Գործարար Սիլվա Գալստյանի սպանության գործով այսօրվա դատական նիստին մեղադրողը միջնորդեց ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանին դատապարտել 23 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրողի՝ ամբողջովին ապացուցվել է Մոմջյանի մեղավորությունն իր տատիկ Սիլվա Գալստյանի` շուրջ 3 միլիոն դրամ արժողության ոկսեղենը գողանալու և նրան դաժանաբար սպանելու մեջ: Մեղադրողի գնահատմամբ՝ ամբաստնյալի՝ դատարանում տրված ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը, նա դրանով ցանկանում է ավելի մեղմ պատժի արժանանալ:
Նշենք, որ Ալբերտ Մոմջյանը հայտարարել էր, թե սպանությունը դիտավորյալ չի կատարվել, ինքը հարվածել է տատին, վերջինս էլ գետնին է ընկել, գլուխը խփել է հատակին ու մահացել: Սակայն գործում առկա փորձագիտական եզրակացություններն ու ապացույցները հերքում են այդ վարկածը: Փորձաքննություններից ստացված արդյունքներով՝ տուժողին խեղդամահ են արել: Ավելին, մեղադրողի խոսքով` Ալբերտը ոչ միայն սպանել է տատին, այլև «նրա դին այրել ու դարձրել է վայրի կենդանիների կերակուր»:
Մեղադրող դատախազը նշեց, որ ամբաստանյալի այն խոսքերը, թե տատն է իրեն տվել ոսկեղենը, որպեսզի ինքը կարողանա մարել պարտքերը չեն կարող հավաստի լինել, քանի որ սպանված կինը ֆինանսապես ապահովված էր և կարող էր պարտքերը մարելու հարցում միանգամից գումարով օգնել, ոչ թե ոսկեղենով: Մեղադրողը ներկայացրեց սպանության՝ նախաքննությամբ ապացուցված համարվող դրվագները: Այսպես, 24-ամյա Ալբերտ Մոմջյանը, ժամանակավորապես բնակվելով իր տատ Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, շարունակաբար հափշտակել է վերջինիս պատկանող 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր:
Այնուհետև, իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատին ու սպանել նրան: Ապա՝ գիշերը սպանվածի դին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել: Սեպտեմբերի 20-ին Սիլվա Գալստյանի դին հայտնաբերվել է նշված վայրում` մասնատված, այրված և կենդանիների կողմից հոշոտված վիճակում:
Ի դեպ, սրա հետ կապված` թոռն ասել է, թե ինքն այրել է տատու շորերը, իսկ դատարանի հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է դին մինչև ոսկորներն այրվել, պատասխանել է, թե չգիտի:
Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 17-ին, ճառով հանդես կգա Մոմջյանի պաշտպանը:
Տուժողի իրավահաջորդը, ի դեպ, ամբաստանյալի հայր Հովհաննես Մոմջյանը, ներկա չէր դատական նիստին: Նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվել է ճառով ներկայանալ: Նրա իրավահաջորդը հայտնեց, որ միանում է մեղադրողին, Ալբերտ Մոմջյանի մեղքն ապացուցվել է, և նրա ցուցմունքները, թե ինքը տատին դիտավորյալ չի սպանել, մտացածին են: Իսկ քաղհայցի պահանջ չունեն:
Նշենք, որ նախորդ նիստին դատարանում հրապարակվել են տուժողի իրավահաջորդի նախաքննական ցուցմունքները: Առաջին ցուցմունքը նա տվել էր, երբ գործարար կինն անհետացել էր, և դիակը դեռևս չէր հայտնաբերվել: Ըստ այդ ցուցմունքի՝ ձեռնարկատիրությամբ զբաղվող իր մայրը թշնամիներ ու գումարային խնդիրներ չի ունեցել: Իրավահաջորդը միաժամանակ կարծիք էր հայտնել, որ իր մայրը սպանվել է և որ նրան սպանել է իր որդին՝ Ալբերտը: Նա իր ապօրինի որդին է մեկ այլ կնոջից, սակայն ինքը հոգացել է որդու ապրուստի ծախսերը:
Հայրը հայտնել էր, որ որդին վատ շրջապատ էր ընկել, դարձել խաղամոլ, մասնավորապես, բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ էր անում ու մեծ գումարներ տանուլ տալիս, ինքն էլ նրա պարտքերը փակում էր: Իրավահաջորդի քույրն ու մորաքույրը հայտնաբերել են, որ սպանվածի տնից անհետացել են մոտ 20 հազար դոլար արժեցող ոսկյա ու ադամանդյա զարդերը, որոնք պատկանում էին տուժողին: Իրավահաջորդը նաև զարմանք էր հայտնել, թե ինչպես կարող էր որդին 85 կգ կշռով կնոջ մարմինը տեղափոխել շենքի 11-րդ հարկից:
Ավելի ուշ լրացուցիչ ցուցմունքում տուժողի իրավահաջորդը հայտնել էր, որ որդին իրեն առաջարկել է 200 հազար դոլարի դիմաց հայտնել տատի դիակի գտնվելու վայրի մասին, ի վերջո 170 հազար դոլարի դիմաց հայտնել է, թե որտեղ է գտնվում կնոջ դիակը: Սրա հետ կապված ամբաստանյալը դատարանում ասել է, թե այդ 200 հազար դոլարը խնդրել էր կալանավայրում «յոլա գնալու համար»: