ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում կտրուկ ավելացել է մեռելածին երեխաների թիվը. այս տարվա 9 ամիսներին արձանագրվել է մեռելածնության 625 դեպք` նախորդ տարվա 578-ի դիմաց:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, այս տարվա հունվարի 1-ի համեմատ (3 010.6 հազ. մարդ), նվազել է 6.6 հազար մարդով: Այս տարվա հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 30 հազար 666 ծնված, որը 2014 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել Է 2.5 տոկոսով: Նախորդ տարի այս թիվը կազմել է 31 հազար 458:
Ի դեպ, նվազել է նաեւ ամուսնությունների թիվը. եթե նախորդ տարվա 9 ամիսներին գրանցվել է 14 հազար 348 ամուսնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 13 հազար 120: ԱՎԾ տվյալներով նվազել է նաեւ բնական հավելաճը՝ 2015 թվականի 9 ամիսներին այն կազմել է 9 հազար 766, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 10 հազար 408: Սրան զուգահեռ այս տարվա 9 ամիսների ընթացքում ավելացել է մեռելածին երեխաների թիվը՝ 625, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 578:
Պարզելու համար, թե որոնք են մեռելածին երեխաների թվի ավելացման պատճառները, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական բաժնի պետ Գայանե Ավագյանի հետ: Սակայն վերջինս շտապեց տեղեկացնել, որ ստեղծված պատկերը ԱՆ-ն չի գնահատում որպես վիճակի վատացում:
«Դա բացատրվում է հետեւյալ գործոններով, առաջինը՝ գրանցման գործընթացի բարելավում, մոնիտորինգի իրականացում: Այսինքն՝ մեռելածնության բոլոր դեպքերը ենթարկվում են պաթանատոմիական հետազոտության, եւ արդեն լրացվում են հատուկ հաշվետվական ձեւաթղթեր: Դրա համար գործընթացը խիստ հսկողության տակ է, եւ մեռելածնության ոչ մի դեպք բաց չի մնում: Նախորդ տարի մենք իրականացրեցինք եւ մարզերում շարունակեցինք պտղի զարգացման, արատների վաղ հայտնաբերման ծրագիրը: Եթե կյանքի հետ համատեղելի չեն այդ արատները, ապա ընդհատման ծրագրի շնորհիվ մենք խիստ իջեցրինք մանկական մահացության դեպքերը եւ արատավոր երեխաների ծնունդը»,- պարզաբանեց Ավագյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ ավելացել են ներարգանդային ինֆեկցվածության դեպքերը, որոնք բերում են մեռելածնության: «Սա մենք չենք գնահատում որպես վիճակի վատացում, այլ բացատրում ենք, որ մենք իրականացնում ենք գործընթացի բարելավում: Մենք դրա համար իջեցրել ենք մանկական մահացությունը, բնածին արատներով երեխաների թիվը»,- նկատեց ԱՆ ներկայացուցիչը: Թեեւ վերջինս պնդեց, որ մանկական մահացության դեպքերը նվազել են, այնուամենայնիվ, պաշտոնական վիճակագրությամբ այս տարվա 9 ամիսների ընթացքում մինչեւ 1 տարեկան մահացածների թիվը կազմել է 280, որը նախորդ տարվա 9 ամիսների համեմատ 3-ով ավելացել է:
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի կարծիքով մեռելածնության պատճառները մի քանիսն են. նախ՝ շրջակա միջավայրը, կնոջ սնունդը, հանգիստը, քունը, ապա եւ օրգանիզմի ֆիզիկական պատրաստվածությունը:
ԱՎԾ-ի մեռելածնության մասով արձանագրած ցուցանիշներին անդրադառնալով՝ Մկրտչյանն ասաց. «Եթե միտումը շարունակվի, ապա հնարավոր է՝ 2015 թվականի համար մեռելածնության ցուցանիշը բարձր լինի: Բայց քանի որ դեռ տարին չի ավարտվել, այս պատճառով հստակ գնահատական տալ հնարավոր չէ: Այնուամենայնիվ, թերսնուցումը, միատեսակ սնունդը, գենետիկական խնդիրները կարող են մեռելածնության պատճառ դառնալ: Շատ դեպքերում հեռավոր շրջաններում հղիները չեն գնում համապատասխան հետազոտությունների, չեն գրանցվում կամ ուշացնում են բժշկի մոտ գնալը»:
ԱՆ նախկին նախարարի խոսքերով, եթե փորձ արվի մեր սննդակարգը ուսումնասիրել, ապա կպարզվի, որ սննդի բազմազանություն ստանում է բնակչության շատ փոքր տոկոսը: «Մենք չունենք սնունդ ընդունելու մշակույթ: Պաշտոնապես արձանագրված աղքատության 36 տոկոս ցուցանիշին եթե գումարենք բնակչության 30-40 տոկոսը, ովքեր ուղղակի անտեղյակ են սննդի բազմազանության խնդիրներից, ապա կստացվի, որ մենք ունենք 60-70 տոկոս սխալ կամ թերսնուցվող բնակչություն: Եւ այս դեպքերի մեջ, իհարկե, մտնում են նաեւ կանայք, ապագա մայրերը: Չեմ բացառում, որ մեռելածնության դեպքերը կարող են լինել նաեւ բժշկական սխալի հետեւանք»,- նշեց Ա. Մկրտչյանը` հավելելով, որ մեռելածնության պատճառ կարող են լինել նաեւ վատ սովորույթները՝ ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութեր, որոնց կիրառումը ներկայիս երիտասարդ սերնդի, այդ թվում` աղջիկների մոտ, լայն տարածում է գտել:
Ինչպես հայտնի է՝ մեր երկրում բնապահպանական լրջագույն խնդիրներ կան: Մկրտչյանի կարծիքով՝ հանքերի շահագործումը նույնպես կարող է իր ազդեցությունը թողնել: Թեեւ պաշտոնական վիճակագրություն չկա, թե մեռելածնության դեպքերը ինչպիսի աշխարհագրական պատկեր ունեն, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ մահացածների բարձր ցուցանիշ արձանագրվել է Լոռու մարզում, որտեղ այս տարվա 9 ամիսների ընթացքում գրանցվել է 2120 մահացության դեպք: Իսկ Երեւանում այս թիվը կազմել է 6907:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