ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ՆՈՐ «ՄԱՐՏԻ 1» ՉԻ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի թվով երկրորդ մարզային հանրահավաքը: Ու թեեւ հանրահավաքը բազմամարդ չէր, սակայն այն անցավ բավականին ոգեւորված մթնոլորտում:

Նախքան ելույթներով հանդես գալը, շարժման անդամները բնակչությանն իրազեկելու նպատակով երթ անցկացրին: Այնուհետեւ հանրահավաքի մեկնարկին ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով իր խոսքում ընդգծեց այն փաստը, որ իշխանությունը քարոզարշավի առաջին օրվանից սկսած շարունակաբար պնդում է ընդդիմության միասնական չլինելու մասին:
«Իրականության մեջ այդպիսի բան գոյություն չունի: Եւ «Նոր Հայաստանը» եւ «Ոչ»-ի միասնական շտաբը անընդհատ, համատեղ աշխատում են: Մեր բոլոր քայլերը, որոշումները մենք միմյանց հետ քննարկում ենք, նոր դրանից հետո իրականացնում»,- հավաստիացրեց նա:
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Ժիրայր Սէֆիլյանն էլ նշեց, որ իրենք ունեն մեկ կարեւոր նպատակ` ռեժիմի հեռացումը, որի համար ամեն կերպ շարունակելու են իրենց պայքարը: Վերջինս կոչ արեց բոլորին դեկտեմբերի 1-ին հավաքվել Ազատության հրապարակում` միասին պայքարելու ռեժիմի հեռացման համար: «Դեկտեմբերի 1-ին պետք է հավաքվենք Երեւանում: Ամբողջ հայ ժողովուրդը պետք է գիտակցի այդ օրվա կարեւորությունը: Եթե չլրջանանք, քայլեր չկատարենք, ապա կկորցնենք մեր հայրենիքը»: «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի պնդմամբ՝ դեկտեմբերի 1-ի հանրահավաքը ունենալու է բացառապես խաղաղ բնույթ, եւ նրանք թույլ չեն տալու, որ կրկնվեն մարտի 1-ի դեպքերը: «Մենք այլեւս այն մարդիկ չենք, որ թույլ տանք մարտի 1 կրկնվի: Մենք հազարներով, տասնյակ հազարներով հավաքվելու ենք դեկտեմբերի 1-ին, որպեսզի բանը չհասնի քվեարկության»: Սէֆիլյանն իր ելույթում նաեւ խոսեց երկրի ներքին սոցիալ-տնտեսական կեղեքումների մասին: «Այս կեղեքող հարկային քաղաքականությունը, որ առկա է մեր երկրում, մեզ հասցրել է մինչեւ այնտեղ, որ հարկում են դանակ եւ մկրատ սրողներին: Այնպիսի քաղաքականություն է մշակված, որ այսօր տասնյակներով փոքր եւ միջին բիզնեսներ են փակվում»,-ասաց նա:
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանն էլ իր ելույթի ընթացքում նշեց, որ բազմաթիվ կեղծված ընտրությունները հիմք են հանդիսացել, որ միջազգային հանրության աչքերում ձեւավորվի այն պատկերը, թե հայ ժողովուրդը կաշառակեր ժողովուրդ է: «Բազմաթիվ ընտրություններ հիմք տվեցին, որպեսզի այդ պատկերացումը ձեւավորվի: Միայն դա պատճառ հանդիսացավ, որ միջազգային հանրությունը համաձայնեց, որպեսզի Հայաստանում էապես սահմանափակվեն քաղաքացիների ընտրական իրավունքները, որպեսզի քաղաքացիները զրկվեն երկրի գլխավոր պաշտոնյային ընտրելու իրավունքից, որպեսզի զրկվեն ընտրություններին անմիջականորեն մասնակցելու եւ հետագայում մեր երկրում պետական կառավարման կարգը փոխելու հնարավորությունից: Սա աննախադեպ իրավիճակ է»,- նշեց Ղուկասյանը` ընդգծելով, որ հենց այդ թյուր պատկերացումն էլ թույլ տվեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի:
Ելույթների ավարտից հետո «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն ու հանրահավաքի մասնակիցները Վանաձոր քաղաքի փողոցներով երթ անցկացրին, որի ընթացքում ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ քաշքշուք տեղի ունեցավ:
Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մինչեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը շարունակելու է Հայաստանի տարբեր մարզերում քարոզչություն իրականացնել:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 
ՀԻՆԳ ՀԱՅ Է ԶՈՀՎԵԼ
Երեկ Հարավային Սուդանում տրանսպորտային օդանավ է կործանվել, որի հետեւանքով առնվազն 23 մարդ է զոհվել: Ըստ որոշ լրատվամիջոցների՝ զոհերի թիվը հասնում է 41-ի: Ավիավթարը տեղի է ունեցել Ջուբա քաղաքի օդանավակայանի մոտ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ են հաստատել ՌԴ ԱԻՆ-ի ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի հետ, որտեղից հաստատել են, որ նախնական տվյալներով կործանված ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 5-ն ազգությամբ հայեր են եղել:
Իսկ, ահա, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՍ-ում նոյեմբերի 4-ն կործանված ԱՆ-12 ինքնաթիռը շահագործվում էր տաջիկական Asia Airways ընկերության կողմից: Ըստ նախնական տվյալների՝ անձնակազմը բաղկացած էր նաեւ հայազգի օդաչուներից: Տվյալ պահին ՔԱԳՎ-ը կապ է հաստատել Տաջիկստանի ավիացիոն իշխանությունների հետ անձնակազմի անդամների ազգությունը ճշտելու նպատակով, որոնք ցանկացած դեպքում ՀՀ ՔԱԳՎ կողմից օդաչուական անձնակազմի արտոնագրված մասնագետներ չեն: Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը կործանվել էր Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ մեկնող ռուսական մարդատար օդանավը, որի հետեւանքով 224 մարդ էր զոհվել:

 

ԱՐՏՈՆԱԳԻՐ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
Երեկ Տուլայի դատարանը երկամսյա կալանքի տակ վերցրեց Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին տեղեկություն էր ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երեւան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Վթարի արդյունքում 8 մարդ է մահացել, իսկ 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վարորդը չի տուժել: Վթարի ենթարկված ավտոբուսը ՀՀ-ում հաշվառված «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին է պատկանում: Իսկ նշված ընկերության տնօրենը Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանն է՝ Պալաչ: Քննարկվում է վթարի պատճառների երկու վարկած՝ մեքենայի անսարքությունը կամ վարորդի քնած լինելու հավանականությունը:
Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության՝ ՀՀ-ում կանոնավոր ուղեւորափոխադրման լիցենզիա ունի միայն երկու ընկերություն: Այս դեպքում ընկերությունները ՏԿՆ-ի կողմից պարտադիր տեխզննում են անցնում: Նաեւ պետք է ունենան երկու երկրների կողմից կնքված համաձայնագիր: Իսկ մյուս ընկերությունները աշխատում են որպես ոչ կանոնավոր ուղեւորափոխադրող: Դրանք չեն լիցենզավորվում, հետեւաբար չեն էլ վերահսկվում: Ի դեպ, ՌԴ-ում վթարի ենթարկված «Կինգ Դելյուսք» ընկերության ավտոբուսը եւս աշխատել է որպես ոչ կանոնավոր ուղեւորափոխադրող: Իսկ արտոնագիր չունեցող ընկերությունը վթարի դեպքում ֆինանսական փոխհատուցում չի անում:
Այս պահին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության վարույթում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 245-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ից առգրավվել են վթարի ենթարկված ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթերը, այդ թվում՝ տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման վերաբերյալ, վարորդների եւ մյուս աշխատակիցների անձնական գործերը, աշխատանքային պայմանագրերը, էլեկտրոնային տեղեկատվությունը: Հարցաքննվել են նաեւ հիշյալ ավտոտրանսպորտային միջոցի շահագործման եւ սպասարկման համար պատասխանատու անձինք:
Նշենք, որ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների աճյունները այսօր հատուկ չվերթով կտեղափոխվեն Երեւան: Ինքնաթիռով Երեւան կտեղափոխվեն նաեւ այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս մեկնել: Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը Տուլայի բժշկական հաստատություններում կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ նրանց առողջական վիճակը եւս թույլ կտա տեղափոխվել ՀՀ:

 
ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, նոյեմբերի 4-ին ստորագրել է «Սեւանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 320-Ա հրամանը:
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ` հրամանով սահմանված է.
1. Իշխան եւ սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2015 թվականի նոյեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը եւ 2016 թվականի հունվարի 6-ից մինչեւ հունվարի 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սեւանա լճում եւ այնտեղ թափվող գետերում ձկան եւ խեցգետնի որսը:
2. «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Գնդոյանին`
1) մինչեւ ս/թ նոյեմբերի 18-ն ապահովել Սեւանա լճից ձկնորսության եւ խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների, ինչպես նաեւ՝ ժամանակավոր կացարանների դուրս բերումը,
2) շրջիկ հսկողություն իրականացնել Սեւանա լճի առափնյա տարածքներում եւ գետաբերաններում,
3) կազմակերպել ստուգայցեր Սեւանա լճի վրա` համագործակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների հետ:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Հ. Գալստյանին.
1) ապահովել մասնակցությունը սույն հրամանի 2-րդ կետում նախատեսված աշխատանքներին,
2) կազմակերպել ստուգայցեր Սեւանա լիճը գոտեւորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սեւանա լիճ թափվող գետերի վրա:

 

ՊՈՒՇԿԻՆԻ ՄԵԴԱԼ ԱԼԻԵՎԻ ԴՍՏԵՐԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիեւային` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դստերը, երեկ հանձնել է Պուշկինի մեդալ: Ալիեւան նման բարձր պարգեւի է արժանացել «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության ու համագործակցության գործում ունեցած ավանդի, տնտեսական կապերի զարգացման, ռուսերենն ու ռուսական մշակույթն արտերկրում տարածելու համար»: Պարգեւատրման արարողությունը կայացել է Ազգային միասնության օրվա կապակցությամբ:




Լրահոս