Արարատի մարզում 54-ամյա տղամարդու դին եղել է գանգի կոտրվածքներով. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում այսօր՝ նոյեմբերի 9-ին, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում 54-ամյա քաղաքացու դիակի հայտնաբերման մասին:

Ըստ այդմ, ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 54-ամյա Վ.Սարգսյանի սպանության դեպքի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2015թ. նոյեմբերի 9-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող դաշտում հայտնաբերվել է Մասիս-Կայարան 6-րդ շենքի 4-րդ բնակարանի բնակիչ Վաչագան Մյասնիկի Սարգսյանի դին` դեմքի և գլխի մասերում արնանման հետքերով:

Դատաբժշկի կողմից տրված նախնական հետազոտության արդյունքների համաձայն՝ արձանագրվել են գանգի հիմի և թաղի ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Վ.Սարգսյանի սպանության բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։




Լրահոս