
Սույն թվականի նոյեմբերի 7-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական հավաքը:
Հանդիպման գլխավոր թեման 2015թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների խորապատկերում առաջադրված փոփոխությունները հղի են լրջագույն վտանգներով: Պարոն Կարապետյանը առանձնացրեց երեք գլխավոր հիմնախնդիր, որոնք անթույլատրելի են դարձնում այդ փաստաթղթի ընդունումը.
– Նախագծում համաչափ լուծում չի տրվում կառավարման համակարգի օպտիմալացման գերխնդրին, ինչն էլ ավելի կխորացնի երկրում տիրող ամենաթողության և անպատժելիության մթնոլորտը;
– Նախագծով չի հաջողվել լուծում տալ Ազգային անվտանգության և բանակի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներին;
– Նախագիծը չի ապահովում աշխարհում ընդունված պառլամենտական կառավարման համակարգին բնորոշ կայուն մեծամասնության ստեղծման սկզբունքների ներդրումը և վտանգի տակ է դնում Հայաստանի բազմակուսակցական համակարգը:
Ակտիվի մասնակիցները վերահաստատեցին, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն: Հիմնավորելով ՆԺԿ դիրքորոշումն այն մասին, որ տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխությունների անցկացումը ժամանակավրեպ է, ժողովը ընդունեց որոշում բոյկոտել դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն և առաջադրեց ՆԺԿ վարչությանը հանդես գալ համապատասխան հայտարարությամբ: