Սոցիալական ապահովության ոլորտում առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների գործով այսօրվա դատական նիտում Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում իրեն առաջադրված մեղադրանքում: Կրթությամբ իրավաբան ամբաստանյալը պնդեց, որ իրեն հասկանալի չէ, մասնավորապես, առաջադրված պաշտոնեական կեղծիքի մեղադրանքի էությունը:
Մեղադրող Հովհաննես Ենոքյանը պարզաբանեց, որ ըստ մեղադրանքի, Վ.Խաչիկյանի կողմից կազմակերպված կայուն խմբով կատարվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ՝ ամբաստանյալներից յուրաքանրյուրի դերի ու շահույթի բաշխմամբ: Խումբն, ըստ մեղադրողի, կատարել է միասնական նպատակին ուղղված գործողություններ՝ զուգորդված կենսաթոշակների վճարային ցուցակներում կատարված պաշտոնեական կեղծիքով:
Այս պարզաբանումը ևս չբավարարեց Վ. Խաչիկյանին: Նա հայտարարեց, որ թեև իրեն հասկանալի չէ իրեն առաջադրված մեղադրանքի էությունը, ինքը հետագայում՝ ապացույցների հետազոտման փուլում իր գնահատականները կտա դրանց և կապացուցի իր անմեղությունը, թեև պարտավոր չէ դա անել՝ մեղադրանքի կողմն է պարտավոր ապացուցել, որ ինքը մեղավոր է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, մեղադրանքի կողմի ուշադրությունը հրավիրեց ամբաստանյալի հայտարարության վրա և առաջարկեց դատաքննության հետագա փուլերում ավելի մատչելի ներկայացնել, մասնավորապես, պաշտոնեական կեղծիքի մեղադրանքը:
“Փաստինֆո”