ԻՆՉՈ՞Ւ ԶԻՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը անդրադարձել էր հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպին: Գրել էինք, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ վարչությունը որոշել է ստուգումներ իրականացնել, ինչն էլ դատապարտյալների դժգության առիթ էր դարձել: Իսկ ինչո՞ւ էր ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն այդ ստուգումները իրականացրել զինված խմբավորումների կողմից, «Ժողովուրդ»-ին պաշտոնական խողովակներից նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Նախ հիշեցնենք, որ նշված օրը մոտ 30 դիմակավորված անձինք մուտք են գործել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հայտարարելով, թե ստուգումներ պետք է իրականացնեն, կամ ինչպես ընդունված է դատապարտյալների շրջանում ասել՝ «շմոն անեն» խցում: «ժողովուրդ»-ը գրել էր, որ նրանք առաջինը մուտք էին գործել 2-րդ հարկում գտնվող 15-րդ խուց, որտեղ եղել է դատապարտյալ Գոջին: Պոկել էին նրա պարանոցի ոսկե շղթան, ինչն էլ, ըստ երեւույթին, պատճառ էր դարձել քաշքշուկի եւ մեծ աղմուկի: Ավելին՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացուցիչները զրուցել էին ավելի քան 150 ազատազրկվածների հետ: Ոմանք հաստատել էին, որ խուզարկության ընթացքում լսել են տարօրինակ ձայներ, ինչից ենթադրել են, որ կիրառվում է բռնություն: Որոշ ազատազրկվածներ էլ պատմել են դիմակավոր անձանց մասին՝ պնդելով, թե իրենք, ի նշան բողոքի, այրել են սրբիչներ եւ դուրս են նետել:
Սակայն ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարել է, թե որեւէ դատապարտյալի նկատմամբ բռնություն չի կիրառվել, համենայնդեպս, հետքեր չեն եղել: Իհարկե, նորանշանակ նախարարը պիտի փորձի իրավիճակը մեղմ ներկայացնել, քանի որ կալանավայրում հատուկ ռեժիմ է գործում, եւ դժվար է գնալ, տեղում ստուգել, թե ով ունի իր մարմնի վրա բռնության հետքեր, ով՝ ոչ:
Ինչեւէ, հիմա թերեւս ամենագլխավորի մասին: Ինչո՞ւ էր ՀՀ ԱՆ ՔԿՎ-ն որոշել դիմակավորված եւ զինված ստուգումներ իրականացնել: «Ժողովուրդ»-ին պաշտոնական խողովակներից հասած տեղեկությունների համաձայն՝ մի շարք քաղաքացիներ 2015 թվականի ընթացքում դիմել են իրավապահներին՝ հայտնելով, թե իրենք ունեցել են ապրանքներ, որոնք ենթակա են եղել վաճառքի: Արդյունքում, վերջիններս վաճառքի համար տարբեր վայրերում հայտարարություն են տարածել, որից հետո հայտնվել են քաղաքացիներ, որոնք զանգահարել են իրենց եւ ցանկություն են հայտնել գնել վաճառքի հանված ապրանքը: Իրավապահներին դիմած քաղաքացիները հայտնել են, որ իրենց զանգահարած քաղաքացին այնպիսի վստահությամբ է խոսել, որ իրենք համաձայնել են նրանց կողմից ուղարկված տաքսու վարորդի միջոցով տալ ապրանքը եւ նույն վարորդի միջոցով էլ ստանալ հասանելիք գումարը: Սակայն ավելի ուշ քաղաքացիները հայտնվել են խնդրի առաջ: Ապրանքը ուղարկել են, իսկ վարորդը անհետացել է, երբ փորձել են գտնել, չեն կարողացել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` քաղաքացիները իրավապահներին են ներկայացրել իրենց զանգահարած քաղաքացիների հեռախոսահամարը եւ այն մանրամասները, թե ինչ ապրանք են վաճառել եւ ինչ են խոսել գնորդի հետ:
Ու երբ հայտարարության հիման վրա իրավապահները քննություն են սկսել, պարզվել է, որ տարբեր քաղաքացիների զանգահարած եւ ապրանքներ գնելու ցանկություն հայտնած, իսկ վերջում անհետացած զանգերը հիմնականում եղել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:
Իրավապահները իրավիճակի մասին տեղյակ են պահել արդարադատության նախարարությանը, եւ այնտեղից էլ, ըստ էության, հրահանգել են ՔԿՎ վարչությանը՝ զինված ստուգումներ իրականացնել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ դատապարտյալներից առգրավվել բոլոր հեռախոսները՝ հասկանալու համար, թե կալանքի տակ գտնվող դատապարտյալներն ինչ նոր հանցանքներ են գործում:
Իսկ թե որքանով կնպաստեն զինված ստուգումները ՔԿՀ-ից խարդախություն իրականացնող դատապարտյալների գործողությունների դադարեցմանը, թերեւս ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, պաշտոնյաները վստահեցնում են, որ սթափության առիթ կդառնա, եւ հետեւություններ կանեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը հաղորդագրություն էր տարածել, որում անդրադառնալով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընտրացուցակների անճշտությունների հետ կապված հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների կողմից հնչեցրած հայտարարություններին՝ վերջիններիս հրավիրում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ առարկայական քննարկման:

Հայտարարությունում առանձնացված են ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի անունները, որպես ընտրացուցակների հիմնախնդիրների շուրջ առավել հաճախ հանդես եկող անձինք:
