ԹԱԳԱՎՈՐ ԱԽՊԵՐ ՋԱՆԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա մարտի 19-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով աշխատանքից ազատվեց գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանը: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նրան պաշտոնանկ անելու պատճառը եղել է “թագավոր ախպեր ջան” արտահայտությունը: 
“Ժողովուրդ”-ը նախկինում առիթ ունեցել է անդրադառնալու որսի սիրահար դատախազ Սուրիկ Պարսամյանի գործունեությանը՝ տեղեկացնելով, որ նա ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի հետ մշտապես որսի է գնացել: Եվ ահա, հերթական զրույցի ժամանակ դատախազ Պարսամյանը Գ. Ծառուկյանին դիմել է ,թագավոր ախպեր ջանե` մոռանալով, որ այս երկրում “թագավորը մեկն է”: Եվ ահա այս խոսակցությունն աշխատանքից ազատելուց կարճ ժամանակ առաջ համապատասխան մարմինների ականջին է հասել: 
Հիշեցնենք, որ Ս. Պարսամյանը ժամանակին Արարատի մարզի դատախազն էր, ՀՀ գլխավոր դատախազի հետ Ս. Պարսամյանի հարաբերությունները, ըստ մեր ունեցած տեղեկությունների, վատ չէին, ընդհակառակը: Բայց միաժամանակ հասարակության լայն շերտերին հայտնի չէ այնպիսի արարք կամ խախտում, որի համար վարչության պետը կարող էր պաշտոնանկ արվել:
Տեղեկացնենք նաեւ, որ Ս. Պարսամյանը ՀՀ գրեթե բոլոր մարզերում աշխատել է եւ իր գործունեության ընթացքում հասցրել բազմաթիվ սեփականությունների ու բիզնեսների տեր դառնալ: Նրան է պատկանում նաեւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող “Բոռա” ռեստորանային համալիրը՝ չնայած նախկին դատախազը նշում է, որ  ռեստորանի տնօրենն իր որդին է՝ Արմեն Պարսամյանը: Ինչեւէ, դատախազի պաշտոնանկության առիթով ,Ժողովուրդե-ը զրուցեց Սուրիկ Պարսամյանի հետ:

-Պարո՛ն Պարսամյան, մինչ օրս բոլորի համար անհայտ է, թե ինչու Ձեզ պաշտոնանկ արեցին: 
-Իմ՝ աշխատանքից հեռանալու պատճառը, ասում եմ, իմ դիմումի համաձայն է եղել:
-Իսկ ինչո՞ւ որոշեցիք հեռանալ համակարգից:
-Որովհետեւ 37 տարի աշխատում եմ ու որոշել եմ այլեւս չաշխատել: Գնացել եմ երկարատեւ ծառայողական կենսաթոշակի: Որեւէ խնդիր չի առաջացել: Ես բոլորովին խնդիրներ չունեմ, ես իմ ղեկավարի հետ երկար ու ձիգ տարիների աշխատանքային փոխհարաբերություններ ունեմ, շատ ջերմ հարաբերություններ, մինչեւ այսօր էլ մեր հարաբերությունները շատ ջերմ են, եւ շատ ջերմությամբ էլ իրարից բաժանվել ենք: Իսկ այսօրվա դրությամբ լավ ընկերներ ենք: Հանրապետության գլխավոր դատախազն ինձ հարազատ մարդ է, մինչեւ այսօր էլ հարազատ է ու կմնա մինչեւ կյանքի վերջ, որովհետեւ մենք ընկերներ ենք: Քննիչ աշխատելու ժամանակվանից շփվել ենք, ես շատ բարեխիղճ ծառայել եմ, իմ ծառայությունն էլ իր կողմից շատ բարձր է գնահատվել: Ու ես դիմում եմ գրել, որ գնում եմ վաստակած հանգստի:
-Տեղեկություններ կան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ որսի ժամանակ…
-Գիտեք ինչ, ես արդեն հոգնել եմ այդ հարցերից: Մարդու հետ ընկերություն անելը դեռ չի նշանակում, որ դա պետք է տարբեր բամբասանքների առարկա դարձնել: Ես հոգնել եմ դրանից. արդեն հերիք է: Այդ հարցին չեմ ուզում պատասխանել. դրանք լրիվ սուտ, սուտ, սուտ տեղեկություններ են, ու ավելորդ եմ համարում այդ հարցին պատասխանելը:
-Բայց Դուք չեք լսել իմ հարցը:
-Դե ինչ պիտի ասեք, պիտի ասեք, որ Ծառուկյանի հետ որսի եք գնացել… Ես Ծառուկյանի հետ որսի էլ եմ գնացել, Ծառուկյանի հետ հաց էլ եմ ուտում, Ծառուկյանի հետ շփվում էլ եմ արդեն 20 տարուց ավել:
-Նշվում է, որ այդ որսի օրերից մեկի ժամանակ Ծառուկյանին դիմել եք ,թագավոր ախպեր ջանե, ինչն էլ Ձեզ պաշտոնից ազատելու պատճառ է դարձել:
-Ո՛չ, ո՛չ, դրանք ստահոդ տեղեկություններ են, նման բան չկա: Ես դաստիարակություն ունեմ, ես դաստիարակված անձնավորություն եմ, ես գիտեմ՝ մեր երկրի թագավորը, մեր երկրի ղեկավարն ով է, եւ թող ոչ ոք նման ստահոդ տեղեկություններ չտարածի:
-Այժմ ինչո՞վ եք զբաղված, Ձեր բիզնեսներո՞վ:
-Ես բիզնեսներ չունեմ: Ես հիմա հանգստի եմ, վաստակած հանգստի ու չեմ էլ աշխատելու, որովհետեւ իմ թոշակն ինձ կբավարարի: 37 տարի ծառայել եմ ու կարծում եմ՝ դա շատ երկար ժամանակ է, հիմա էլ ինձ համար իմ հանգիստն եմ վայելում, ուզում եմ հանգիստ կյանքով ապրել մի քիչ: 
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 509 համար




Լրահոս