ՎԱՉԱԳԱՆ ԳԵՏԻ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ Սյունիքի մարզի Կապանի բնակիչները նկատել են, որ քաղաքի միջով հոսող Վաչագան գետի ջուրը աղտոտվել է եւ փրփրել: Տեղի ունեցածից անհանգստացած Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն այդ մասին ահազանգել է ՀՀ բնապահպանության նախարարության մարզային կառույցի ներկայացուցիչներին, ովքեր համապատասխան ստուգումներ են իրականացրել: Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե ինչու է գետի ջուրն աղտոտվել:

Բնապահպան Լեւոն Գալստյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ կապանցիներն իրեն հայտնել են Վաչագան գետի վերեւի հատվածում առկա ջրավազանների մասին` կատարվածը կապելով այն բանի հետ, որ այդ ավազանները հատուկ քիմիական նյութով մաքրել են, եւ դրանց ջուրը լցվել է գետը:
Սակայն Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակը պնդեց՝ նշելով, որ ջրավազանների մաքրման համար որեւէ քիմիական նյութ չի օգտագործվել: «Մենք այնտեղ ընդամենն ունենք հանգստյան գոտի, որտեղ է նաեւ «Կարապետ» արհեստական լիճը: Այն ամառվա շրջանում ջրով է լցվում, բայց վաղուց դատարկված է, եւ որեւէ մաքրման աշխատանքներ այնտեղ տեղի չեն ունեցել»: Քաղաքապետի խոսքով` ինքն է նկատել, որ գետն աղտոտված է, ինչի համար էլ անմիջապես ահազանգել է բնապահպանության նախարարության մարզային կառույցի ներկայացուցիչներին: Հայրապետյանի հավաստմամբ` համապատասխան նմուշառումները վերցրվել են, իսկ արդյունքները կներկայացվեն առաջիկայում, քանի որ այս պահին հստակ վերջնական պատասխան չկա:
«Նախնական վարկածների համաձայն՝ աման լվանալու հեղուկ են գցել ջուրը, ինչի արդյունքում էլ գետի ջուրը փրփրել է: Բայց գետից մի փոքր վերեւ ունենք սելավատար, որը թույլ չի տա գետի վարարումները քաղաք թափանցեն: Այնտեղ մենք մաքրման աշխատանքներ իրականում նախատեսել ենք եւ մասամբ կատարել ենք: Բայց այդ մաքրման աշխատանքներին ընդամենը տեխնիկա՝ էքսկավատոր եւ բեռնատար մեքենա է աշխատել, այդ ժամանակ որեւէ քիմիական նյութեր չեն օգտագործվել: Դրա անհրաժեշտությունը նույնիսկ չկա»,- նկատեց Կապանի քաղաքապետ Հայրապետյանը: Այնուամենայնիվ, կապանցիներից շատերը վստահ են, որ գետի մեջ քիմիական նյութ է լցվել, ինչից անհանգստացած են: Մեր այս դիտարկմանը քաղաքապետն արձագանքեց. «Այնպես չէ, որ դա մեզ չի մտահոգում: Նմուշառումներ են վերցրել, լաբորատոր հետազոտության կենթարկեն, պարզ կլինի: Բայց այս պահին գետի ջուրը մաքուր է: Այդ օրը՝ նոյեմբերի 2-ին, միայն 10-15 րոպե է գետի ջուրը պղտորվել, փրփրել»,- ներկայացրեց Հայրապետյանը` հավելելով, որ Վաչագան գետը Կապան քաղաքով հոսում է եւ միանում Ողջի գետին: Իսկ Ողջին էլ միանում է Արաքսին: Ճիշտ է՝ կապանցիները չեն օգտագործում Վաչագան գետի ջուրը, բայց ոռոգման նպատակով դրանից օգտվում են Կապանի տարածաշրջանի որոշ համայնքների բնակիչներ:
Կապան քաղաքում գործող «Էկոլոգիական անվտանգության եւ ժողովրդավարության զարգացում» ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանի պատմելով՝ մի քանի ժամ շարունակ գետում օճառե փրփուրի նման զանգված է հոսել: «Թե որ մասից էր գալիս այդ փրփրանման զանգվածը, անհասկանալի էր, որովհետեւ արտադրամասեր չկան գետի հարակից տարածքներում: Գետը քաղաքի միջով է անցնում, այն սկիզբ է առնում Խուստուփ լեռան ստորոտից եւ գալիս, միանում է Ողջի գետին: Որքան էլ ուսումնասիրեցինք, բայց միեւնույն է՝ այդպես էլ անհայտ մնաց գետի փրփրելը: Հնարավոր է՝ ինչ-որ պարունակություն նետած լինեն գետը: Իմ աշխատանքային պատմության մեջ սա առաջին դեպքն էր: Չեմ հիշում, որ գետը այդպես փրփուրներով լի լիներ»,- զարմացած նկարագրեց Ղազարյանը:
Իսկ, ահա, Կապանի մեկ այլ բնապահպանական հասարակական կազմակերպության՝ «Մեղու»-ի ներկայացուցիչ Վլադիկ Ղուկասյանը գետի փրփրման այլ պատճառներ նշեց: «Գետը պարզապես մաքրել են մեխանիկական հատուկ սարքավորումներով՝ նախագահի գալուստի նախօրյակին (վերջինս Կապան այցելել է հոկտեմբերի 13-ին): Հավանաբար դա է պատճառը, որ գետը փրփրել է, աղտոտվել: Գետը պարբերաբար պետք է մաքրվի, որպեսզի գարշահոտություն չտարածվի, սակայն Վաչագան գետը մի քանի տարի առաջ էր մաքրվել: Եւ քանի որ նախագահը պետք է ներկա գտնվեր Կապանի շատրվանների ու բժշկական կենտրոնի բացմանը, այս պատճառով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով մաքրվեց գետի մի հատվածը՝ բժշկական կենտրոնի կողմից մինչեւ Ողջի գետը միացնող մասը: Իսկ ԲԿ-ից վերեւ չի մաքրվել, ինչպես կա, այնպես էլ մնում է»,- ներկայացրեց Ղուկասյանը:
Բնապահպանը նաեւ նկատեց, որ գետի որոշ ձկնատեսակներ անհետացել են, մնացել են միայն մանր ձկները: «Հիմա դրանց մի մասը չկան, իրենց ձմեռելու վայրերն էլ են վերացել: Բանն այն է, որ գետում աստիճաններ կային, որոնց տակերում էլ դրանք ձմեռում էին, հիմա դրանք էլ են վերացել: Անհանգստություն կա, որ ձմռանը դրանք էլ չեն ապրի: Մենք այս խնդրի շուրջ բազմիցս դիմել ենք պատկան կառույցներին եւ առաջարկել աստիճանների տակ փոսեր անել, որ ձմռանը նրանք այնտեղ բնակվեն, բայց չարեցին»,- հիասթափված նկատեց Ղուկասյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՉՆՉԻՆ ԳՆԱՆԿՈՒՄ
2015թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.6% գնանկմամբ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների ու սակագների՝ համապատասխանաբար 1.0% եւ 0.1% հավելաճ: 2015թ. հոկտեմբերին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 97.6%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 92.5%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.7%, ծառայությունների սակագներինը՝ 101.2%: 2015թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.02% հավելաճ):
2015թ. հոկտեմբերին, 2014թ. հոկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 101.9%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 99.4%, ոչ պարենային ապրանքներինը` 105.8%, ծառայությունների սակագներինը` 101.7%, իսկ հունվար-հոկտեմբերին 2014թ. հունվար-հոկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 104.4%, 104.1%, 105.9% եւ 103.1%: Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2015թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սպառողական գները նվազել են 1.0-0.2%-ով, իսկ մեկում գրանցվել է 0.1% գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գները, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0.4%-ով:

 

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՃՆՇԵԼ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երիտասարդ աջակից Սմբատ Բարսեղյանին նոյեմբերի 5-ին անձամբ կամ միջնորդավորված կերպով հեռախոսով զանգել են ոստիկանության ծառայողներ եւ սկզբում փորձել են իմանալ նրա բնակության հասցեն եւ ուսման վայրը, իսկ այնուհետեւ պահանջել են ներկայանալ ոստիկանություն: Այս մասին հայտարարություն են տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը եւ «Ընդդիմության միասնական շտաբը»: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սմբատ Բարսեղյանը, օգտվելով Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված իրավունքներից, իր մասին որեւէ տեղեկություն չի հայտնել եւ հրաժարվել է բանավոր պահանջով ներկայանալ ոստիկանություն: Սմբատ Բարսեղյանի նկատմամբ ոստիկանության առանձնահատուկ վերաբերմունքի պատճառը նրա քաղաքական ակտիվությունն է, ինչը վերջին շրջանում դրսեւորվել է Վանաձորում անցկացված «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքի ժամանակ, երբ ոստիկանությունը անհամաչափ ուժ եւ բռնություն է գործադրել նրա նկատմամբ:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ը երիտասարդ քաղաքացու նկատմամբ ոստիկանության այս ապօրինի գործողությունները գնահատում է որպես հոգեբանական ճնշման միջոցով իրականացվող քաղաքական հետապնդում, որի նպատակն է երիտասարդությանը ետ պահել վարչախմբի մոգոնած նոր Սահմանադրությանը «Ո՛Չ» ասելու քարոզչությունից ու պայքարից»:

 

 

 

 

 
ՀԱՅՏՆԻ Է ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎԸ

Երեկ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ հայտնի է ընտրության մասնակիցների ընդհանուր թիվը:

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ եւ քվեարկության նախորդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով նաեւ յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը:
Այսպես՝ քվեարկության օրվանից 30 օր առաջ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է 2.554.332, որից՝
-այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեի մասնակիցների՝ ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված 41.
-ՀՀ հաշվառում չունեցող, քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված 1.
-քվեարկության օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի քվեարկողների ցուցակից հանված եւ հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկված 0.
-ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված 0:




Լրահոս