Աղետի գոտի: Բարձր պաշտոնների ձգտող բոլոր «քաղաքական գործիչներն» անդրադառնում են այս հիմնախնդրին, խոստանում վերացնել աղետի գոտի կոչվածը, բայց արդյունքները չկան եւ չեն էլ եղել: «Օբյեկտիվ» լրատվամիջոցների «շնորհիվ» մայրաքաղաքի եւ սփյուռքի բնակիչները տեսնում են ծաղկում ապրող Վանաձորը, Գյումրին եւ աղետի գոտու այլ քաղաքներ, մինչդեռ իրականությունն այլ է:
Վանաձորի «Բանգլադեշ» թաղամասը հայտնի է նաեւ որպես տնակների թաղամաս, Սանկտ-Պետերբուրգ փողոցի երկայնքով սփռված է մի թաղամաս, որտեղ տիրում են աղքատությունը, աղբակույտերը, փոսերով փողոցները: Մոտ 5000 քմ մակերեսը զբաղեցնում են տնակները, որտեղ բնակվում են սոցիալապես անապահով ընտանիքներ: Թաղամասը Տանձուտ գետի ափին է, որն այլ կերպ կարելի է աղբանոց ավանել:
«Բանգլադեշ» թաղամասի բնակիչ 44-ամյա Թագուհի Քոչարյանն ընտանիքով մոտ 8-9 տարի է` ապրում է տնակում: Փայտի կտորներից եւ թիթեղից հավաքված տնակը, կարելի է ասել, տանիք չունի: «Մենակ եկե՛ք անձրեւի ժամանակ ու տեսե՛ք` ինչ ա կատարվում, զոնտիկով ենք ման գալիս, ամեն տեղից ջուրը տուն ա լցվում, ջրամատակարարման համակարգ չկա, ջուրը մոտակա աղբյուրից ենք կրում բերում, ջեռուցման միակ միջոցն էլ պլիտեն ա: Ապրում եմ 2 աղջկաս եւ 2 թոռնիկիս հետ, սոցիալապես անապահով ենք: 4 տարի առաջ դիմում եմ ներկայացրել քաղաքապետարան, բայց պատասխան չեմ ստացել, 4 տարի ա` հույս ենք փայփայում, որ տուն ստանանք, բայց իսկի տանիքը չեն սարքում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Թ. Քոչարյանը:
Նրանք ամեն ամիս ջրի վարձ են մուծում, բայց ջրաչափ չկա, եւ մի քանի ընտանիքով օգտվում են մեկ աղբյուրից: «Գետնի տակից ջուր ա գալիս, առանց ջրաչափ, առանց բան, մենք էլ օգտվում ենք, մարդիկ քաղաքում պուլպուլակներ են դնում, փող չեն մուծում, գալիս են ըստեղ, մեքենաներն են լվանում, մոյկա են սարքել, բայց փողը մենք ենք տալիս, չլսված բան ա. վճարում ենք ջրի համար, որից օգտվում են բոլորը»,-նշեց տիկին Թագուհին: Փաստորեն, աղբյուրի ջրի համար վարձավճար են տալիս «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: «Մեզ մոտ բակային ռեժիմ է, եւ ամեն ամիս ամեն ընտանիք վճարում է 400 դրամ` աղբյուրից օգտվելու համար»,-ասաց բնակիչներից մեկը:
Նշենք, որ, ըստ կտրոնի, Քոչարյանների ընտանիքը նախորդ ամիս վճարել է 615 դրամ ջրի վարձ, իսկ թե ինչ մեթոդով են հաշվարկում ծախսված ջրի չափն առանց ջրաչափի, եւ ինչպես են բաշխում վարձը բնակիչների միջեւ, հայտնի չէ: Թ. Քոչարյանը վերջում ավելացրեց. «Հույս չունենք, որ քաղաքային կամ մարզային իշխանությունները կօգնեն, գոնե բարեգործական կազմակերպություններն իմանան, օգնեն, տանիքը վերանորոգենք»:
Հ.Գ. Երեւի սույն հրապարակումը կզայրացնի ՀՀԿ նախագահին, որը դժգոհում է, թե լրատվամիջոցները երկրում գաղջ մթնոլորտ են ստեղծում: Նրան ու իշխանավորներին խորհուրդ կտանք մի օր այցելել անձրեւաշատ Վանաձորի նշված թաղամաս` չմոռանալով անձրեւանոցներ վերցնել: Եվ նրանց չենք նախանձի:
Վանաձոր