ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է «ՄԱՔՐԵԼ» ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վերջին երեք ամսում երեք անգամ հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում: Դրանցից գոնե երկու դեպքերում նրա անունը կապվում էր քրեական գործի հետ, իսկ մի դեպքում էլ ենթադրյալ հանցագործության մասին էր խոսքը: Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Հայրապետյանն իր թիկնապահների հետ ծեծի է ենթարկել «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն հետագայում հայտարարեց, որ ՀՖՖ նախագահի դեմ բողոք չունի: Արդյունքում, այդ դեպքի առիթով քրեական գործ չհարուցվեց: Սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկվեց ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Կատարվածից մի քանի օր անց հայտարարեց, որ իր կարծիքով տեղի ունեցածի թիկունքում կանգնած է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հոկտեմբերի 11-ին Երեւանում տեղի ունեցած Հայաստանի եւ Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումից հետո, որը ավարտվեց հյուրերի 0:3 հաշվով հաղթանակով, ալբանական եւ սերբական կայքերը սկսեցին լուրեր տարածել, թե իբր այդ խաղը «ծախված» է եղել: Տասը օր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարեց քննել նշված ֆուտբոլի խաղի «ծախված» լինելու մասին լուրերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահներին հանձնարարվել է Ռուբեն Հայրապետյանի անունը քրգործերից «հանել»: Իսկ նպատակը թերեւս այն է, որ ՀՖՖ նախագահը լիարժեք «մաքրված» զբաղվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով:

 

 
Սերժ Սարգսյանի՝ Սյունիքի մարզ կատարած վերջին այցելությունից հետո, որը տեղի ունեցավ այս տարվա հոկտեմբերի 13-ին, Կապանի բնակիչները նկատել են, որ իրենց քաղաքի միջով հոսող Վաչագան գետի ջուրն աղտոտվել է, մասնավորապես, լվացքաջրի պես փրփրած է: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն այդ մասին ահազանգել է ՀՀ բնապահպանության նախարարության մարզային կառույցի ներկայացուցիչներին, որոնք ջրից փորձանմուշներ են վերցրել՝ աղտոտման պատճառները պարզելու համար: «Մեղու» ՀԿ ներկայացուցիչ Վլադիկ Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է, որ Սերժ Սարգսյանի այցելությանն ընդառաջ մարզի իշխանությունները հատուկ տեխնիկայի եւ սարքավորումների օգնությամբ մաքրել են գետի հունի մի մասը` կուտակված աղբի գարշահոտությունը վերացնելու համար: Իսկ թե ինչ նյութեր են նրանք այդ աշխատանքների ընթացքում օգտագործել, պարզ կլինի, երբ հայտնի կլինեն վերը նշված փորձաքննությունների արդյունքները: Առայժմ փաստ է, որ բնապահպանական այդ աղետից հետո գետում նաեւ ձկներն են սատկել:

 

 

 
Հայտնի իրողություն է, որ Հայաստանի համապետական ընտրությունների ժամանակ իշխանությունների ամենաառանցքային «գործիքը» թաղային հեղինակություններն են, որոնց էլ հիմնականում հանձնարարվում է ընտրությունների կեղծման գործընթացը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ իշխանությունների տարածքային պատասխանատուները սկսել են հավաքագրել թաղային հեղինակություններին: Սակայն առայժմ թաղային շատ հեղինակություններ կարծես թե չեն շտապում հանրաքվեի արդյունքների համար պատասխանատվություն ստանձնել: Շատերը, տարբեր պատճառաբանություններով, փորձում են խուսափել հանրաքվեի ժամանակ այո ապահովելու գործից: Պարզվում է` նրանք վստահ չեն, որ իշխանություններն այս անգամ եւս իրենց չեն «քցի», ինչպես 2013-ի նախագահական ընտրություններից հետո: Դրա համար էլ հիմա թաղային շատ հեղինակությունները, «զբաղված» ձեւանալով, փորձում են հստակ խոստում ստանալ, որ իրենց «ծառայությունն» անպայման կվարձատրվի:

 

 

