Ինչպես արդեն հայտնել էինք՝ նոյեմբերի 7-ին Երևանի Արշակունյաց պողոտայում մահացու վրաերթի էր ենթարկվել Արաբո Կարապետյանը: Վերջինս Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանի որդին է: Վարորդը 30-ամյա Գևորգն է եղել, ով աշխատում է ՀՀ Պն-ում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մահ) հատկանիշներով:
Նկատենք, որ Սուրենավան համայնքի ղեկավարի որդիների գլխին, կարծես, վերջին շրջանում սև ամպեր են կուտակվել: Այս դժբախտ դեպքից առաջ էլ վրաերթի մասնակից է եղել գյուղապետի մյուս որդին՝ 18-ամյա Արտավազդ Կարապետյանը: Այսպես, սեպտեմբերի 3-ին վրաերթ էր տեղի ունեցել Էրեբունի փողոցի թիվ 16 շենքի դիմաց: Ժամը 19:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 3 տարեկան Տիգրան Հովհաննիսյանին: Ապա պարզվել էր, որ նշված մեքենան հաշվառված է Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետարանի հաշվեկշռում և սպասարկում է գյուղապետ Կարո Կարապետյանին: Իսկ մեքենան վարել էր նրա կրտսեր որդին՝ Արտավազդ Կարապետյանը: Վերջինս ավելի ուշ խոստովանել է, որ վրաերթ իրականացնողը եղել է ինքը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը այսօրվա իր համարում հայտնել էր, որ դեռևս 2013 թվականին ավտովթարից մահացել էր նաև Սուրենավանի գյուղապետ, 51-ամյա Վարդգես Ղազարյանը, սակայն այդպես էլ անհայտ մնաց, թե ով էր եղել գյուղապետի ճանապարհը կտրած ավտոմեքենայի վարորդը, ինչի պատճառով տեղի էր ունեցել ավտովթարը: Թերթի փոխանցմամբ՝ այս առիթով հարուցված քրեական գործը հետագայում կարճվեց, որից հետո համայնքում տեղի ունեցան գյուղապետի ընտրություններ, և համայնքի ղեկավար ընտրվեց Կարո Կարապետյանը, որի որդին ևս ավտովթարի զոհ դարձավ:
Ի դեպ, 2011-ի դեկտեմբերին քրեական գործ էր հարուցվել Կարո Կարապետյանի նկատմամբ՝ պաշտոնական անփութության և հատկանիշներով: Նա ամիսներ շարունակ հետախուզման մեջ է եղել: Արդյունքում՝ շարունակում է պաշտոնավարել:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: