«Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցը չի կարողացել վճարել պարտքը և փորձել է ինքնասպան լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Համլետ Ք.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտին նույն ՔԿՀ ծառայողից ամսական 7 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 1500 ԱՄՆ դոլար գումար:

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՔԾ մամուլի ծառայությունից, բացի այդ` ինքը նույն ամսին հիշյալ հիմնարկի մեկ այլ ծառայողից ամսական 3 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 500 հազար ՀՀ դրամ գումար: Մինչև 2015 թվականի հոկտեմբեր ինքը վճարել է նշված տոկոսադրույքները, որից հետո չի կարողացել կատարել վճարումները: Այդ պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել, սակայն այն կանխվել է, քանի որ կինը գրպանից գտել է ինքնասպանություն կատարելու վերաբերյալ իր գրությունը:

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից վաշխառություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս