Ժառանգությունը՝ Պռոշյանի գյուղապետի սպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” կուսակցությունը հայտարարություն է տարածել Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի՝ երեկ առավոտյան տեղի ունեցած սպանության կապակցությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
“Ժառանգություն”կուսակցությունում ցավով տեղեկացանք Պռոշյան ավանում կատարված սարսռեցնող ահաբեկչության մասին, որ ընդհատեց ազատամարտիկ, համայնքապետ Հրաչ Մուրադյանի կյանքը: Մեզանից հեռացավ մարդ, ով վայելում էր սեր և հարգանք, ով մասնակից ու հերոս էր Արցախյան ազատամարտի, ով ապրում և գործում էր ի շեն և բարօրություն հայրենի եզերքի:
Միայն երկրում առկա ամենաթողության և անպատժելիության մթնոլորտում կարող էր նման քստմնելի հանցագործություն կատարվել, երբ իր աշխատավայրի առջև իր աշխատակիցների հետ զրուցող համայնքապետը անշնչացած գետին տապալվի դավադիր ու հեռահար կրակոցից: Ում պատվերով և ում իրացմամբ է կատարվել հանցագործությունը՝ պատկան մարմինները պարտավոր են օր առաջ բացահայտել:
Խստորեն դատապարտելով կատարված ահաբեկչությունը պահանջում ենք հանցանքի շուտափույթ բացահայտում և սգո այս ժամին մեր վշտակցությունն ու կարեկցանքն ենք հայտնում Մուրադյանի հարազատներին, ընկերներին, կուսակիցներին:
“Ժառանգություն” կուսակցության վարչություն




Լրահոս