ՇՄԱՅՍԸ ՄԵԾ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿԳՆԱ ԱԺ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը նոյեմբերի 10-ին սկսելու է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումի քննարկումն` ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի: Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսին հարցը ընդգրկվել էր հանձնաժողովի օրակարգ, սակայն հանձնաժողովի նախկին նախագահ Արփինե Հովհաննիսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո այն երկարաձգվեց, քանի որ հանձնաժողովը նախագահ չուներ: Ըստ մեր տեղեկությունների արդեն որոշում է կայացվել քննել հարցը՝ երկու կողմերի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրանց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»-ասել էր Աժ պատգամավորը:
Նշված հայտարարությունից հետո՝ հունիսի 3-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունները քրեորեն պատժելի են, այստեղից էլ նյութերն ուղարկվել էին ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ համապատասխան ընթացք տալու համար: ՀՔԾ-ն, սակայն, մերժել էր քրեական գործի հարուցումը: Ա. Սաքունցը դիմել էր նաեւ ԱԺ էթիկայի հանձնաժողով:
Ներկայումս ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն է, որին «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել:
-Պարո՛ն Բաբայան, Դուք ղեկավարում եք ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը, որի օրակարգում ընդգրկված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի: Ի՞նչ որոշում եք կայացրել, արդյո՞ք կողմերը ներկա են լինելու հարցի քննարկմանը:
-Մեր աշխատանքները սկսվել են առաջին իսկ օրվանից, ես այժմ նախապատրաստում եմ մեր նիստը, որտեղ պետք է հրավիրենք երկու կողմերին էլ: Քննվելու է Առաքել Մովսիսյանի դեմ ներկայացված դիմում-բողոքը, նոյեմբերի 10-ին տեղի է ունենալու առաջին նիստն՝ իմ նախագահությամբ: Ըստ կանոնակարգի՝ մենք պետք է կողմերին հնարավորություն տանք արտահայտվել, խոսել, ներկայացնել իրենց դիրքորոշումը, որից հետո արդեն էթիկայի հանձնաժողովը կկայացնի իր որոշումը: Ամեն ինչ ընթանում է կանոնակարգի համաձայն, առանց որեւէ բացառությունների:
-Այսինքն՝ Արթուր Սաքունցն ու Առաքել Մեվսիսյանը ներկա՞ են լինելու նիստին:
-Այո՛, նրանք հրավիրվել են, գրություններն արդեն ուղարկվել են, մենք այդ օրն իրենց լսելու ենք:
-Եթե կողմերից մեկը հրաժարվի ներկա գտնվել նիստի ընթացքին, ապա այդ դեպքում ինչպեսի՞ որոշում եք կայացնելու:
-Պատգամավորների վերաբերյալ ուղարկված դիմումները, ըստ կանոնակարգի, քննվում են եւ վարույթ են ընդունվում, որից հետո տվյալ գործի վերաբերյալ լինում է զեկուցող: Իհարկե, հանձնաժողովը, կանոնակարգի համաձայն, պարտավոր է նաեւ հրավերն ուղարկել, բայց կողմերի իրավունքն է մասնակցել կամ չմասնակցել նիստին: Էթիկայի հանձնաժողովն այդ հարցում պարտադիր սանկցիա չունի: Եթե անհատները ցանկություն չեն հայտնում ներկայանալ, ապա էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացնում հարցն առանց իրենց լսել:
-Այս ժամանակահատվածում արդեն ուսումնասիրել եք գործը, խնդրում եմ՝ նշեք Ձեր դիրքորոշումը, ո՞ր կողմի փաստարկներն են ավելի հիմնավոր:
-Ես՝ որպես ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, այս պահին չեմ կարող տեսակետներ հայտնել, քանի որ նման իրավիճակում անլուրջ կլիներ խոսելը: Հանձնաժողովը որոշում կկայացնի, որի մասին բոլորն էլ կտեղեկանան:
-Նկատենք, որ մինչ այս երբեք նախադեպ չի եղել, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը «պատժի» պատգամավորին իր վարքի համար, Դուք կհամարձակվե՞ք:
-Էթիկայի հանձնաժողովը պատժիչ սանկցիաներ չունի, էթիկայի հանձնաժողովն ընդամենը արձանագրում է, եթե պատգամավորը խախտել է Աժ կանոնակարգի նախատեսված հոդվածները: Վստահ եղեք, որ իմ աշխատանքի ժամանակ անելու ենք ամեն ինչ, որպեսզի էթիկայի հանձնաժողովի հեղինակությունը որեւէ ձեւով չտուժի. մենք շարժվելու ենք միմիայն օրենքի շրջանակներում: Ես կաշկանդված եմ միայն ՀՀ օրենքներով ու Սահմանադրությամբ:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք նա ներկա է գտնվելու Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նիստին: Պատգամավորը նախ հայտարարեց, որ ինքը դեռեւս որեւէ նամակ չի ստացել. «Կարող ա՝ ԱԺ-ում ա, ես էլ Աժ չեմ գնացել, դրանից տեղյակ չեմ»: Հարցին՝ եթե ստանա, գնալո՞ւ է, պատասխանեց. «Մեծ հաճույքով կգնամ, ի՞նչ ա եղել, որ»:

 

 

 

 
«ՖԵՅՔԵՐԻ» ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ

Երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է պատգամավորներ Թեւան Պողոսյանի, Էլինար Վարդանյանի, Նաիրա Զոհրաբյանի, Արմեն Ռուստամյանի, Ստեփան Դեմիրճյանի, Էդմոն Մարուքյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առավել հայտնի է «ֆեյքերի դեմ պայքարի նախագիծ» անվամբ:

