Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան շուրջ առաջացած աղմկոտ իրադարձությունները չեն դադարում, սակայն, ինչպես ավանդաբար, ամեն ինչ կավարտվի հօգուտ ՀՖՖ նախագահի:
Այն, որ 2015 թվականը Ռուբեն Հայրապետյանի համար այնքան էլ «հաջող» չէր, կարծես թե անհերքելի է: Նախ այս տարվա օգոստոսի 15-ին «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը` Իզաբելլա Մելքումյանն էր լրատվամիջոցներին հայտնել, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներն առեւանգել են իր ամուսնուն՝ Արսեն Ավետիսյանին, երկու ժամ պահել են եւ ծեծի ենթարկել՝ ստիպելով «Տարոն-Ավիա» ընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանին օդանավի վարձակալության դիմաց ունեցած պարտքը վճարել Ռուբեն Հայրապետյանին:
Գործին խառնվեցին իրավապահները: Հարցաքննվել էին ե՛ւ Արսեն Ավետիսյանը, ե՛ւ Ռուբեն Հայրապետյանը: Հայրապետյանը պատմել էր, որ Ավետիսյանի հետ հանդիպել է, գումարի շուրջ խոսել են, զրույցը չի ստացվել, այն վերածվել է անձնական բնույթի վիճաբանության, ինչի ժամանակ ինքը մեկ անգամ բռունցքով հարվածել է Ավետիսյանի դեմքին, վերջինս վայր է ընկել գետնին, որից հետո մի քանի անգամ էլ ոտքերով է հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Ու մինչ բոլորը շունչները պահած սպասում էին, թե «էյր Արմենիայի» սեփականտեր Արսեն Ավետիսյանը այսպիսի աղմուկ բարձրացնելուց հետո մինչեւ վերջ կպայքարի ՀՖՖ նախագահին պատասխանատվության ենթարկելու հարցում, սակայն միանգամայն այլ իրավիճակ ստեղծվեց: Մեծ աղմուկ բարձրացրած Ավետիսյանները չբողոքեցին, եւ քրեական գործ չհարուցվեց: Չի բացառվում, իհարկե, որ Ավետիսյանին իշխանական օղակները խոստացել էին չբողոքելու դեպքում նրա պարտքերը եւ ընկերության շուրջ առաջացած խնդիրները լուծել, ինչը նրա համար շահավետ տարբերակ էր:
Մեկ ամիս անց հերթական ծեծը
ՀՖՖ նախագահի եւ «էյր Արմենիայի» սեփականատիրոջ ծեծը դեռ «չմարսած», հերթական աղմուկը բարձրացավ: Սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ծեծի ենթարկվեց «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանը, որն էլ իր հերթին հայտարարեց, թե Հայրապետյանի սանիկն է իրեն ծեծի ենթարկել` հենց նրա հրահանգով: Ըստ Սմբատ Հակոբյանի հայտարարությունների՝ Ռուբեն Հայրապետյանը հրահանգել է ծեծել իր քաղաքական գործունեության համար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր. 112 հոդվածի 1-ին մասի` մարմնական ծանր վնասվածք հասցնել հատկանիշներով:
Այս գործով քննությունը դեռեւս շարունակվում է, բայց, ինչպես ցույց են տալիս ընթացող իրադարձությունները, այս դեպքով հարուցված քրեական գործն էլ երկար կյանքը չունի:
«Սուդիան գնված է, խաղը՝ ծախված»
Մինչ իրավապահները Սմբատ Հակոբյանի եւ Ռուբեն Հայրապետյանի փոխհարաբերությունների իրավական մասն են քննում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան շուրջ հերթական աղմկոտ պատմությունն է հասունանում: Ինչպես հայտնի է՝ Ալբանիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղից հետո, որում մեր հավաքականը խայտառակ պարտություն կրեց, լրատվամիջոցներում սկսեցին տեղեկություններ տարածվել այն մասին, թե խաղը ծախված է եղել: Աղբյուրը հիմնականում սերբական եւ ալբանական լրատվամիջոցներն էին:
