
Մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը ցուցմունք է տվել և խոստովանել իր մեղքը, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել նրա գործով զբաղվող փաստաբանական ընկերությունը:
“Հարգելի ընկերներ, երեկվանից “Սիրունյան” իրավաբանական գրասենյակ են դիմում բազմաթիվ լրագրողներ` խնդրելով մեկնաբանել Վարդան Սեդրակյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքն ընդունելու փաստը: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Վարդան Սեդրակյանը իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ եւ այն չի ընդունել”,- գրված է հայտարարության մեջ:
Իսկ երեկ Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու որոշման դեմ նրա փաստաբանը ներկայացրել է վճռաբեկ բողոք։
Հիշեցնենք, որ Սեդրակյանը կալանավորվել է ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը պատվիրելու մեղադրանքով: