ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում որոշվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցն ընդգրկել ԵԽԽՎ հունվարին տեղի ունենալիք նստաշրջանի օրակարգում: Իհարկե, ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը, եթե անգամ ԵԽԽՎ-ի կողմից հաստատվի, ապա չի կարող որոշիչ ազդեցություն ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա: Սակայն տեղի ունեցածի քաղաքական գնահատականը դրանից չի փոխվում: Իսկ քաղաքական գնահատականն այն է, որ Հայաստանը խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում լուրջ պարտություն կրեց: Ադրբեջանին հաջողվեց միջազգային հարթակում եւս մեկ փաստաթուղթ ստեղծել, որը պարունակում է Հայաստանի եւ Արցախի համար խայտառակ ձեւակերպումներ: Ադրբեջանը հետագայում հնարավորություն կունենա հղումներ կատարել այս «զեկույցին»: Եւ որպեսզի այլեւս նման խայտառակություն չկրկնվի, ՀՀ իշխանությունները պետք է հետեւություններ անեն եւ մեղավորներին քաղաքական պատասխանատվության ենթարկեն: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում հայկական պատվիրակությունից ընդգրկված են ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը: Նաղդալյանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն է եւ հատկապես նա է պատասխանատու այս խայտառակության համար:
Հ.Գ. Նաիրա Կարապետյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի նիստում իրենք առաջարկել են «զեկույցը» ԵԽԽՎ լիագումար նիստում ընդգրկելու որոշման կայացումը հետաձգել: Սակայն հայկական պատվիրակների առաջարկը 24 դեմ, 14 կողմ քվեարկությամբ մերժվել է: Ի դեպ, հայ պատվիրակները «զեկույցի» մասին հատուկ կարծիք են ներկայացրել, որը կցվել է փաստաթղթին:

 

 

 
Այն, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի պետական հիմնարկների աշխատակիցներին պարտադրեն իշխանության օգտին քվեարկել, հանրահայտ փաստ է: Բայց արդյո՞ք իշխանությունների ջանքերն արդյունք են տալիս: Այս հարցի պատասխանը կարելի է ստանալ 2013-ի նախագահական ընտրությունների արդյունքները ուսումնասիրելիս: Գաղտնիք չէ, որ պետական հիմնարկների՝ նախարարությունների, ուսումնական հաստատությունների, ՊՈԱԿ-ների, ոստիկանության եւ այլ պետաշխատակիցների մեծ մասը, որոնց ընդհանուր թիվը մոտ 250 հազար է կազմում, բնակվում են մեծ քաղաքներում: 2013-ի նախագահական ընտրություններում, սակայն, Սերժ Սարգսյանը գրեթե բոլոր մեծ քաղաքներում, այդ թվում մարզկենտրոններում խայտառակ պարտություն կրեց: Սա նշանակում է, որ եթե իշխանությունները կարողանային իրենց կամքը բոլոր պետական հիմնարկների աշխատողներին պարտադրել, ապա նման արդյունք չէր գրանցվի: Փաստն այն է, որ Ս. Սարգսյանին հաջողվեց իր պաշտոնը պահպանել մոտ 500 գյուղական տեղամասերում իր համար ցանկալի արդյունքներ գրելով: Սա պետք է լինի ոչ-ի թիրախը:

 

 

 
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատների մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննությունը գրեթե ավարտվել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում կազդարարվի նախաքննության ավարտի մասին, որից հետո քրգործը կուղարկվի դատարան: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ քննչական կոմիտեի քննիչները առաջիկա օրերին իրենց մոտ կհրավիրեն տուժողներին՝ Զաքարյան եղբայրներին, որպեսզի նրանց իրազեկեն նախաքննության ավարտի մասին, եւ նրանք հնարավորություն կունենան այդ առնչությամբ իրենց կարծիքը ներկայացնել նախաքննության մարմնին: Նշենք, որ այս գործով մեղադրյալները 6-ն են, որոնցից կալանքի տակ են միայն Յուրի Մանուչարյանը եւ մարզպետի եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիս Խաչատրյանը: Վերջինս 4 ամիս գտնվում էր հետախուզման մեջ եւ իրավապահներին ներկայացավ մեկ ամիս առաջ:

 

 

 
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում մի ուշագրավ նախագիծ է ընդգրկել: Ըստ այդմ, մեկ տարով կերկարաձգի «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքների` մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգելու ժամկետը: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս ընկերության հիմնադիրները նույն ընտանիքից են՝ Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանը եւ նրա եղբայրը՝ Աբել Ղարիբյանը: Նշենք, որ Ղարիբյան եղբայրները «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությունը հիմնադրել են նախորդ տարվա փետրվարի 27-ին: Տեղեկացնենք, որ այս ընկերությունը ՀՀ Կոտայքի մարզում կառուցել է 11 հա ջերմոցային տնտեսություն, որտեղ նախատեսում է զբաղվել հոլանդական վարդերի աճեցմամբ: Ըստ կառավարության որոշման նախագծի՝ այդ նպատակով ընկերությունը պատրաստվում է ներդնել 1 միլիարդ 637 մլն դրամ, որից 1 մլրդ 337 մլն դրամը ծախսվելու է սարքավորումներ ձեռք բերելու համար:

 

 

 
ԱՆԱՍԵԼԻՔ
ՀՀԿ-ի «Այո»-ի շտաբի պետի տեղակալ, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ հայտարարել է, թե ՀՀԿ-ն իր առջեւ խնդիր է դրել ազատ, արդար եւ թափանցիկ հանրաքվեի միջոցով երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում բարձր պահել: «Այս հանրաքվեին հետեւում է ամբողջ միջազգային հանրությունը, սա մի սովորական շարքային օրենք չէ կամ մի շարքային ընտրություն չէ, որ մենք անցկացնելով, այդ բառն եմ օգտագործում, հետո կարողանանք մեր իմիջը պահպանել»,- ասել է Բաղդասարյանը։
Հետաքրքիր է, թե այսպիսի վերամբարձ տեքստեր արտաբերող ՀՀԿ-ականներն այդ դեպքում ինչու ոչ մի կերպ չեն ցանկանում տեղի տալ Աժ մնացած բոլոր 5 խմբակցությունների հորդորներին եւ ընդունել նրանց ներկայացրած առաջարկությունները` հանրաքվեի մասնակցող քաղաքացիների մատների թանաքոտման կամ քվեարկած քաղաքացիների ստորագրություններով ցուցակների հրապարակման, նույնականացման քարտերով քվեարկողների դեպքում 9-րդ ձեւի կամ հատուկ տեղեկանքով մասնակցելու շուրջ: Եթե ՀՀԿ-ում այդքան կարեւորում են երկրի հեղինակությունը, այդ դեպքում ինչու են շտաբի պետ նշանակում վարչապետին, իսկ տարածքային շտաբների ղեկավարումն էլ հանձնում, Սերժ Սարգսյանի բնորոշմամբ, տեղական իշխանիկներին` մարզպետներին:
Ի վերջո, եթե ՀՀԿ-ում հասկանում են, որ Սահմանադրությունը «շարքային մի օրենք չէ, հանրաքվեն էլ` շարքային մի ընտրություն», որը Բաղդասարյանի մեղմ ձեւակերպմամբ` «անցկացնելով» կարողանան երկրի իմիջը պահել, այդ դեպքում ինչպես են ոչ միայն պաշտոնապես, անթաքույց կերպով գործի դնում վարչական լծակները, ինչպես են թույլ տալիս, որ այս կամ այն մարզպետը հայտարարի, որ ինքն է սահմանելու տվյալ մարզում ոչ-երի տոկոսը, այլեւ այդ ամենն անում են հանրության գերակշիռ մասի բացարձակ անիրազեկության պայմաններում:
Հանրաքվեին մնացել է 1 ամիս ժամանակ, սակայն հենց նույն ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Վ. Բաղդասարյանն է հայտարարում. «Իրոք, մենք ունենք խնդիր, հանրության բավականին լուրջ քանակություն իրազեկված չէ, թե ինչ է առաջարկվում իրեն»: Այս պայմաններում ինչ արդար, թափանցիկ եւ լեգիտիմ հանրաքվեի անցկացման մասին կարող է խոսք գնալ:
Ինչպես կարող է չիրազեկված քաղաքացին գնալ եւ գիտակցված ընտրություն կատարել: Ի վերջո, ինչն էր խանգարում այս բոլոր ամիսների ընթացքում հանրությանը պատշաճ մակարդակով իրազակելուն: Հանրապետականների «ձեռքը քարի տակ» չէր, ՀՀ մեդիառեսուրսի առյուծի բաժինը նրանց տնօրինման տակ է, եւ ցանկության դեպքում ՀՀԿ-ականները մինչեւ այս օրն արդեն իսկ կարող էին ավարտած լինել իրազեկումը եւ վերջապես անցնել քարոզչությանը: Նրանք, սակայն, դա չեն արել, եւ պատճառն առավել քան պարզունակ է. ասելիք չունեին: Ընդ որում, ոչ միայն ներկայացնելիք հիմնավորումների սնանկության մասով, այլեւ պարզապես տեղյակ չէին, թե Սերժ Սարգսյանի հանձնաժողովը վերջին պահին ինչ տեքստ է հրամցնելու իրենց:




Լրահոս