ՔԱՆԻ ԱՅՈ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԵՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեսանելի է, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ՝ տարբեր գերատեսչությունների ղեկավարները, պատասխանատուները եւ մարզային իշխանությունները փորձելու են բոլոր միջոցներով ապահովել իրենց հանձնարարված այո-ի քվեների քանակը:

«Ժողովուրդ»-ը զրուցել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են պատրաստվում անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ ինչպիսի ռեսուրսներով են այո-ն ապահովելու: Նշենք նաեւ, որ «Ժողովուրդ»-ը իր նախորդ համարում, անդրադառնալով հանրաքվեի հնարավոր արդյունքներին, կանխատեսել էր, թե ինչքան այո կարելի է կանխատեսել հանրաքվեին վերոհիշյալ եւ այլ մարզերում` ըստ իշխանությունների պլանի:
Այսպիսով՝ Շիրակի մարզում հնարավոր է կանխատեսել 70 հազար, իսկ Արագածոտնի մարզում 40 հազար այո:
Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում թե՛ Շիրակի, թե՛ Արագածոտնի մարզպետները միաբերան նշեցին, որ չեն կարող հստակ թիվ ասել: Նրանց խոսքով՝ գուշակություններով չեն զբաղվում, եւ ամեն ինչ դեկտեմբերի 6-ին կերեւա:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան
-Պարո՛ն Ցոլակյան, դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին մնացել է ուղիղ մեկ ամիս ժամանակ: Ինչպե՞ս եք պատրաստվում:
-Ինչպես բոլորը:
-Դուք այո-ի ինչպիսի՞ տոկոս եք ակնկալում եւ ի՞նչ ռեսուրսներով եք այն ստանալու:
-Կան մարդիկ, կան ագիտացիայով զբաղվող մարդիկ, կան համապատասխան շտաբներ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ: Արդեն սկսել են աշխատանքը: Շտաբի աշխատանքների արդյուքում էլ կերեւա՝ ինչ են արել: Արտառոց որեւէ բան չկա: Ինչ վերաբերում է թվին, չեմ կարող ասել, թե ինչքան այո կլինի: Դա ամսի 6-ին հաշվելուց հետո կերեւա:
-Այսինքն՝ որեւէ թիվ չեք կարո՞ղ կանխատեսել:
-Չէ՛, չէ՛, չէ՛:
-Պարո՛ն Ցոլակյան, իսկ մտավախություն չունեք, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ էլ կպարտվեք, ինչպես դա եղավ 2013 թվականի նախագահական ընտրություններում, երբ մի շարք մարզերում, այդ թվում եւ Ձեր մարզում, Սերժ Սարգսյանին չհաջողվեց ցանկալի արդյունք ստանալ:
-Չեմ մտածում, ոչ մի բանի մասին չեմ մտածում, ես զբաղվում եմ շտաբների աշխատանքները համակարգելով, այդ բաների մասին մտածելու ժամանակ չունեմ

 

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան
-Պարո՛ն Սահակյան, ինչպե՞ս եք պատրաստվում հանրաքվեին:
-Նորմալ:
-Այո-ի ինչպիսի՞ ցուցանիշ պետք է ապահովեք: Ձեր հաշվարկներով մարզում որքա՞ն այո կլինի:
-Չեմ կարող ասել, ես նման գուշակություններ չեմ անում: Այո-ն ես չեմ ապահովելու, մարդիկ են գնալու ընտրության` քվեարկելու:
-Իսկ ի՞նչ ռեսուրսներով եք պատրաստվում այո-ն ստանալ:
-Մեր ռեսուրսն եղել է 1 տարի, 2 տարի, 5 տարի առաջ մեր կատարած աշխատանքը: Այսօր չպետք է գնանք, ռեսուրս գտնենք, այսօր չպետք է գնանք, մարդկանց բացատրենք: Մենք հսկայածավալ աշխատանքներ ենք կատարել: 125 դպրոց կա մարզում, 97-ը հիմնովին վերանորոգվել են, խմելաջրի ներքին ցանց ենք փոխել այս տարիների ընթացքում: 300 կմ ոռոգման ցանց ենք փոխել, 34 հատ նախակրթարան ենք բացել, 43 հատ մանկապարտեզ ենք բացել, մշակույթի տներ ենք վերանորոգել: Այս 5 տարի է՝ գյուղացուն երկրի նախագահի աջակցությամբ շուկայականից զգալի ցածր գնով պարարտանյութ, դիզվառելիք, սերմացուներ են տրամադրվում, այսինքն՝ նոր չպետք է ժողովրդին բան բացատրել, ընտրարշավ պետք է անենք: Կարծում եմ՝ մարդիկ այդ կատարած աշխատանքները չեն կարող մոռանալ, իրենց աչքի առաջ է եղել:
-Իսկ թվարկված աշխատանքներն ի՞նչ կապ ունեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ:
-Նոր Սահմանադրություն, նոր առաջընթաց, նոր ծրագրեր, նոր գաղափարներ…
-Պարո՛ն Սահակյան, ըստ Ձեզ՝ մարզում այո ասողների թի՞վն է գերակշռելու, թե՞ ոչ-ի:
-Բնական է, որ գերակշիռ մասը կլինի այո: Միլիարդավոր դրամների աշխատանք է կատարվել մարզում, բա ինչ պետք է լինի:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 
«ՀՐԱԶԴԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏ»-Ը ՆՈՐ ՊԱՐՏԱՏԵՐԵՐ ՈՒՆԻ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի պարտատերերի կողմից ներկայացվել են նոր պարտատերեր, ովքեր ներկայացրել են իրենց պահանջները:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանը տեղեկացրեց, որ պարտատերերի ցուցակի նկատմամբ մարզադաշտի տնօրինության կողմից առարկություն է ներկայացվել: Նրա խոսքերով՝ պարտատերերի ցուցակը չի հաստատվել: Եւ սրա կապակցությամբ դատական նիստ է հրավիրվել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին: «Գործը շահառուների բավարարման փուլում է գտնվում: Պարտատերերի կողմից ներկայացված պահանջների հետ մարզադաշտի տնօրինությունը չի համաձայնել եւ դատարանում պահանջի հարցը կքննվի: Բայց պարտապանը իր հերթին պնդում է՝ երբ դատարանը վերջնական որոշում կկայացնի պահանջի չափով գումար տալու մասին, այդ ժամանակ չի առարկի: Բայց հիմա չի ընդունում»,- ներկայացրեց սնանկության գործով կառավարիչը: Զրույցի ավարտին Կոշեցյանը նկատեց նաեւ, որ այս պահին «Հրազդան կենտրոնական մարզադաշտ»-ը գրավադրված է:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա հունիսի 26-ի վճռով սնանկ էր ճանաչվել: Սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ Աշոտ Աղաբաբյանը միտումնավոր է գնացել սնանկացման ճանապարհով, որպեսզի ազատվի պարտքերից ու լրացուցիչ պարտականություններից:
Հավելենք, որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի աշխատակիցները այս տարվա հունիսի 8-ին դիմել էին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Նշենք, որ ընկերության աշխատակիցները չեն ստացել այս տարվա փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսների աշխատավարձերը: Իսկ թվով 75 աշխատակիցների աշխատավարձային պարտքի գումարը կազմում է 19 մլն 823 հազար 169 դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
«Ժողովուրդ»-ին է դիմել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ գյուղի ժամանակավոր բնակիչ, 41-ամյա Մանյա Ղազարյանը (օրիորդական ազգանունը՝ Ղազախյան): Մանյան որպես կապավոր ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության Իջեւանի զորամասում: Նրա ամուսինը տարիներ առաջ մահացել է: Մ. Ղազարյանը Ազատամուտում վարձով բնակվում է իր 30-ամյա քրոջ եւ 16-ամյա աղջկա հետ: Մանյան ասաց, որ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքար գյուղում գտնվող իրենց հայրական՝ Ղազախյանների ընտանիքին պատկանող տունը 1990-ական թվականներին ադրբեջանական գնդակոծությունից վնասվել է:
Ընտանիքը նյութական միջոցներ չի ունեցել նորոգելու համար, եւ այն վթարային է դարձել: Մանյան վկայում է, որ իր հոր մահից հետո մայրը ծանր վիրահատության է ենթարկվել, նրան վթարային տան մեջ չպահելու, նաեւ մոր դեղերի համար գումար վաստակելու համար 2002 թ. ընտանիքով տեղափոխվել են Ազատամուտ: Սահմանամերձ Պառավաքար գյուղում վթարային դարձած տան հարցով Ղազախյանները դիմել են Տավուշի մարզպետարան, կառավարություն: 2010թ. Մանյայի մայրը մահացել է: Դեռեւս 2000 թվականին Ղազախյանների ընտանիքին է տրամադրվել փաստաթուղթ այն մասին, որ վթարային տունը պետական բյուջեի միջոցներով պետք է հիմնանորոգվի, կամ էլ համապատասխան չափով դրամական փոխհատուցում տրվի:
Սակայն անցած 15 տարում այդ նպատակով ոչ մի աջակցություն չի ցուցաբերվել: Երկհարկանի առանձնատան սեփականության իրավունքի գրանցման վկայականում առկա են Մանյայի, մահացած մոր, Մանյայի աղջկա եւ քրոջ անունները: 2015թ սեպտեմբերի 22-ին ադրբեջանական զինուժի կողմից Պառավաքար գյուղի գնդակոծության հետեւանքով Ղազախյանների տունն ամբողջությամբ փլվել է: Այդ տանը առանց վարձ մուծելու բնակվում էր պառավաքարցի միայնակ մայր, սոցիալապես խիստ անապահով Նելլի Սարգսյանը՝ իր 5 երեխաների հետ: Նա գնդակոծության ժամանակ հազիվ է հասցրել երեխաների հետ դուրս գալ քանդվող տնից: Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների կյանքը, անվտանգությունը, գույքը: Եթե չի կարողանում այդ անել, պարտավոր է փոխհատուցել ադրբեջանական գնդակոծությունից քանդված տան արժեքը: Մանյա Ղազարյանը եւ իր ընտանիքի անդամները սպասում են դրամական փոխհատուցման, որի խոստումը դեռեւս 15 տարի առաջ է տրվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս