածում: 
-Բոլորի մոտ միշտ էլ նման հարց է ծագել. կա՛մ Դինան ունի այնպիսի մեկը, ում չի կարողանում ցույց տալ, կա՛մ որպես կին արդեն մեռել է: Եթե կինը 24 ժամ աշխատում է (ես երեկոյան երկու ակումբներում եմ աշխատում), ոչ մի տղամարդ չի ընդունի նրա ռեժիմը: Հիմա գրաֆիկս մի քիչ թեթեւացել է, ու արդեն որոշել եմ, որ անձնական էլ պետք է ունենամ, որովհետեւ քիչ երկրպագուներ չունեմ: Երկընտրանքի առաջ եմ. ով ինձ կընդունի էնպես, ոնց որ կամ: Ես մի քիչ վախենում են խորթություն ասվածից նաեւ, բայց այն տղամարդը, որը կարող է ինձ տալ գոնե մի փոքր սեր ու արթնացնել իմ մեջ այդ ամենը, ես պատրաստ եմ ամեն ինչի, բայց ոչ կարիերայից զրկվելուն:
-Հնարավո՞ր է ե՛ւ կարիերա, ե՛ւ ընտանիք:
-Իհարկե, ես նոր կարիերա չեմ ստեղծում. ստեղծել եմ արդեն, հիմա վաստակում եմ: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 508 համար




Լրահոս