«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատարանում երեկ շարունակվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ հայցի լսումն ընդդեմ «Հրապարակի»։ Հայցվորը համարում է, որ իրեն զրպարտել են, որ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը «Հրապարակը» հատուկ տպագրել է իրեն վարկաբեկելու համար։ Հերթը պատասխանողի ներկայացուցիչներինն էր. Լուսինե Հակոբյանն առարկում էր հայցի դեմ, մասնավորապես, ապացուցելով, որ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածն ամբողջությամբ համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած «ողջամիտ հրապարակում» տերմինին։
«Ողջամիտ հրապարակում» հասկացության բնորոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվել է Ֆլաքսն ընդդեմ Մոլդովայի գործում` ընդգծելով․ «Այնպիսի իրավիճակներում, երբ հրապարակվում են փաստական տվյալներ եւ չեն ներկայացվում բավարար ապացույցներ դրանք հաստատելու համար եւ, միեւնույն ժամանակ լրագրողը քննարկում է հարց, որն իրապես բխում է հանրային շահից, շատ կարեւոր է հասկանալ, թե արդյոք լրագրողը գործե՞լ է պրոֆեսիոնալ եւ բարեխիղճ կերպով»։ Ըստ Լուսինե Հակոբյանի, «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի ողջ բովանդակությունից եւ, հատկապես, վերջին երկու նախադասություններից, այն է` «Ուզում ես հանրային դեմք լինել, պետք է հաշտվես այս հիվանդագին հետաքրքրասիրության տհաճ փաստի հետ: Այլ ճանապարհ չկա», ակնհայտ է դառնում, որ հրապարակումն արվել է հանրային շահին վերաբերող խնդրի վերաբերյալ, որն է. եթե հանրային դեմք ես ու սեփական նախաձեռնությամբ հասարակությանը ներկայացնում ես քո մասնավոր կյանքի առանձին ասպեկտներ, ապա պետք է հանդուրժող լինես հանրության անգամ հիվանդագին հետաքրքրասիրության նկատմամբ: Դոկտոր Խաչատրյանը, փաստորեն, ընտրեց «այլ ճանապարհ»՝ երկար ու անարդյունավետ դատավարության, որի ամեն նիստին կարդում են վթարի մասին երկար-բարակ մեջբերումներ, ինչն ըստ էության փորձում են հերքել հայցվորն ու իր ներկայացուցիչը։ Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը կրկին շարունակում էր նույն հարցը տալ, թե արդյոք մեր հրապարակման հայտնի հատվածը, որում «որոշ լրատվամիջոցներ» հղումն ենք կատարել, վերաբերո՞ւմ է դոկտոր Խաչատրյանին։ Նույն հաջողությամբ կարելի է հանրային դեմքերի հանդուրժողականության վերաբերյալ հոդվածից ցանկացած բառ կամ անուն-ազգանուն վերցնել եւ ասել, որ հոդվածն այդ բառի կամ այդ անվան վերաբերյալ է։ Օրինակ, կարելի է հարցնել՝ արդյոք այդ հոդվածը հանրության մասի՞ն է, Հովիկ Հայրապետյանի մահվան մասի՞ն է, Սարկոզիի եւ նրա կնոջ, Բիլ Քլինթոնի, Անգելա Մերկելի մասի՞ն է եւ այլն։ Կարեն Մեժլումյանը նաեւ կասկածներ ունի. նա հարցրեց, թե արդյոք Սյուզան Սիմոնյա՞նն է Ալիս Խեչոյանը, որը hzam.am կայքում դոկտոր Խաչատրյանի մասին նյութեր է գրում։ Հաջորդ հարցն ավելի տարօրինակ էր՝ արդյոք անձնավորությունը, որի նկարը տեղադրված է «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի վերնագրի վերեւում, Ռուզաննա Խաչատրյա՞նն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: