«ԿԱՐԵԼԻ ԷՐ 50 ՀՈԳՈՒ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՍԱՐՔԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի մի խումբ (20 հոգի) աշխատակիցներ դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Պաշտպանին ուղղված դիմումով նրանք հայտնել են, որ արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը ոտնահարում է իրենց աշխատանքային իրավունքները` պահանջելով աշխատանքից ազատման դիմում ներկայացնել: Իսկ ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Հովիկ Թամազյանը տարօրինակ չի համարում, որ մեկուկես ամսվա ընթացքում աշխատանքից 20 հոգի է ազատվել, ավելին, նա նշում է. «Ես Ձեզ ասեմ, որ մեկուկես ամսվա ընթացքում կարելի էր 50 հոգու ազատել աշխատանքից»:
ՄԻՊ-ը ՊՈԱԿ-ի աշխատակիցների դիմումն ընդունել է քննարկման եւ համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ է ուղարկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ բնապահպանության նախարարություններ: Աշխատակիցների խոսքով` ներկայիս տնօրենն աշխատակցի հետ նպատակահարմար չի գտնում աշխատել, ստիպում է ազատման դիմում ներկայացնել` առանց հաշվի առնելու աշխատանքային փորձը, կրթությունը, տարիքը: Բացի այդ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը լարվածություն է մտցրել աշխատակիցների միջեւ եւ կոլեկտիվի ներսում ստեղծել բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ:
«Դրա հետ կապված` մենք բողոքն ընդունեցինք քննարկման եւ երկու գրություն պատրաստեցինք: Դրանք ուղարկեցինք երկու պետական կառույցներին եւ խնդրեցինք ուսումնասիրել քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ու դրանց հետ կապված պարզաբանումներ տալ: Հիմա երկու կառույցների կողմից պատասխաններ ենք  ստացել, սակայն դրանք հակասում են իրար: Եվ նրանք ուղարկել են ինձ կոնկրետ արգելոցի տնօրենի` բնապահպանության նախարարությանը տրված պատասխանը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց ՄԻՊ գրասենյակի իրավապաշտպան Ռուզաննա Ղազարյանը:
Պատասխանում նշված է, թե որ աշխատակիցը երբ է ընդունվել եւ ինչ պատճառաբանությամբ ազատվել աշխատանքից: «Նշված է նաեւ, թե, իբր, ազատված աշխատակիցները զեկուցագրեր են գրել ստացած նկատողության համար, ինչպես նաեւ՝ որ   աշխատակիցներին  աշխատանքից ազատել են աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, բայց կոնկրետ մեզ դիմած քաղաքացիները վստահեցնում են, որ իրենք երբեւէ նկատողություն չեն ստացել: Եվ պատասխանի վերջում նշել են, որ կից ներկայացնում են դիմում-բողոք գրած 18 անձանց կողմից ստորագրված զղջման գրությունը՝ ներկայացված ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությանը»,-ասաց իրավապաշտպանը:
«Մենք` ներքոստորագրյալներս, հայտնում ենք Ձեզ, որ Ձեր դեմ ուղղված դիմում-բողոքը եղել է պահի ազդեցության տակ՝ մեր աշխատանքային բնույթի պահանջներին չհարմարվելու պատճառով, ուստի խնդրում ենք դիմում-բողոքը հետ վերադարձնել»,-նշված է զղջման գրությունում: Բայց իրավապաշտպանը վստահեցնում է, որ դիմումատուները նման զղջման գրության տակ չեն ստորագրել, ավելին, տեղյակ չեն դրանից:
Իսկ ՀՀ սոցապ նախարարությունը դրան հակառակ պատասխան է ուղարկել եւ հայտնել, որ աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում, եւ արձանագրվել են մի շարք խախտումներ, այսինքն՝ այնտեղ կարգապահական տույժ նշանակելուց առաջ աշխատողներից չի պահանջվել բացատրություն, կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանների վերաբերյալ եռօրյա ժամկետում պատշաճ կարգով չեն ծանուցվել աշխատողները, 12 անձանց հետ աշխատանքային պայմանագրերը լուծվել են աշխատողների նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումների հիման վրա: Երկու աշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք խախտումներով թվով 18 աշխատողների հետ չի կատարվել վերջնահաշվարկ` մոտ 2 մլն դրամի չափով, չեն լրացվել եւ աշխատողներին չեն հանձնվել աշխատանքային գրքույկներ:
Միաժամանակ տեղեկացրել են նաեւ, որ ստուգման արդյունքում գործատուին կտրվի պարտադիր կատարման հանձնարարական` արձանագրված խախտումները վերացնելու, դրանք կանխարգելելու նպատակով, ու կկիրառվեն վարչական տույժեր: «Տեսչությունը այսքան բանն արձանագրել է, բայց, փաստորեն, բնապահպանության նախարարության կողմից ուղարկված գրության համաձայն՝ այնտեղ ամեն ինչ կարգին է: Երկու կառույցներն էլ իրար հակասում են: Նշեմ, որ դիմումատուներն իրենց դիմումում առաջարկել էին նաեւ հանդիպում կազմակերպել, որտեղ պետք է ներկա լինեին բնապահպանության նախարարը, ՊՈԱԿ-ի հին ու նոր տնօրեններն ու ազատված աշխատակիցները: Փաստորեն, նախարարը դրան էլ չի անդրադարձել, եւ այդ հավաքը չի կայացել»,-նկատեց Ռ. Ղազարյանը:
Իսկ ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Հովիկ Թամազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, վերոնշյալը մեկնաբանելով, ասաց. «Էդ մարդիկ, ովքեր դիմում էին գրել Պաշտպանին, մի դիմում էլ մեզ են գրել, որտեղ զղջացել են բողոքելու համար: Կարող եք իրենց երկու գրություններն էլ համեմատել ու կտեսնեք, որ դրանք նույն մարդիկ են գրել: Իրենք իրենց դիմումի համաձայն են ազատվել աշխատանքից, ուղղակի իրենք իրենց աշխատանքային պարտականություններում թերացել են: Մենք մարդ չենք հեռացրել աշխատանքից»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու մեկուկես ամսվա ընթացքում 20 աշխատակից ազատվեց աշխատանքից, նա պատասխանեց. «Աղջի՛կ ջան, ես Ձեզ ասեմ, որ մեկուկես ամսվա ընթացքում կարելի էր 50 հոգու ազատել աշխատանքից»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս