ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾՎՈՒՄ Է ԳՅՈՒՂԵՐՈՒՄ, ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունները, որպեսզի կարողանան սահմանադրական փոփոխությունները դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեով «անցկացնել», պետք է փորձեն կրկնել 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները` մի փոքր խմբագրումներով:

Հիշեցնենք, որ ընդհանուր հանրապետության կտրվածքով իշխանությունները Սերժ Սարգսյանի օգտին նկարել էին 860 հազար քվե: Սահմանադրական փոփոխությունների ժամանակ հնարավոր է՝ այդքան քվեի անհրաժեշտություն էլ չառաջանա: Բանն այն է, որ 2013-ի նախագահական ընտրություններում Հայաստանի իշխանությունները ստիպված էին մասնակցության ցուցանիշը բարձրացնել, քանի որ արդյունքների ամփոփման առաջին րոպեներից պարզ դարձավ, որ մարզկենտրոններում եւ մեծ քաղաքներում իշխանություններին չէր հաջողվել իրենց ուզած թիվը «խփել»:
Մասնավորապես Երեւանում, որտեղ ընտրությունների մասնակցության պաշտոնական թիվը 445 հազար էր, Սերժ Սարգսյանի օգտին հաջողվել էր գրել 208 հազար քվե: Բնականաբար սահմանադրական փոփոխությունների դեպքում իշխանությունները պետք է փորձեն վերանայել այդ ցուցանիշը: Այսինքն՝ սահմանադրական հանրաքվեի ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարտավոր է լինելու ապահովել առնվազն 250 հազար այո: Իհարկե, նա միայնակ պատասխանատվություն չի կրի այդ թվի համար: Նրա հետ միասին պատասխանատվությունը կկիսեն նաեւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարներից յուրաքանչյուրը, մեծամասնական ընտրակարգով մայրաքաղաքից մանդատ ստացած պատգամավորները, տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մնացած պատասխանատուները: Նույնը վերաբերում է նաեւ մարզերին, դրանցում եւս հիմնական պատասխանատուները մարզպետներն են, բայց հանրաքվեն «նկարելու» խնդիրը նրանք պետք է լուծեն մարզային իշխանությունների ողջ համակարգի հետ միասին:
2013 թվականի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հիման վրա կարելի է կանխատեսել, թե մարզերից յուրաքանչյուրում իշխանությունները որքան «պլան» կդնեն: Ստորեւ ցանկով ներկայացնենք մարզը, մարզպետը եւ հնարավոր «պլանի» չափը.
Երեւան, Տարոն Մարգարյան-250 հազ. քվե
Արագածոտն, Սարգիս Սահակյան- 40 հազ. քվե
Արարատ, Ռուբիկ Աբրահամյան- 100 հազ. քվե
Արմավիր, Աշոտ Ղահրամանյան- 70 հազ. քվե
Գեղարքունիք, Ռաֆիկ Գրիգորյան- 100 հազ. քվե
Լոռի, Արթուր Նալբանդյան-70 հազ. քվե
Կոտայք, Կարապետ Գուլոյան-70 հազ. քվե
Շիրակ, Ֆելիքս Ցոլակյան-70 հազ. քվե
Սյունիք, Սուրիկ Խաչատրյան-50 հազ. քվե
Վայոց ձոր, Հարություն Սարգսյան- 20 հազ. քվե
Տավուշ, Հովիկ Աբովյան-40 հազ. քվե
Ընդամենը՝ 880 հազ. քվե:
Այս բաժանումով, եթե իշխանություններին հաջողվի իրենց «պլանի» 80 տոկոսն իրագործել, ապա այդ թիվը բավարար կլինի սահմանադրական փոփոխություններն անցկացնելու համար:
Իսկ արդյոք ընդդիմությունը կարող է ձախողել իշխանությունների պլանները: Այս հարցի պատասխանը գտնելու համար նախ պետք է վերհիշենք, թե 2013-ին իշխանություններին ինչպես հաջողվեց իրենց համար ցանկալի արդյունքները ստանալ:
Հիշեցնենք, որ 2013-ին Հայաստանի գրեթե բոլոր մեծ քաղաքներում Սերժ Սարգսյանը պարտվել էր: Ավելին՝ ընտրությունների ելքը իշխանությունները լուծել էին շուրջ 500` առանց վերահսկողության մնացած գյուղերի միջոցով: Դրանք հենց այն գյուղերն էին, որտեղ նախագահի թեկնածու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահված անձ եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ չի ունեցել: Արդյունքում, 144 հիմնականում գյուղական տեղամասերում ընտրողների մասնակցությունը եղել է 90 եւ ավել տոկոս, իսկ Սերժ Սարգսյանի օգտին քվեները` 80 տոկոս ու ավել: Նույն պատկերն է եղել նաեւ այն մոտ 300 գյուղական տեղամասերում, որտեղ քվեարկության մասնակցությունը 70-ից 80 տոկոս է գրվել:
Այսինքն, եթե ընդդիմությունը ցանկանում է իշխանությունների ծրագրերը խափանել, ապա ուշադրությունը քաղաքներից պետք է շրջի դեպի գյուղերը: Այս պահի դրությամբ չենք կարող ասել, որ ընդդիմությունը փոխել է իր մարտավարությունը, քանի որ, ինչպես նախորդ ընտրություններում, սահմանադրական հանրաքվեի ժամանակ եւս ընդդիմության հիմնական ուշադրությունը սեւեռված է քաղաքների վրա. հանրահավաքներ, հանդիպումներ, քարոզարշավ…

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԻՍԿ ՈՎ Է ՁԵՐ ՁԵՌՔԸ ԲՌՆԵԼ
ՀՀ ոստիկանությունը արձագանքել է «Ժողովուրդ»-ի այն հրապարակմանը, որը Ռուսաստանում եւ այլ երկրներում հաշվառված ՀՀ քաղաքացիներին ընտրացուցակներից հանելու մասին էր: Մենք նշել էինք, որ ցանկության դեպքում ոստիկանությունը կարող է ձեռնամուխ լինել այդ քաղաքացիներին ընտրացուցակներից հանելու գործընթացին: Սակայն դա չեն անում, քանի որ այդ դեպքում ընտրողների թիվը մոտ մեկ միլիոնով կպակասի, եւ ընտրակեղծարարության հնարավորություններն էլ կնվազեն իշխանությունների համար:
ՀՀ ոստիկանությունն իր պարզաբանման մեջ մասնավորապես նշել է, որ «ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ ընտրողների ռեգիստրը ձեւավորվում է բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: ՀՀ ոստիկանությունը, որպես բնակչության պետական ռեգիստր եւ ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին, իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող եւ տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներից, քանի որ օրենքով նման իրավասություն չունի»: Իսկ ինչն է խանգարում նույն ոստիկանությանը ՀՀ կառավարությանը ներկայացնել օրենսդրական նախագիծ, որպեսզի օրենսդրությամբ հնարավոր լինի այլ երկրում բնակություն հաստատած ՀՀ քաղաքացուն ընտրացուցակներից հանել: Ի դեպ, խոսքը հենց այնպես ընտրացուցակից հանելու մասին չէ, այլ տարբեր երկրների պատկան մարմիններից ստացված տվյալների հիման վրա: ՀՀ քաղաքացիները, երբ բնակության նպատակով մեկնում են արտերկիր, նրանք այնտեղ հաշվառման են կանգնում, ինչը ՀՀ պետական մարմիններին շատ հեշտ է ճշտել՝ օրենքը փոխելով:

 

ԲՀԿ-Ն ՄԱՐԶԵՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Գյումրիում հանդիպել է Շիրակի մարզի ԲՀԿ բոլոր տարածքային կառույցների պատասխանատուներին: Նա ԲՀԿ տարածքային պատասխանատուների հետ քննարկել է դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի այո-ի քարոզչության անցկացման ժամանակացույցը:

 

ՄԻՊ-Ը ԿԳՆԱ ԱԺ
Այսօր Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվելու է 2016թ. պետական բյուջեի նախագծի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին վերաբերող բաժինը: Զեկույցով հանդես կգան ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ու ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Ինչպես հայտնի է՝ վերջինիս նախորդ այցելությունը ԱԺ սկանդալով ավարտվեց, տեսնենք՝ այս մեկն ինչպես կանցնի:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿԱՊ ՉՈՒՆԻ
Անդրադառնալով Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանի օրերս արած հայտարարությանը, թե իշխանությունները Սահմանադրությունը փոխում են, որպեսզի կարողանան ԼՂՀ մի քանի շրջան հանձնել, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասել է. «Ավելի շատ էմոցիոնալ բնույթի հայտարարություն է: Իրականում ե՛ւ Սահմանադրությունը, ե՛ւ կառավարման մոդելը որեւէ կապ չունի ՀՀ կողմից կենսական նշանակություն ունեցող Ղարաբաղյան հիմնախնդրի հետ»: Զաքարյանի խոսքով՝ կարեւորն այն է, որ Սահմանադրության նախագծի մեջ դրված են բոլոր հնարավոր մեխանիզմները, որոնք ըստ անհրաժեշտության պետք է ապահովեն անվտանգությանն ուղղված որոշումների կայացումը: «Կլինի կիսանախագական թե նախագահական, միեւնույն է, որոշումները կայացվում են քաղաքական համակարգի միջով եփվող գործընթացում, իսկ այսօր քաղաքական համակարգում բոլոր քաղաքական ուժերն ունեն մեկ համոզմունք, որ ԼՂՀ ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր ճակատագիրը»,-Tert.am-ին ասել է Զաքարյանը:

 

ՄԵՐՁԵՆՈՒՄ ԵՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ադրբեջանի հետ ներդրումների խթանման ու փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի վավերացման մասին դաշնային օրենքը։ ՌԴ Պետդուման այդ օրենքն ընդունել է 2015 թվականի հոկտեմբերի 23-ին, իսկ 5 օր անց այն հավանության է արժանացրել Դաշնության խորհուրդը։

 

ՓՈՂ ՉԿԱ
Հաջորդ տարվա բյուջեով բնապահպանության ոլորտին նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 924.6 մլն դրամ` 2015 թ. հաստատված 3 մլրդ 217.9 մլն. դրամի դիմաց: Մասնավորապես Հանրապետության ջրային օբյեկտների եւ օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի համար նախատեսվում է հատկացնել 160.7 մլն դրամ` 2015 թ. հաստատված 154.3 մլն դրամի դիմաց, Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման համար՝ 125.4 մլն դրամ` 2015 թ. գումարի չափով, բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեության ապահովմանն ուղղված ծրագրերի համար՝ 856.9 մլն դրամ` 2015թ. 850.3 մլն դրամի դիմաց, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության ծառայությունների համար՝ 45.3 մլն դրամ, 2015 թ. 44.5 մլն դրամի դիմաց: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը երեկ դա պատճառանել է մի քանի ծրագրերի ավարտմամբ:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանին: Նա շնորհավորել է Հայկազյան համալսարանի 60-ամյա տարեդարձի կապակցությամբ` բարձր գնահատելով Փոլ Հայդոսթյանի անձնական ներդրումը Համալսարանի եւ սփյուռքահայ տարբեր կրթօջախների փոխհարաբերությունների զարգացման գործում:




Լրահոս