Իշխանությունը պնդում է, որ խոսքի ազատությունը եւ քաղաքացուն արժանահավատ տեղեկատվություն հասցնելը հաստատապես երաշխավորվելու են սահմանադրական փոփոխությունների միջոցով: Ըստ էության, նկատի է առնվում այն հանգամանքը, որ նոր Սահմանադրությունը համալրված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի» մասին գլխով: Ենթադրելի է, որ ցայսօր հեռուստաընկերությունների կանխակալ ու բացարձակապես իշխանահաճո գործունեության պատճառը եղել է այդ ոլորտին վերաբերող սահմանադրական հոդվածների բացակայությունը: Հետաքրքիր է` եվրոպական փորձը թմբկահարող իշխանությունը ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ ոչ Գերմանիայում, ոչ էլ Իտալիայում նմանօրինակ սահմանադրական դրույթներ ամրագրված չեն:
Սահմանադրական փոփոխությունները մշակող մասնագիտական հանձնաժողովը 12-րդ գլուխը սկսել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի»` անկախ մարմին լինելու մասին շաղակրատությամբ: 196-րդ հոդվածով սահմանվում է, որ այս հանձնաժողովը Հայաստանում ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունն ու բազմազանությունը: Բացի այս, հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման նկատմամբ:
Հայտնի փաստ է, որ Հայաստանում հեռուստատեսությամբ մատուցվող տեղեկատվությունը մշտապես սահմանափակված է: Հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներին հետեւող ցանկացած ոք կվկայի, որ մատուցվող տեղեկատվությունը գրեթե նույնն է, թեմայի մասին խոսվում է նույնօրինակ շեշտադրությամբ, իսկ հատկապես ընդդիմադիր գործիչների ելույթները մոնտաժված են միօրինակ ձեւով: Դժվար չէ անգամ նկատել, որ լրատվական ռեպորտաժները ցուցադրվում են նույն հերթականությամբ` տպավորություն ստեղծելով, թե մոնտաժված են, եւ ծրագիրն էլ կազմված է մեկ կենտրոնում: Հեռուստատեսության ոլորտում հարաբերական ազատություն էր «եռյակի» գործունեության օրերին, երբ Սերժ Սարգսյանի կատարած պաշտոնական այցերը, օրինակ, «Կենտրոն» Հ/Ը-ի լրատվական հաղորդման ավարտին էին միայն ցուցադրվում: Սակայն Սերժ Սարգսյանի փետրվարյան արշավանքը ոչնչացրեց նաեւ այս «ինքնուրույնությունը»: Նկատենք, որ հայկական հեռուստատեսության լրատվական հաղորդումներում իշխանությունը երբեւէ բացասական լույսի ներքո չի ներկայացվում: Արդ, ոլորտում նման աղետալի վիճակ ունենալով հանդերձ` Սերժ Սարգսյանի հանձնաժողովը առանց խղճի խայթի գրում է, որ հեռուստաընկերությունների ազատությունն ապահովվում է ՀՌՀ-ի անկախ գործունեությամբ: Նույն տխուր իրավիճակն է նաեւ կրթական, մշակութային եւ ժամանցային հաղորդումների պարագայում: Գերազանցապես կրկնվող, նույնաբովանդակ հաղորդումներ, որոնց բնութագրելիս «բազմազանություն» եզրույթը ոչ մի կերպ չի ներդաշնակում: Էլ չասած` բազմաթիվ հաղորդավարների հայերեն խոսելու անկարողության, փողոցային ժարգոնի ծաղկման ու տաղավարը սեփական խոհանոցային միջավայրի վերածելու մասին: Ի վերջո, արդյո՞ք Սահմանադրության մեջ այս մարմնին կարգավիճակ շնորհելով՝ հնարավոր է լինելու եթերում առնվազն սահմանափակել գովազդի քանակը: Համոզված ենք, որ հռչակագրային անկախությունը որեւէ բան չի ավելացնելու այս ոլորտի կանոնակարգմանը, քանզի հանձաժողովի անկախությունը սկսվում է ամենաբարձր օղակից, որը պիտի այլեւս կամայականորեն չկարողանա հեռուստալիքներ փակել: Նոր Սահմանադրության ընդունման պարագայում, սակայն, փոխվում է լոկ հեռուստաընկերություն փակելու որոշում կայացնողի աշխատատեղը, այլ ոչ թե իշխանության ձեւավորման ու գործունեության իրական դրվածքը:
Ինչ վերաբերում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի» կազմավորմանը, հարկ է նկատել, որ ներկայումս այն ունի 8 անդամ, որի կեսը նշանակվում է հանրապետության նախագահի, մյուս մասը ԱԺ-ի կողմից` 6 տարի ժամկետով: Առաջարկվող տարբերակով հանձնաժողովը բաղկացած է լինելու 7 անդամից, որոնք ընտրվելու են Ազգային ժողովի 3/5 ձայներով, 6 տարի ժամկետով` ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ: Շեշտվում է, որ նույն անձը ավելի քան 2 անգամ անընդմեջ չի կարող ներգրավվել այս հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովում անդամության հավակնողը պիտի ունենա բարձրագույն կրթություն եւ հեղինակավոր մասնագետ լինի զանգվածային լրատվության բնագավառում: Իրենց լիազորությունների իրականացման պահին հանձնաժողովականները չեն կարող լինել կուսակցական կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հետաքրքիր է, որ «Ա1+» հեռուստաընկերությունը փակած Գրիգոր Ամալյանն էլ որեւէ կուսակցություն չէր ներկայացնում, կարծես բարձրագույն կրթություն ուներ, քաղաքական գործունեությամբ էլ առնվազն հրապարակայնորեն չէր զբաղվում, ինչը նրան չխանգարեց եթերից հեռացնել ինքնուրույն գործող հեռուստաընկերությունը: Ուստի, մի՞թե վերոհիշյալ գեղեցիկ ձեւակերպումները բավարար են, որ այդ դրույթները պահպանվեն, եւ նույն արատավոր գործելակերպը չշարունակվի: Վերջապես, ի՞նչ տարբերություն` ՀՌՀ անդամը նշանակվում է անձամբ Սերժ Սարգսյանի՞, թե՞ նրա անձնական մեծամասնության կողմից: Ի դեպ, ամերիկյան դիվանագիտական արխիվներում մեկ անգամ չէ, որ դեսպանները հատուկ արձանագրել են հայկական հեռուստատեսության` իշխանությանը անվերապահորեն ենթակա լինելու կարգավիճակը:
Նշենք, որ Գերմանիայի եւ Իտալիայի սահմանադրություններում ՀՌՀ հանձնաժողովի մասին ո՛չ հիշատակություն կա, ո՛չ էլ առավել եւս մի ամբողջ գլուխ: Կարելի է կարծել, որ այս երկրներում հեռուստատեսությունն ազատ չէ, իսկ հաղորդումները ձանձրալի են ու միօրինակ: Ի դեպ, Գերմանիայում հանրային Հ/ը-երում օրվա մեջ թույլատրվում է գովազդ ցուցադրել ընդամենը 20 րոպե, իսկ մասնավորներին` ժամում 12 րոպե, սակայն ընդմիջվող հաղորդման հատվածը չի կարող 20 րոպեից պակաս լինել: Իտալիայում էլ հանրային Հ/ը-ն թույլատրվում է ժամի 12 տոկոսը վատնել գովազդի վրա, իսկ մասնավորին` 18 տոկոս: Այս տվյալները կարող ենք համեմատել մեզ մոտ տիրող վիճակի հետ եւ պարզել` արդյո՞ք սահմանադրական կարգավիճակ տալով ՀՌՀ-ի պես իր պարտականություններում իշխանության կամքով կաշկանդված կառույցին` եթերը ավելի որակյալ է դառնալու:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՇԱՆՏԱԺԻ ՎԵՐՋԸ
Ստորեւ ներկայացվող դատական գործի պատմությունը արձանագրում է սահմանապահ զորամասում տեղ գտած համասեռամոլության, շորթման եւ դանակահարության դեպքը:
Չարենցավան քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Ս. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության սահմանապահ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող՝ շարքային Բ. Ա.-ի կողմից իրենց միջեւ տեղի ունեցած սեռական բնույթի համասեռական գործողությունների տեսագրությունները չհրապարակելու դիմաց իրենից գումար պահանջելու կապակցությամբ 2014 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 00.10-ից 01.00-ի սահմաններում, զորամասի հսկիչ-անցագրային կետի տարածքն անտառապատ տարածքով շրջանցելով՝ մուտք է գործել զորամասի տարածք, ապա Բ. Ա.-ի հետ զրուցելու ընթացքում գրպանից հանել նախապես իր հետ Չարենցավան քաղաքից բերված խոհանոցային դանակը եւ դրանով դիտավորությամբ հարվածել է Բ. Ա.-ի դեմքին, որից հետո դանակով հարվածել վերջինիս կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող, առողջության ծանր վնաս:
Ս. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով(Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ 327.6 հոդվածի 1-ին մասով (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը): Ս. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Իսկ Մարալիկ քաղաքի բնակիչ,1995թ. ծնված Բ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով վերոհիշյալ սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող՝ շարքային Ս.Ա.-ի վերաբերյալ զորամասում արատավոր տեղեկություններ տարածելու, վերջինիս նկատմամբ սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ կատարելու տեսագրությունները հրապարակելու եւ նրա համար ոչ նպաստավոր պայմաններ ստեղծելու սպառնալիքով նրանից 2014թ. դեկտեմբերի 7-ին պահանջել եւ ստացել է 15 հազար դրամ:
Բ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով (Շորթումը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ՍՆԱՆԿԱՑԵԼ Է
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն, որը կարի արտադրամաս էր, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հունիսի 8-ի վճռով սնանկ է ճանաչվել: Պատճառը հարկային պարտավորություններն են: Իսկ դատարանի կողմից նշանակված «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի պարտատերերի առաջին ժողովը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 10-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության 100 տոկոս մասնակցությամբ այս ընկերությունը ժամանակին մասնակցում էր պետական գնումներին: Սակայն 2009-2013 թվականների ընթացքում էապես նվազեցին ընկերության հիմնական գծով արտադրանքի իրացման ծավալները: Եվ 2012 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ ընկերության վնասը կազմել էր 55,2 մլն դրամ: Անգամ արտադրամասի շենքն էր վաճառվել: Կարի արտադրամասն արդեն երեք տարի է, ինչ փակված է, իսկ աշխատակիցներին մի քանի ամսվա աշխատավարձը չի վճարվել: Նրանց մեծ մասն այսօր դարձել է գործազուրկ: Ի դեպ, նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ ոստիկանությունը 5 միլիոն 766 հազար դրամի չափով համազգեստ էր պատվիրել ավելի քան մեկ տարի լուծարված ընկերությունից: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ոստիկանությունը համազգեստը գնելու նպատակով դիմել է ֆինանսների նախարարություն եւ պայմանագիրը կնքել «Կոնտինենտտեքս»-ի լուծարման հանձնաժողովի նախագահի հետ:
Ս. Հ.