Դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխություններին մնացել է ուղիղ մեկ ամիս, եւ արդեն իսկ տեսնելի է, որ ՀՀԿ-ականները լայնամասշտաբ քարոզչական միջոցառումների փոխարեն այս անգամ նախընտրում են տարբեր գերատեսչությունների ղեկավարների եւ մարզպետների կողմից տեղերում տարվող աշխատանքի միջոցով ստանալ անհրաժեշտ թվով այո-ի քվեները:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են պատրաստվում անցկացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ ինչպիսի ռեսուրսներով են փորձելու իրենց հանձնարարված թվով այո-ն ապահովել:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան
-Պարո՛ն Գրիգորյան, դեկտեմբերի 6-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քիչ ժամանակ է մնացել, ինչպես ե՞ք պատրաստվում հանրաքվեին:
-Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմած գրաֆիկի` մարզը նախապատրաստվում է դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին:
-Դուք այո-ի ինչպիսի՞ տոկոս եք ակնկալում եւ ի՞նչ ռեսուրսներով եք այո-ն ապահովելու:
-Մենք այս պահի դրությամբ ստեղծել ենք քարոզչական խմբեր, իհարկե, դեռ քարոզչական խմբերն այդքան ակտիվ չեն սկսել աշխատել, բայց առաջիկայում կսկսեն: Այնուամենայնիվ, հանդիպումների ժամանակ տեսնում ենք, որ այո-ի թվաքանակը ավելի շատ է, քան ոչ-ի: Այս պահին այդքանը կարող եմ ասել:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Գեղարքունիքի մարզում հնարավոր է՝ այո-ի թիվը հատի 100 հազարի շեմը: Ինչ եք կարծում` արդյոք կկարողանաք մարզում այդքան այո ապահովել:
-Չեմ կարող ասել, կախված է նրանից, թե ինչպես մենք կկարողանանք մարդկանց բացատրել: Այս պահի դրությամբ ես կարեւոր եմ համարում, որ մարդիկ տեղեկանան, գան, մասնակցեն եւ իրենց անկեղծ դիրքորոշումն արտահայտեն:
-Իսկ մտավախություն չունեք, որ հանրաքվեի արդյունքում Գեղարքունիքի մարզում ոչ-երի թիվն ավելի շատ կլինի, քան այո-ի:
-Չէ, ես երբեք այդ մտավախությունը չունեմ, որովհետեւ Գեղարքունիքի մարզի ազգաբնակչությունը քաջ գիտակցում է, որ սահմանադրական փոփոխությունները դրական ազդեցություն կունենան: Ես արդեն ինքս արձագանքներ ստանում եմ, որ եթե առաջիկա հանրաքվեն դրական արդյունք ունենա, իրականում շատ խնդիրներ իրենց լուծումը կստանան: Սա ժողովրդի արձագանքն է: Առավել եւս մեր ազգաբնակչությունը հիմնականում արտագնա աշխատանքով է զբաղված, եւ նրանք գիտակցում են, որ փոփոխությունները դրական կլինեն: Արդեն իսկ ինձ հետ հանդիպման ընթացքում իրենք իրենց կարծիքը հայտնել են սպասվող հանրաքվեի մասին, եւ դրանք բոլորը դրական են:
-Այսինքն` ակնկալում եք, որ մարզում այո-ն կգերակշռի:
-Այս պահի դրությամբ չկողմնորոշվածների թիվը ավելի մեծ է, քան այո-ի: Ես չեմ կարող այս պահին ասել:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան
-Պարո՛ն Նալբանդյան, դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին ինչպե՞ս եք պատրաստվում:
-Շատ լավ ենք պատրաստվում: Եւ այս քարոզարշավի մեկ ամսվա ընթացքը փորձում ենք ճիշտ օգտագործել, որպեսզի ժողովրդին իրազեկենք սահմանադրական բարեփոխումների մասին:
-Ի՞նչ եք կարծում՝ Դուք այո-ի քանի՞ տոկոսանոց ցուցանիշ կկարողանաք ապահովել:
-Ես այս պահին որեւէ բան չեմ կարող պատասխանել, մասնակցության ապահովման խնդիր չկա դրված:
-Իսկ ի՞նչ ռեսուրսներով եք պատրաստվում լոռեցիների այո-ն ստանալ:
-Մենք ընդհանրապես լծակներ, ռեսուրսներ օգտագործելու մտադրություն չունենք` ժողովրդին ինչ-որ ձեւով ահաբեկելու: Մենք զբաղվում ենք մեր քարոզարշավով, իսկ ռեսուրսները հենց ինքը՝ ժողովուրդն է: Ինքը կզգա, որ շատ ճիշտ սահմանադրական բարեփոխումներ են, բնականաբար կասի այո, եթե մի զգալի մաս էլ կասի ոչ, այդ դեպքում դա դեկտեմբերի 7-ին կերեւա: Ես չեմ կարող այս պահին որեւէ բան երեւակայել կամ ենթադրել:
-Որոշ կանխատեսումների համաձայն` Լոռու մարզում ակնկալվում է 70 հազար այո: Ի՞նչ եք կարծում՝ կկարողանա՞ք 70 հազարի շեմն ապահովել:
-Չեմ կարող պատասխանել` 70 հազար կլինի, թե 80 հազար կամ 90 հազար, ես մենակ կարող եմ ասել, որ այս պահին քարոզարշավը մտնում է իր բնականոն հունի մեջ, իսկ այդ տոկոսները դեկտեմբերի 7-ին արդեն կերեւան:
-Այնուամենայնիվ, Ձեր դիտարկումներով Լոռու մարզում ավելի շատ բնակչությունը հակված է այո-ի, թե ոչ-ի:
-Ամենասկզբից ես պասիվություն էի նկատում, բայց հիմա արդեն զգում եմ, որ մարդկանց հետ հանդիպելուց, քննարկելուց, ներկայացնելուց հետո այո-ի կողմնակիցները շատանում են:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում գնդակոծել է Բաղանիս գյուղի ծայրին երթեւեկող մեծ բեռնատարը: Գնդակներից վնասվել է «ֆուռի» շարժիչը, անիվներից մեկը շարքից դուրս է եկել: Ոսկեվանի մի քանի բնակիչ բեռնատարի (ազգությամբ օս) վարորդին իրենց տուն են տարել, հյուրասիրել: Նոյեմբերի 4-ին եւ 5-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է նաեւ սահմանագոտու վտանգավոր հատվածը շրջանցող, Հարսնաքարով ձգվող Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը:
Ամիսներ առաջ ադրբեջանական զինուժը սահմանի հատվածում կարմիր էքսկավատորով հողաշեն նոր ճանապարհ էր բացում, ինչի մասին «Ժողովուրդը» բազմիցս ահազանգել է: Սակայն դրան համարժեք արձագանք չեղավ: Այդ ժամանակ մտահոգություն էինք հնչեցրել, որ հողաշեն նոր, լայն ճանապարհի շինարարությունից, դրանով նոր զինտեխնիկա փոխադրելուց հետո ադրբեջանական զինուժը սահմանագծի երկայնքով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին ոտնձգություններ է կատարելու: Ինչը եւ, փաստորեն, տեղի ունեցավ:
1990-ական թվականների երկրորդ կեսին Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհը ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանված էր հողի մեծ թմբերով, որոնք անվտանգ էին դարձնում երթեւեկը: Սակայն այդ հողապատնեշները, չգիտես ինչու, քանդվեցին եւ հիմա միջպետական ճանապարհով, սահմանի երկայնքով, երթեւեկը կատարվում է անպաշտպան՝ ադրբեջանական դիրքերի դեմ-դիմաց: Փաստորեն ադրբեջանական զինուժի «բարի կամքից» է կախված այդ հատվածում մեքենաները գնդակոծել-չգնդակոծելը:
Հիշեցնենք, որ 2001-2003 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը, որը, սակայն, չլուծեց ադրբեջանական գնդակոծությունից պաշտպանված երթեւեկի խնդիրը, քանի որ ճանապարհը բաց է ադրբեջանական հրետակոծության համար: Սահմանագծով ձգվող, 4 կմ երկարությամբ հիմնական ճանապարհի փոխարեն կառուցվեց 11 կմ երկարությամբ ոլորապտույտ, լեռնային ճանապարհ: Շատերի կարծիքով` ճանապարհը երկարացնելը, ոլորանների թվի մեծացումը նպատակ ուներ Լինսի հիմնադրամից մեծ ֆինանսներ կորզել: Եթե նոր ճանապարհի կառուցման նպատակը ադրբեջանական զինուժի ոտնձգություններից երթեւեկի անվտանգության ապահովումը լիներ, ապա շրջանցիկ ճանապարհը կկառուցվեր հիմնական, ներկայումս չգործող ճանապարհից քիչ վերեւ: Այդ դեպքում նոր ճանապարհը ե՛ւ կարճ կլիներ, ե՛ւ հողապատնեշով ադրբեջանական ոտնձգություններից պաշտպանված, ապահով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՍՈՒՐ ԱՂԻՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Ամռան ամիսներին Հայաստանում աղիքային հիվանդությունների բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին. հիմնականում նախադպրոցական շրջանի երեխաների մոտ: Սա հաստատում է նաեւ ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ մասնագետների՝ ամռան ամիսներին աղիքային վարակները արձանագրվել են շոգի եւ ամառային սննդի պատճառով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2015 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին սուր աղիքային հիվանդությունների դեպքերը 34.9 տոկոսով ավելացել են. այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է 1778 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1052: Իսկ սալմոնելոզային վարակների դեպքերը այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են: Օրինակ՝ այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է սալմոնելոզային վարակների 43 դեպք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 52:
Սուր աղիքային հիվանդություններից բակտերիալ դիզենտերիայի արձանագրված դեպքերը կազմել են 300, որը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ նույնպես ավելացել է՝ կազմելով 92: Ավելացել է նաեւ չհաստատված եւ չճշգրտված հարուցիչներով սուր աղիքային վարակների արձանագրված դեպքերի քանակը: Դրանք այս տարվա սեպտեմբերին կազմել են 1035, իսկ նախորդ տարվա սեպտեմբերին՝ 599: Ի դեպ, 822 դեպք գրանցվել է 0-14 տարեկան երեխաների մոտ, մինչդեռ նախորդ տարի նույն տարիքի երեխաների մոտ արձանագրված դեպքերի քանակը կազմել է 430: Այս տարվա 9 ամիսներին ՀՀ-ում գրանցվել է սուր աղիքային հիվանդությունների 8965 դեպք, մինչդեռ այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել է 7314: Իսկ չհաստատված եւ չճշգրտված հարուցիչներով սուր աղիքային վարակների արձանագրված դեպքերի թիվը կազմել է 5065՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 4142-ի համեմատ:
Չնայած սրան՝ այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են վերին շնչուղիների սուր վարակների արձանագրված դեպքերը՝ կազմելով 6054:
Ըստ ԱՎԾ-ի՝ սեպտեմբերին գրիպի դեպքեր չեն արձանագրվել: Սակայն 9 ամիսների ընթացքում Հայաստանում գրիպի արձանագրված դեպքերը կազմել են 32, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 13-ն էր: Ըստ առողջապահության նախարարության՝ այս պահին երկրում համաճարակային իրավիճակը հանգիստ է: «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այժմ ԱՆ-ն հանրապետությունում անցկացնում է սուր շնչառական վարակների ամենշաբաթյա մոնիտորինգ:
Նշենք, որ ձմռան ամիսներին սեզոնային հիվանդություններ են համարվում օդակաթիլային ճանապարհով փոխանցվող սուր շնչառական վարակներն ու գրիպը: Ինչի հետ կապված մասնագետները նշում են, որ փակ, չօդափոխվող տարածքներում գտնվելը ավելի է նպաստում հիվանդությունների տարածմանը:
Ս. Հ.