Նախատեսվող լրացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի (ֆեյքերի) միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը, որը խախտում է անձանց` ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը: Խնդիրն առավել կարեւորվում է, երբ մի շարք լրատվամիջոցներ վերարտադրում եւ տարածում են կեղծ օգտատերերի զրպարտություն կամ վիրավորանք պարունակող տեղեկությունը՝ առավել հանրայնացնելով, ինչի հետեւանքով այն հայտնի է դառնում նույնիսկ սոցցանցերում չգրանցված անձանց:
Փոփոխություններով առաջարկվում է սահմանել պատասխանատվություն այն լրատվական միջոցների համար, որոնք տարածում են կեղծ օգտատերերի հրապարակումներն ու մեկնաբանությունները: Իսկ լրատվամիջոցն էլ ազատվում է վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը վերարտադրելու համար պատասխանատվությունից, այն դեպքերում, երբ ներկայացնում է դրա հեղինակին նույնականացնող տվյալներ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ պետք է բոլոր կողմերը հավաքվեն եւ որոշեն՝ ուզում են ունենալ չկարգավորվա՞ծ, թե՞ կարգավորված դաշտ, որպեսզի հետագայում ՄԻԵԴ որոշման փաստի առաջ չկանգնեն:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին կոչ արեց քրեական պատասխանատվության հարցն էլ քննարկել: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ հայտարարեց, թե օրինագծի ժամկետը սպառվում է, ցանկալի է, որ ընդունեն մեծ օրակարգ, որից հետո կարող են լսումներ կազմակերպել: Հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին նախագծին, ձեռնպահ էր միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Վերջինս հարց ուղղեց՝ արդյոք սա չի դառնալու մահակ լրատվամիջոցների գլխին, ինչից հետո բանավեճ սկսվեց:
Է. Մարուքյանը պատգամավորին հիշեցրեց, որ օրենսգրքի փոփոխություններին նա մասնակցել է ամիսներ առաջ, ու անհասկանալի է, թե ինչու է այժմ դիրքորոշումը փոխել: Ուրիխանյանն էլ հայտարարեց, թե ինքը միշտ էլ անհամաձայնություններ է ունեցել: Վերջիններիս միջեւ վիճաբանություն սկսվեց, ինչի արդյունքում Ուրիխանյանն առաջարկեց հարցը դրսում քննարկել:
Օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ քառօրյա:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ՀԱՆՈՒՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՆՈՋ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դեռեւս հունիսի սկզբին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այս տարվա գարնանը լույս տեսած մի շարք հրապարակումների հեղինակներին` ըստ որոնց՝ նախարարի կինը, վարելով իր նախկին ընկերոջ ավտոմեքենան, վթարի է ենթարկել այն, ինչի արդյունքում մահացել է գործարար Փայլակ Հայրապետյանի որդին` Հովիկը: Դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր քննել այդ դիմումը: Երեկ հայտնի դարձավ, որ դատախազությունը 5 ամիս անց որոշել է ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը) քրեական գործ հարուցել: «Ժողովուրդ»-ը փաստաբան Երվանդ Վարոսյանից փորձեց պարզել, թե արդյո՞ք հրապարակումը կարող է սուտ մատնության հատկանիշով քրգործ հարուցելու հիմք դառնալ: «Չի կարող, որովհետեւ դեռեւս 2013 թվականին ՀՀ դատախազությունը որդեգրել էր այնպիսի քաղաքականություն, որ սուտ մատնության հատկանիշներով կարող են մեղադրանք առաջադրել միայն այն դեպքում, երբ ինքը գրավոր, ՀՀ ՔՕ սահմանված կարգով, նախազգուշացված է սուտ մատնության համար քրեական պատասխանատվության մասին եւ տալիս է հաղորդում հանցագործության մասին: Եթե դատախազությունը հարուցել է սուտ մատնության փաստի առթիվ քրեական գործ՝ միայն հրապարակման հիման վրա, ապա առնվազն ինքն իրեն հակասում է»,- ասաց Վարոսյանը:

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՀՀ քաղաքացի Հեղինե Մովսեսյանը, պարզվում է, 2015 թվականի սեպտեմբերի 8-ին դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ տեղեկացրել, որ դեռեւս 2014 թվականի հունվարի 21-ին դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ՝ Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Այգետարածքի 4-րդ զանգվածի 50-րդ թաղամասի 3 հասցեի՝ իրեն պատկանող առանձնատան էլէներգիայի համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար: Սակայն մինչ օրս իրեն չի առաջարկվել միացման պայմանագիր կնքել: Արդյունքում ՀԾԿՀ-ն մտադիր է նոյեմբերի 11-ին կայանալիք նիստում ՀԷՑ-ին նախազգուշացնել` պարտավորեցնելով 45 օրյա ժամկետում լուծել Մովսեսյանի էլեկտրամատակարման խնդիրը: Մեկ այլ որոշմամբ էլ ՀԾԿՀ-ն մտադիր է ՀԷՑ-ին 5 մլն դրամի չափով տուգանել՝ «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ին պատկանող ՀԷԿ-ի արտադրած էլէներգիայի թիվը իրականից բարձր ներկայացնելու համար: Այս պատմությանը «Ժողովուրդ»-ը ժամանակին անդրադարձել է: «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ն պատկանում է ՀԷՑ-ի իրացման տնօրենի նախկին տեղակալ Ա. Գաբրիելյանին, որն այս պատմության բացահայտումից հետո պաշտոնանկ է արվել:

 

ԹԱՐՄ ԳՆԱՃ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գնաճը կազմել 4.4 տոկոս: Ըստ այդմ, պարենային ապրանքներին գնաճը՝ 4.3, ոգելից խմիչքինն ու ծխախոտինը՝ 1.9, ոչ պարենային ապրանքներինը 5.9 տոկոս է:




Լրահոս