«Ժողովուրդ»-ը այս առնչությամբ զրուցեց վերջիններիս հետ՝ պարզելու՝ արդյոք ընդունում են ոստիկանության հրավերը եւ ընտրացուցակների կեղծ լինելու հետ կապված ի՞նչ ապացույցներ են ներկայացնելու:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ չի ներկայանալու ոստիկանություն, ավելին. «Ես հրավիրում եմ ոստիկանության պատասխանատու ներկայացուցիչներին Ազգային ժողով՝ քննարկելու բոլոր այն խնդիրները, որ մենք բարձրացրել ենք: Թեպետ այն, ինչ որ ես ասում եմ՝ ընտրությունների ցուցակները բարելավելու, ընտրացուցակները մաքրելու համար, ամենեւին կապված չէ ոստիկանության հետ, դրանք բոլորը քաղաքական խնդիրներ են»,- ասաց նա: Մանուկյանի խոսքով՝ նրանք իր կողմից հնչեցրած հայտարարություններն ընդունում են այնպես, ինչպես իրենք են ուզում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց` իրենց կողմից ներկայացված տվյալները պաշտոնատար աղբյուրներից են վերցված, եւ այդ ամենը նորություն չէ: «Մենք միանգամից չհայտնվեցինք Մարսից կամ Լուսնից եւ սկսեցինք բաների մասին խոսել, որի մասին առաջին անգամն ենք իմանում, կամ նրանք են առաջին անգամ լսում»,-ասաց նա: Վերջինս փոխանցեց, որ չի ներկայանալու ոստիկանություն: «Ընտրական ցուցակների հետ կապված մենք հրատարակել ենք ազգային վիճակագրության ծառայության կողմից հրապարակված պաշտոնական թվեր, եւ լավ կլինի, որ ոստիկանությունը կամ դատախազությունը հրավիրի ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչներին եւ նրանցից իմանա, թե ինչպես են այդ թվերը ստացել, եւ ինչպես է, որ բնակչության նվազմանը զուգահեռ ընտրողների թիվն աճում է»,-հավելեց Սաքունցը:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ կապ հաստատել ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ, սակայն ապարդյուն:
Այսպիսով, ստացվում է, որ կարեւորագույն հայտարարություններ հնչեցրած գործիչները հրաժարվում են իրավապահ կառույցի հետ հանդիպել ու ներկայացնել կոնկրետ փաստեր եւ ապացույցներ:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՐԸ
Շուրջ մեկուկես տարի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության հայցը՝ ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հորը` Ռազմիկ Դարբինյանին պատկանող ընկերության: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախկին վարչապետի հայրը հաղթեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությանը:
Գրել էինք, որ դատախազությունը 2014թ մարտի 18-ի իր հայցադիմումով Ռազմիկ Դարբինյանից պահանջել է հօգուտ պետական բյուջեի գանձել 12 միլիոն 477 հազար 120 դրամ:
Ի դեպ, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը նաեւ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին վարչապետի հոր դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դնելու պահանջով, ինչը գործով դատավոր Սիմիզար Հովսեփյանը բավարարել է:
Իսկ ինչն էր եղել պատճառը. Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը դատարան ներկայացրած հայցում գրել է, որ 2010թ. հուլիսի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Արմոն Օհանջանյան Նամագերդին մաքսանենգությամբ Հայաստան է տեղափոխել 12 միլիոն 477 հազար 120 դրամ արժողության ապրանքներ (նաբաթ, պիստակ, սիսեռ, դդմի կորիզ եւ նուշ): Տեղեկացանք նաեւ, որ մաքսանենգության փաստի առթիվ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը: Ավելի ուշ քննիչը որոշել է՝ մաքսանենգությամբ մեր երկիր բերված ապրանքները ի պահ հանձնվեն «Ուրարտու» ՍՊ ընկերության մաքսային պահեստին: Սակայն կարճ ժամանակ անց պիստակը, սիսեռը եւ մյուս ապրանքները մկները կերել են ու վնասել ներկրված գույքը: Բայց քանի որ դատախազությունն, ըստ էության, կասկածներ է ունեցել, որ միգուցե պահեստի ապրանքը գուցե վաճառվել է փչացածի անվան տակ, ուստի պահեստի պատասխանատուից՝ ՀՀ նախկին վարչապետի հորից՝ Ռազմիկ Դարբինյանից, պահանջում է վճարել շուրջ 12 միլիոն դրամ:
Արդյունքում դատարանն էլ իր հերթին էր փորձաքննություն նշանակել՝ պարզելու համար, թե մաքսանենգ ճանապարհով ներկրված ընդեղենը կարո՞ղ էր այդ պահեստում պահպանել իր ապրանքային տեսքը եւ պիտանի լինել օգտագործման, եթե պահեստի ղեկավարությունը պահպաներ ապրանքների պահպանման չափանիշները: Եվ, ահա, դատարանը, լսելով կողմերին, ինչպես նաեւ հաշվի առնելով փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ ապրանքները մինչ պահեստ տեղափոխելը արդեն իսկ վնասված են եղել, հոկտեմբերի 23-ին որոշում է կայացրել՝ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Հայկ Մովսեսյանի՝ ընդդեմ Ռազմիկ Լեւոնի Դարբինյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին մերժել:




Լրահոս