Մասնավորապես սերբական telegraf.rs-ը եւ ալբանական opozita.com-ը միմյանց հղում տալով՝ նշել էին, որ Ալբանիայի հավաքականը Հայաստանի հավաքականի չորս խաղացողների ընդհանուրը 2 մլն եվրո է վճարել՝ հաղթանակը գնելու համար: Եվ, ահա, տեղական եւ օտարերկրյա լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների իսկությունը ստուգելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարել է խնդիրն ուսումնասիրել:
Ու մինչ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում, ՀՖՖ-ում էլ են գործի անցել: Նոյեմբերի 4-ին ՀՖՖ-ի կոմիտեի նիստում որոշում է կայացվել ՀՖՖ Կարգապահական կանոնակարգում փոփոխություններ կատարել: Ավելին՝ քննարկվել է ապօրինի խաղադրույքների եւ պայմանավորված խաղերի հետ կապված առկա խնդիրների, հնարավոր սպասվելիք վտանգների եւ դրանց դեմ ձեռնարկվելիք միջոցների մասին հարցեր: Եւ, ահա, երեկ «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ոստիկանության ստուգումներից:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հարցեր է ուղարկել Սերբիայի եւ Ալբանիայի իրավապահներին, որպեսզի նրանք սերբական telegraf.rs-ը եւ ալբանական opozita.com-ից պարզեն՝ որտեղից են նրանք ստացել տեղեկություններ` խաղը գնած լինելու մասին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ արտերկրյա իրավապահները դեռեւս չեն պատասխանել: Ամենայն հավանականությամբ գոհացուցիչ պատասխան այդպես էլ չի ստացվի, քանի որ իրեն հարգող որեւէ լրատվամիջոց որեւէ իրավապահի չի հայտնի տեղեկության իր աղբյուրը: Ու քանի որ այս իրողությունը գիտակցում են նաեւ իրավապահ մարմիններում, ուստի ակնհայտ է, որ իրավիճակը փակուղի է մտել:
Բացի այդ՝ «Ժողովուրդ»-ին իր աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի նստավայրից արդեն հնչել է ամենակարեւոր զանգը. Ռուբեն Հայրապետյանին առնչվող բոլոր գործերը փակել: Ուստի առաջիկայում ֆուտբոլային խաղի վաճառված լինելու մասին տեղեկության ստուգումների, այնուհետեւ նաեւ «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանի ծեծի գործերը կփակվեն: Իսկ թե ինչ հիմնավորումներով, ժամանակը ցույց կտա:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍՊԱՆԵԼ Է ՏԱՏԻԿԻՆ
Նոյեմբերի 4-ին Քանաքեռ-Զեյթունի Կամարակի նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել է 91-ամյա Սիրանույշ Կարապետյանի դին: Ավելի ուշ պարզվել էր, որ տարեց տիկնոջը սպանել էր նրա 28-ամյա թոռնիկ Արման Կարապետյանը:
Ինչն էր դրդել երիտասարդին գնալ այդ քայլին: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով ArmLur.am-ի թղթակիցը շտապել էր դեպքի վայր եւ զրուցել կասկածյալ Արման Կարապետյանի մոր` Շուշանիկ Ռուստամյանի հետ, որը նշել էր, թե անորոշության մեջ է եւ որեւէ բան չի կարող ասել:
Նշենք, որ դեպքից հետո իրավապահները սպանված տիկնոջ բնակարանի դուռը կապարակնքել էին: Ինչեւէ, ArmLur.am-ի թղթակցի հետ զրույցում սպանվածի երկու դուստրերը պատմեցին, որ իրենց մայրը միայնակ էր ապրում, եւ իրենք պարբերաբար այցելում էին նրան. «Երեկ հենց իմացել, իսկույն այստեղ ենք եկել: Հիմա մենք էլ բոլորի պես շիվարած ենք, չգիտենք՝ ինչպես կարող էր նման բան պատահել: 90 տարեկան կնոջն ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը ցանկանար սպաներ»:
ArmLur.am-ի հարցին՝ արդյո՞ք Ձեր եղբոր որդին կարող էր սպանել հարազատ տատիկին. «Է՛հ, ի՞նչ ասենք: Ի՞նչ կարող ենք ասել»:
Նշենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Արման Կարապետյանը խոստովանական ցուցմունք է տվել եւ հայտնել, որ գտնվել է իր տատի՝ Սիրանուշ Կարապետյանի տանը, որտեղ ապակյա շշերով հարվածներ հասցնելով ննջասենյակի մահճակալին պառկած տատի գլխին՝ հափշտակել է նրա ոսկյա ականջօղերը եւ կանխիկ գումար:
Նշենք, որ Արմանը նախկինում մեկ անգամ դատապարտված է եղել: Պարզեցինք, որ 2010 հունիսի 10-ին՝ ժամը 09-ի սահմաններում, Արման Կարապետյանը իր ծանոթ Վարդան Մալախանյանին առաջարկել է նրա «ՎԱԶ 2107» մակնիշի 22ՕԼ150 պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայով իրեն, ընկերոջը եւ ընկերուհուն տանել Էջմիածին քաղաք` խոստանալով ծառայության դիմաց վճարել 10.000 ՀՀ դրամ: Արմանը ճանապարհին հանդիպել է իր ընկերուհուն` Նազելի Մարտիկյանին, մոտեցել նրան եւ փորձել հաշտության եզրեր գտնել, սակայն մերժվելով նրանից՝ որոշել է ամուսնության նպատակով փախցնել Նազելիին եւ տանել իրենց տուն: Տղաները օգնության էին կանչել Հարություն Մանուկյանին եւ միասին բռնություն գործադրելով Նազելի Մարտիկյանի նկատմամբ՝ վերջինիս նստեցրել էին Վարդան Մալախանյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան ու դիմելով վարորդին` կոչ արել վարել ավտոմեքենան:
Սակայն տղաները չէին կարողացել գործը ավարտին հասցնել, քանի որ ոստիկանության աշխատակից Դավիթ Ղարիբյանը՝ տեսնելով, թե ինչ է կատարվում, միջամտել էր, եւ տղաները դիմել էին փախուստի: Այս արարքի համար Արման Կարապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: Հիմա կրկին ձերբակալվեց` հարազատ տատիկին սպանելու կասկածանքով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՇՆՈՐՀԱՎՈՐ
Այսօր Արցախյան պատերազմի կենդանի լեգենդ, «Սասուն» ջոկատի հրամանատար, հայրենիքի նվիրյալ զավակ եւ պարզապես հրաշալի մարդ Սասուն Միքայելյանի ծննդյան տարեդարձն է: «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am կայքի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է սիրելի հերոսին՝ մաղթելով քաջառողջություն եւ երկար տարիների անհոգ կյանք իր երազած հայրենիքում:
ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
«Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի գործով երեկվա դատական նիստը վերաքննիչ դատարանում կրկին հետաձգվել է: Դատարանը դատախազից պահանջել է քրեական գործի նյութերը՝ ավելի մանրամասն ուսումնասիրելու համար: Հիշեցնենք, որ Մարինե Խաչատրյանն ու նրա ներկայացուցիչները պահանջում են վերացնել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ակտը եւ նախաքննական մարմնին պարտավորեցնել շարունակելու ԱԺ բակում տեղի ունեցած միջադեպի առիթով գործի նախաքննությունը:
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան առեւտրատնտեսական հարցերով խորհրդական Ուան Շիցայի եւ առաջին քարտուղար Ուան Շուզենի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծառայության նոր ծրագրերն ու հատկապես լաբորատոր կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը: Ուան Շիցայը տեխնիկական աջակցության պատրաստակամություն է հայտնել, ինչպես նաեւ առաջարկել համատեղ ուսուցման ծրագրեր իրականացնել:
ԿՈՒՂԱՐԿՎԻ ԴԱՏԱՐԱՆ
ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ գործարար Լեւոն Հայրապետյանի գործը կուղարկվի դատարան: Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված հանցագործության մեջ (խարդախություն): Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Լեւոն Հայրապետյանը ազատվել էր տնային կալանքից:
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ
Նոյեմբերի 5-ին եւ լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից եւ 60 միլիմետրանոց ականանետից /1 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: