ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՈՒՇԱՑՈՒՄԸ` ԿՐԱԿՈՑԻ ՊԱՏՃԱ՞Ռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 26-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանի թիվ 159 ավագ դպրոցի հետնամասի խաղահրապարակում կրակոց է հնչել: Կրակոցի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 45-ամյա Սարգիս Սողոմոնյանը, ում վիրահատել են: Ըստ Սարգիսի հարեւանների՝ կրակոցի պատճառը եղել է  աշխատավարձի ուշացումը:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց թիվ 159 ավագ դպրոց: Ինչպես գիտենք, դպրոցներում այս օրերին արձակուրդ է, բայց, չնայած դրան, դպրոցի փոխտնօրեն Էլլա Զաքարյանը, տեղեկանալով դպրոցի խաղահրապարակում կատարված միջադեպի մասին, եկել էր դպրոց: «Մեր դպրոցի պահակը նույնիսկ չի լսել կրակոցի ձայները. նա այդ պահին դպրոցի բակում գտնվող հողամասում է եղել: Երբ իրավապահներն ուժեղ թակել են դպրոցի դուռը, ես չեմ լսել եւ միայն հավաքված մարդկանց տեսնելուց հետո իմացա, թե ինչ է կատարվում»,-նշեց փոխտնօրենը: Նա Աստծուն փառք տվեց, որ դպրոցում արձակուրդ է, թե չէ ամեն ինչ կարող էր այլ ավարտ ունենալ:
Ըստ տեղեկությունների` դպրոցի խաղահրապարակում կրակոցների հետեւանքով ձախ ոտքի ծնկի ստորին հատվածում ստացած հրազենային վնասվածքով եւ գլխի մասում ստացած հարվածի վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ է տեղափոխվել Գալշոյան 28 շենքի բնակիչ Սարգիս Սողոմոնյանը, ում վիրահատել են եւ տեղափոխել վիրաբուժական բաժանմունք:
«Ժողովուրդ»-ն այցելեց Սողոմոնյանների բնակարան, սակայն այնտեղ ոչ ոք չկար: Իսկ հարեւաններն ասացին, որ տան բոլոր անդամները հիվանդանոցում են: Հարեւաններից նաեւ տեղեկացանք, որ Սարգիսն ամուսնացած է եւ ունի երեք երեխա: «Գիտեմ, որ աղջիկը սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում եւ հիմա էլ աշխատում է արդարադատության նախարարությունում, տղան բանակում է ծառայում, իսկ մյուս երեխան էլ դեռ սովորում է»,-ասաց առաջին հարկում բնակվող հարեւաններից մեկը, ում անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում: Նրա խոսքով` Սարգիսը նորմալ աշխատող մարդ է: «Մեր շենքի դիմաց երկար տարիներ նա լիմոնադի արտադրամաս է բացել եւ աշխատում է: Իր մասին միայն այսքանը կարող եմ ասել»,-նշեց հարեւանուհին: Ապա տեղեկացրեց, որ կրակոցը եղել է պարտքի պատճառով. «Խոսակցություններից գիտեմ, որ ինչ-որ աշխատավարձի ուշացման պատճառով է եղել, ու երեւի Սարգիսն է ուշացրել: Կոնկրետ չգիտեմ, բայց ասում են` դա է եղել պատճառը»:
Եղանք նաեւ Սարգիս Սողոմոնյանի լիմոնադի արտադրամասում, երկար թակեցինք դուռը, սակայն ոչ ոք չբացեց: Նշենք, որ Սարգիսի արտադրամասը, ինչպես նաեւ բնակարանը, բավական մոտ են գտնվում թիվ 159 ավագ դպրոցին, որի խաղահրապարակում հնչել էր  կրակոցը:
Հետո այցելեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ: Փորձեցինք զրուցել Սարգիսի հետ: «Չէ՛, չեմ ցանկանում խոսել, հանգի՛ստ թողեք ինձ»,-ասաց Սարգիսը` հավելելով, որ իր առողջական վիճակը կարգին է, եւ ինքն ավելացնելու, ասելու ոչ մի բան չունի:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը… պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով)  եւ  235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն պահելը, փոխադրելը կամ կրելը` պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով) հատկանիշներով: Տեղեկացանք նաեւ, որ հանցագործը հետախուզման մեջ է, նրան դեռ չեն հայտնաբերել:
Չցանկանալով առաջ անցնել եւ կարծիք հայտնել՝ միայն փաստենք, որ մերօրյա ծանր սոցիալական պայմաններում նույնիսկ մեկ օրվա աշխատավարձի ուշացումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս