ԲԺԻՇԿԸ` ԵՐԳՉՈՒՀՈՒ ՄՈՐ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ին «Միքայելյան» վիրաբուժական կենտրոնում մահացած Սվետլանա Սարգսյանի դուստրը` երգչուհի Աիդա Սարգսյանը, չի պատրաստվում լռել եւ ամեն ինչ անելու է՝ իր մոր մահվան մեջ մեղավոր բժիշկներին պատժելու համար: «Ժողովուրդ»-ը զրուցեց երգչուհու մորը առաջին օգնություն ցուցաբերած «Հոսպիս» ծերերի խնամքի կենտրոնում որպես խորհրդատու աշխատող Հրանտ Կարապետյանի հետ, ով ասաց, որ իրեն մեղավոր չի համարում:

Երգչուհի Աիդա Սարգսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ անցած տարի իր մայրիկը առողջական խնդիր է ունեցել, սակայն կարողացել են վերականգնել: Բայց այս տարի. «Ֆիզոթերապիայի ինստիտուտում ողնաշարն ուղղելու փոխարեն ստամոքսի խոց առաջացրին: «Հոսպիս» կենտրոնում թերապիաների գնաց եւ վերականգնեց իր ուժերը: Եւ, ահա, նորից լավ չի զգացել իրեն, կրկին գնացել էր «Հոսպիս» կենտրոն: Այդ ժամանակ բժիշկներն արյուն են տեսել, բայց ոչ մի բան չեն ձեռնարկել՝ մտածելով, թե իր ստամոքսի նախկին խնդիրն է»:
Երգչուհու խոսքով՝ իր մորը բուժող բժիշկը՝ Հրանտ Կարապետյանը, առանց անալիզներ վերցնելու իրեն ասել է, որ ձեռքով շոշափել եւ զգացել է, որ մոր լյարդը քայքայված է ու մետաստազ կա, կերակրափողը եւ ներքին օրգանները քայքայված են. «Միթե շոշափելով կարելի է նման եզրակացություն անել: Մենք մայրիկիս տարանք այլ տեղ ստուգելու, պարզվեց, որ նրա մոտ կյանքին սպառնացող խնդիր չկա, ուղղակի արյունահոսությունը կանգնեցնել է պետք, ու մայրս կրկին վերադարձավ, իսկ լյարդը փոքր-ինչ ճարպակալել էր ընդամենը: Ինչեւէ, այս ամենից հետո կրկին վերադարձանք «Հոսպիս» կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց զանգեցին, ասացին՝ Ձեր հիվանդը մահամերձ է: Տեղափոխեցինք «Միքայելյան» վիրաբուժական կենտրոն, որտեղ էլ բժիշկները պնդեցին, որ գաստրոսկոպիա է անհրաժեշտ անել, եւ շատ պնդելուց հետո, առանց որեւիցե թղթաբանության, գաստրոսկոպիա արեցին, ինչին դեմ եմ եղել՝ համոզված լինելով, որ մայրս դրան չի դիմանա: Ինձ ասացին, որ լավ մասնագետ ունեն, գաստրոսկոպիայից հետո ամեն ինչ լավ կլինի, բայց հակառակը եղավ: Պարզվեց, որ ինչ-որ անոթ են ծակել, դրանից արնահոսել է, ավելի ուշ մահացել»:
Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ մահացածների հարազատները բժիշկներին են մեղադրում կատարվածում, սակայն, ինչպես նկատում ենք, իրավիճակն այդպես էլ չի փոխվում: Իրավապահները հարազատների բողոքի հիման վրա քրեական գործ են հարուցում, բժիշկներն իրենց արդարացումներն են ներկայացնում, արդյունքում քաղաքացին իր վշտի հետ մնում է միայնակ, բժիշկներն էլ՝ անպատիժ:
Ուշագրավն այն է, որ բոլոր բժիշկները, ՀՀ առողջապահության նախարարն ու շարքային պատասխանատուները կրկնում են նույն տողերը, թե առանց մասնագիտական եզրակացության դժվար է հստակ ասել՝ ով է սխալ, ով՝ ճիշտ: Բայց մասնագիտական եզրակացությունն էլ այնքան ուշ է տրվում, որ մահացածի հարազատներն արդեն անիմաստ են համարում պայքարելը՝ համակերպվելով ունեցած կորուստի հետ:
Բացառություն չէր նաեւ երգչուհի Աիդա Սարգսյանի մորը բուժող բժիշկը՝ «Հոսպիս» կենտրոնի մասնագետ Հրանտ Կարապետյանը: Նա կատարվածում իր մեղքի բաժինը չի տեսնում. «Աիդա Սարգսյանի մայրը մի քանի ամիս առաջ ցավեր է ունեցել, հակացավային թերապիայի կարիք է ունեցել, որից հետո լավ վիճակում դուրս է գրվել կենտրոնից: Երգչուհին հյուրախաղերի մեջ էր, նրա ընկերուհին զանգահարեց եւ հայտնեց, որ մայրիկի մոտ նույն վիճակն է, կարող է բերել հիվանդանոց, պատասխանեցի՝ այո: Բերեցին, արդեն արյունահոսում էր: Խոսել եմ ե՛ւ Աիդա Սարգսյանի, ե՛ւ ԱՄՆ-ում գտնվող նրա եղբոր հետ, հայտնել եմ՝ եթե արյունահոսությունը կրկնվի, ապա մայրիկին չեն կարողանալու պահել իրենց կենտրոնում: Աիդա Սարգսյանի մայրիկի մոտ ստամոքսի քաղցկեղ էր եւ ենթակա չէր վիրահատման»:
Ըստ բժշկի՝ ինքն անձամբ է երգչուհուն ասել, որ շոշափելով հասկացել է՝ լյարդը մեծացել է. «Հո միայն սոնո չպե՞տք է արվի, որ տեսնվի՝ այն մեծացե՞լ է, թե՞ ոչ»:
Բժիշկն էլ իր հերթին մահացած տիկնոջ հարազատներին մեղադրեց. «Ազգաբնակչության մոտ սովորություն է դարձել բժիշկներին մեղադրելը: Մեղքը իրենց վրայից գցում են: Նույն ձեւով ես կարող եմ իրենց մեղադրել, որ ինչու ժամանակին չեք բերել, ժամանակին չեք տարել վիրաբույժի մոտ, որ այս վիճակը չլիներ»:
Այսպիսով, մինչ բժիշկը արդարանում է, իսկ երգչուհին էլ փորձում եղելությունը ներկայացնել, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ երգչուհու մոր մահվան մասին հրապարակումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քննարկում է սկսվել: Ասել է թե՝ իրավապահները փորձում են կատարվածի ընթացքը որոշել՝ գնալ իրավական ճանապարհո՞վ, թե՞ կատարվածը թողնել անհետեւանք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
«ՀՐԱԶԴԱՆ» ՔԿՀ-Ի ՇՈՒՐՋ
Երբ հոկտեմբերի մեկին «Ժողովուրդ»-ը գրեց, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 13:00 սահմաններում, «Հրազդան» ՔԿՀ-ում, այսպես ասած, «զոն նայող» Անդրանիկը գումարի հարցով առաջացած անհասկացվածությունը փորձել է հարթել ծեծի միջոցով՝ հարվածելով մեկ այլ դատապարտյալ Գրիշային, որն առավել հայտնի է «Խուժան» մականունով, իրավապահները, պարզվում է, արագ ընթացք են տվել հրապարակմանը:
Հիշեցնենք, որ վիճաբանությունն ավարտվել էր քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցների միջամտության արդյունքում, սակայն, ինչպես պարզեցինք, դատապարտյալ Գրիշան բավականին լուրջ վնասվածքներ էր ստացել: ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչությունը կատարվածից հետո ծառայողական քննություն էր նշանակել: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ ԱՆ ՔԿՎ վարչության լրատվական բաժնից տեղեկացավ, որ տեղի ունեցածի մասով նյութեր են նախապատրաստվել, իսկ ավելի ուշ հանցակազմի բացակայության հիմքով մերժվել է տեղի ունեցած միջադեպի գործով քրեական գործ հարուցել: Ասել է թե՝ մեղավորներ չկան:
Դատելով ստեղծված իրավիճակից՝ վեճին ականատես եւ մասնակից դատապարտյալներն, ամենայն հավանականությամբ, վախեցել են բողոքել իրավապահներին՝ ըստ երեւույթին գլխացավանքներից խուսափելու եւ կյանքը կալանավայրում վտանգի չենթարկելու համար: Իսկ թե որքանով ստեղծված աղմուկից դաս քաղեցին եւ զսպվեցին ՔԿՀ-ի «զոն նայողները», ցույց կտա ժամանակը:

 

ԿԴԻՄԻ ԴԱՏԱՐԱՆ
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած, «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Սոնան հայտնեց, որ պատրաստվում է դիմել դատարան: Ըստ դատապարտյալի՝ մշտապես դիմել է ՔԿՎ վարչությանը, որպեսզի կարճաժամկետ մեկնման իրավունք տան. «ՔԿՀ ղեկավարությունը պատասխանում է իմ դիմումին, թե նպատակահարմար չէ, ու չի տալիս բացատրություն, թե ինչո՞ւ նպատակահարմար չէ: Ուստի այս իրավիճակի պատճառով դիմելու եմ դատարան»:
Նշենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ ինչ «Վարդաշեն» ՔԿՀ-ի 9 դատապարտյալ հացադուլ են հայտարարել՝ այդ կերպ փորձելով ՔԿՀ ղեկավարության ուշադրությունը հրավիրել իրենց կողմից բարձրացված խնդիրներն անլուծելի թողնելու համար:
Տեղեկացնենք, որ երեկ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել էր «Վարդաշեն» ՔԿՀ եւ ծանոթացել դատապարտյալների խնդիրներին: Ավելին՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը եւ ՔԿՎ պետի տեղակալ Արսեն Համբարձումյանը եւս եղել են «Վարդաշեն» ՔԿՀ-ում եւ զրուցել դատապարտյալների հետ: Հանդիպումների արդյունքում միայն դատապարտյալներից մեկը համաձայնեց դադարեցնել հացադուլը:

 
ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ
Անցած ամիս ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը երեկ հայտարարել է, թե մինչ առերեսումը, ինքը Ռ. Հայրապետյանի հետ հանդիպում չի ունեցել. «Իհարկե, ոչ, հանդիպում չեմ ունեցել Ռուբեն Հայրապետյանի հետ: Առաջարկություններ եղել են: Իհարկե, հեղինակությունները փորձել են միջամտել, ինչ-որ բաներ հորդորել, արտերկրից մարդիկ են եկել, հորդորել են, բայց բոլորն էլ մերժվել են: Որեւէ մեկը չի կարող փաստել, որ ես որեւէ մեկի հետ բանակցել եմ, կամ փորձել եմ հանդիպել: Ես եմ հրաժարվել հանդիպելուց»: Հակոբյանը հավելել է, որ իրավապահներն իրենց գործը պատշաճ կերպով կատարում են:

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ
ArmLur.am-ի թղթակիցը երեկ՝ ժամը 18:00-ի սահմաններում, Էրեբունի վարչական շրջանի մեջ մտնող Վարդաշեն թաղամասում նկատել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավտոշարասյունը: Պարզելու համար, թե որն էր ՀՀ ոստիկանապետի ավտոշարասյան տեխսպասարկման կետում գտնվելու պատճառը, ArmLur.am-ը դիմել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, որը տեղեկացրել է, որ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է աշխատակազմին հետեւել ՃՈ կոչին: «ՀՀ ոստիկանապետն իր ավտոշարասյունն ուղարկել է տեխսպասրակման կետ եւ անձնական օրինակով ցույց տվել բոլորին, որ անհրաժեշտ է ե՛ւ ծառայողական, ե՛ւ անձնական ավտոմեքենաների դիմապակու մգեցված թաղանթները հեռացնել»,-փոխանցել է Ահարոնյանը:

 

ՄԻՆՉԵՎ ԵՐԲ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 3-ին եւ լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից եւ 60 ու 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

 

ԿՎԵՐԱԲԱՑՎԵՆ
Սիրիայի կառավարական բանակը Հալեպի նահանգում վերահսկողություն է հաստատել Հալեպ-Խանասեր եւ Էսրիա-Սալամիա ավտոմայրուղիների նկատմամբ՝ ոչնչացնելով «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչների: Այդ մասին երեկ հաղորդել է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը` նշելով, որ այսօրվանից այդ մայրուղիները վերստին կբացվեն: Նշենք, որ դա կենսական նշանակություն ունի հոկտեմբերի վերջից շրջափակման մեջ գտնվող հայաշատ Հալեպի համար։




Լրահոս