 
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը նոյեմբերի 10-ին կքննարկի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի: Հիշեցնենք, որ Մովսիսյանը սպառնացել էր «գլխատել ու բռնաբարել» պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հասցեին բացասական արտահայտվողներին: «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»,- ասել էր Շմայսը: «Ժողովուրդ»-ը երեկ պատգամավոր Մովսիսյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք նա կմասնակցի նշված հանձնաժողովի նիստին: Պատգամավորն ասաց, որ ինքը նիստի վերաբերյալ որեւէ նամակ չի ստացել. «Կարող ա ԱԺ-ում ա, ես էլ Աժ չեմ գնացել, դրանից տեղյակ չեմ»: Իսկ ճշտող հարցին, թե եթե ստանա, կգնա, նա պատասխանեց. «Մեծ հաճույքով կգնամ, ի՞նչ ա եղել, որ»:

 

 

 
ԿԱՐԵՎՈՐ ԱԶԴԱԿ

ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի կողմից նախօրեին Ռոբերթ Ուոլթերի հեղինակած խայտառակ զեկույցի ընդունումից եւ այն ԵԽԽՎ հունվարյան լիագումար նստաշրջանում ներառելուց հետո հայկական կողմի արձագանքը, մեղմ ասած, անհամարժեք էր: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներն իրենց ձախողման եւ, ըստ էության, ցուցաբերած անգործության համար սեփական պատասխանատվության մասին խոսելու փոխարեն հանդես եկան ԵԽԽՎ-ի մասին վիրավորական հայտարարություններով՝ այն համեմատելով Ադրբեջանի Միլի մեջլիսի հետ: Իրականում նման արձագանքը ոչ միայն ոչինչ չտվող է, այլեւ կարող է բարդացնել մեր պատվիրակության հետագա աշխատանքն այս կառույցում:
Այս հարցում ուշագրավ էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության իներտ կեցվածքը, ինչպես նաեւ հենց Ղարաբաղի իշխանությունների արձագանքը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել էր, թե Ուոլթերի զեկույցը փոշոտվելու է ԵԽԽՎ արխիվում, եւ դրա մասին որեւէ մեկը չի հիշելու:
Հակառակ Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունների՝ այս անհասկանալի (գուցե միայն տեսանելի) հանգստությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտահոգվել է այս զեկույցի ընդունմամբ: Ամերիկացի համանախագահը երեկ իր Թվիթերի միկրոբլոգում հետեւյալ գրառումն է կատարել. «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ»: Իսկ ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանն էլ Ուորլիքն ասել է, որ իրենք ծանոթացել են ԵԽԽՎ-ի զեկույցին եւ «կողջունեն ղարաբաղյան բանակցությունների նկատմամբ մոտեցման հարցով ԵԽԽՎ-ի զեկուցողների եւ շահագրգռված անդամների հետ խորհրդակցություններ անցկացնելու հնարավորությունը»:
Ակնկալել, որ Ուորլիքի այս հայտարարությունը կարող է էական ազդեցություն ունենալ հայկական կողմի համար խայտառակ ձեւակերպումներով հարուստ այս զեկույցի` հունվարին կայանալիք քննարկումների ընթացքի վրա, իհարկե, միամիտ մոտեցում է: Սակայն Ուորլիքի նման արձագանքն, ըստ էության, հայկական կողմի համար պետք է որ ազդանշան լինի` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների վրա հնարավոր բոլոր տարբերակներով ներազդելու եւ նաեւ այս խողովակով առաջիկայում այդ տխրահռչակ զեկույցի եթե ոչ ամբողջությամբ տապալմանը, ապա առնվազն դրա Հայաստանի եւ Ղարաբաղի համար անընդունելի եւ վտանգավոր ձեւակերպումների փոփոխությանը հասնելու համար:
Այսպիսով` Ուորլիքն ինքն է բացել այն դուռը, որը Հայաստանի դիվանագիտությունը պետք է ամենայն ուժգնությամբ թակեր դեռեւս նախորդ տարի` պահանջելով թույլ չտալ այս անընդունելի եւ հարյուր տոկոսով հակահայկական զեկույցի ի հայտ գալը:




Լրահոս