ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ավանդատուն բանկում ունի մի քանի տեսակի բանկային ավանդային հաշիվներ, ապա այս դեպքում արդյոք բոլոր այդ ավանդները երաշխավորվում են: Կոնկրետ ո՞ր տեսակի ավանդները չեն երաշխավորվում հիմնադրամի կողմից:

Տիգրան Մխիթարյան (38 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջին հարցի հետ կապված՝ նշենք, որ այո՛, երաշխավորված ավանդների հատուցման նպատակով ավանդատուի` նույն բանկում ունեցած բոլոր դրամային ավանդները (հաշիվները) համարվում են մեկ ավանդ, եւ ավանդատուի՝ նույն բանկում ունեցած բոլոր արտարժութային ավանդները (հաշիվները) համարվում են մեկ ավանդ: Հաշիվները ներառում են ընթացիկ, խնայողական, ժամկետային, համատեղ եւ այլ տեսակի հաշիվներ:
Իսկ ինչ վերաբերում է այն ավանդներին, որոնք չեն երաշխավորվում, ապա տեղեկացնենք, որ դրանք այն ավանդներն են, որոնք ճանաչվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, պատկանում են բանկի ղեկավարին եւ նրա ընտանիքի անդամներին, պատկանում են բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ նրա ընտանիքի անդամներին, ներդրվել են ներդրման պահին բանկի սահմանած տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով, եւ եթե սեփականատերը հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից:

ՀՀ ավանդների հատուցումը
երաշխավորող հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ ավանդային գումարի երաշխավորված մասը սահմանափակ է: Այսինքն՝ գումարի որոշակի չափ գերազանցելու դեպքում ավանդի երաշխավորը ինքնաբերաբար դառնում է տվյալ բանկը: Այս դեպքում մեր այն հայրենակիցներին, որոնք խնայողություններ ունեն եւ ձգտում են տոկոսների տեսքով եկամուտ ստանալ, առաջարկում ենք գումարները ներդնել ընտանիքի բոլոր անդամների անուններով:




Լրահոս