Արտոն նման բան չէր ասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս “Արմենիա” հեռուստաընկերությամբ ավարտվեց «Հայաստանի ձայնը» նախագիծը, որի հաղթողը դարձավ Սոնայի թիմից Մերի Մնջոյանը: Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլում պայքարում էին՝ Թաթայի թիմից Իսկուհի Հովհաննիսյանը, Արտո Թունջբոյաջյանի թիմից Գայա Արզումանյանը, Սոֆի Մխեյանի թիմից Նարեկ Մակարյանը, Սոնայի թիմից Մերի Մնջոյանը: Մրցանակները շատ էին՝ Եվրոպայի ուղեգիր՝ երկու անձի համար, արտերկրում երգ ձայնագրելու հնարավորություն, բջջային հեռախոս եւ ֆոտոխցիկ:
Մերիի հաղթանակը նախագծում ոչ բոլորի գոհունակությունն է առաջացրել: Մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցներ նշել են, որ ժյուրիի կազմից Արտո Թունջբոյաջյանը բացասական է արձագանքել Մերիի հաղթանակին՝ ասելով, որ վաղ թե ուշ նա ռեստորանում է երգելու:
Մերի Մնջոյանն էլ esyes .am-ին տված հարցազրուցում նշել է, որ անակնկալի է եկել Արտոյի նման արձագանքից. “Աստված վերեւում է, եւ դեռ կտեսնենք` ով ռեստորանում կերգի, ով` մեծ բեմերում”: Ավելի ուշ, սակայն, Արտո Թունջբոյաջյանն ասել է,որ Մերիի հաղթանակից հետո իրենից ոչ ոք հարցազրույց չի վերցրել: “Ո՞վ է ասել, թե ինձ չի ուրախացրել Մերիի հաղթանակը: Ես նման բան չեմ ասել: Մենք մեր մտքերն ենք ասում, որոնք սխալ ուղղորդելով՝ ուրիշ տեղ են տանում: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է գրել այն, ինչ ուզում է, բայց դա դեռ չի նշանակում, որ ես նման բան ասել եմ: Ես Մերիի հասցեին որեւէ բան չեմ ասել. ես չեմ ասել՝ Մերին գնալու է, ռեստորանում երգի: Էդ էրեխու համար էլ էր անակնկալ՝ իբր ես նման բան եմ ասել: Ես ամեն անգամ սրտացավ եմ եղել Մերիի հանդեպ ու հարցրել` նոր բան փորձե՞լ ես. իմ խորհուրդները տվել եմ եթերում, բայց դա մոնտաժ են արել: Ես ասել եմ` եթե ես քոփի անեի Ռուբեն Մաթեւոսյանին, ես այսօր Արտո Թունջբոյաջյանը չէի լինի: Ռուբեն Մաթեւոսյանն էլի կերգեր Օպերայում` որպես հանրաճանաչ երգիչ, ես ինչ-որ ռեստորանում Ռուբեն Մաթեւոսյանի քոփին երգող Արտոն կլինեի: Մի անգամ ժյուրիի անդամներն ինձ ասացին, թե երգս մոնոտոն է, ես էլ ասում եմ` ես այդ նորության համար եմ “Գրեմմի” ստացել: Միշտ բոլորին ասել եմ` քոփի մի՛ արեք, քոփի անողների ճակատագիրը միշտ լինում է այն, որ ինչ-որ ռեստորանում են երգում, ձե՛րը ներկայացրեք: Ես ասում եմ, որ չեմ ուզում, որ այդպիսի տաղանդը ռեստորանում երգի, ուզում եմ՝ կարողանա դրսի շուկա դուրս գալ: Քրիստինա Ագիլերայի երգը նույն ձեւով երգողին դրսում ասելու են` սա արդեն լսել ենք: Ես չեմ ասել, որ Մերի Մնջոյանը ռեստորանում է երգելու, ընդհակառակը, ասել եմ, որ չեմ ուզում, որ էդպիսի տաղանդը ռեստորանը տանի”,-esyes .am-ի հետ զրույցում նշել է Արտոն:
 




Լրահոս