ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսնակարը՝ պաշտոնական կայքից

Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 64-65-րդ կմ-ում` Նեղոց գյուղի սկզբնամասում, երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում` 5.5-6 խմ ծավալով: Դրա հետեւանքով ճանապարհի երթեւեկությունը դարձել է միակողմանի: Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները հսկայական ժայռաբեկորները հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից: Ժամը 14:30-ի դրությամբ երթեւեկությունը դարձել է երկկողմանի:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որդեգրումն իրավական ինչպիսի՞ հետեւանքներ է առաջացնում:

Գայանե Գրիգորյան (57 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Որդեգրված երեխաներն ու նրանց սերունդը որդեգրողների եւ նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները որդեգրված երեխաների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին: Որդեգրվածներն իրենց ծնողների (ազգականների) նկատմամբ կորցնում են անձնական ոչ գույքային եւ գույքային իրավունքները եւ ազատվում են պարտականություններից: Որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու մասին նշվում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ: Նորածին երեխա որդեգրած կինն ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հետծննդյան արձակուրդի եւ սահմանված այլ արտոնությունների իրավունք:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014թ. Լոռու մարզպետարանի ընտանիքի ու երեխաների իրավունքների բաժնի կողմից հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 17 երեխա, երեխա որդեգրել ցանկացող՝ 16 անձ, որդեգրման ենթակա՝ 22, իսկ հաշմանդամ՝ 3 երեխա:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը չունի ՀՀ քաղաքացիություն, բայց ցանկանում է ընդունվել հայաստանյան մասնագիտական ուսումնական հաստատություն, ապա ինչպիսի՞ պայմաններ են նախատեսված նրա համար:

Լաուրա Առաքելյան (51 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Առաքելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մասնագիտական-տեխնիկական ուսումնարաններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն ՀՀ միջնակարգ եւ ութամյա դպրոցի մակարդակին համապատասխանող կրթություն: Միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ դպրոցի մակարդակին համապատասխանող կրթություն, իսկ առանձին դեպքերում` ՀՀ միջնակարգ դպրոցի ութամյա մակարդակին համապատասխանող կրթություն:
Տեղեկացնում ենք նաեւ, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն ՀՀ միջնակարգ դպրոցի ծրագրի մակարդակին համապատասխանող կրթություն: Բացի այդ՝ բուհերում անհատական պլանով ուսանելու համար կարող են ընդունվել գիտությունների բակալավրի աստիճան ունեցող անձինք: Ի դեպ, այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք չեն տիրապետում կամ վատ են տիրապետում հայոց եւ ռուսաց լեզուներին, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական ֆակուլտետներ մեկ տարի ժամկետով, որտեղ նրանք ուսումնասիրում են հայոց կամ այլ լեզուներ՝ հաշվի առնելով հետագա ուսուցման լեզուն եւ ընտրած մասնագիտությանը համապատասխան հանրակրթական առարկաներ, ինչպես նաեւ ծանոթանում են ՀՀ օրենսդրությանը:
շարունակելի

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2013-2014 ուստարում ՀՀ բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսհաստատություններում սովորող օտարերկրյա քաղաքացիների թվաքանակը կազմել է 5981, որոնցից 1579-ը ՌԴ քաղաքացիներ են:




Լրահոս