Կիթառահար, շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, նույն ինքը` Mr. Harmonica-ն, ով բազմիցս մենահամերգներ է ունեցել Հայաստանում եւ արտերկրում, մասնակցել է միջազգային փառատոների, համագործակցել է Ֆորշի, Ռուբեն Հախվերդյանի, Գոռ Մխիթարյանի, Միքայել Պողոսյանի եւ այլ երգիչների ու երաժիշտների հետ, վերջին մեկ ամսում հասցրել է համերգներով հանդես գալ Մոսկվայում, Նյու Յորքում, Բեյրութում եւ այլ քաղաքներում: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է Քենի Ուեյնի հետ մեկ բեմում հանդես գալու, նրա հետ հանդիպումից ունեցած տպավորությունների մասին:
-Արտա՛կ, վերջերս բուգի-վուգի բլյուզ ժանրում կենդանի լեգենդ համարվող երաժիշտ Քենի Ուեյնը Երեւանում համերգ ունեցավ, որին մասնակցում էիք նաեւ Դուք. ինչպե՞ս այն անցավ, ինչպիսի՞ն էր Հայաստանի եւ այստեղի մշակութային կյանքի վերաբերյալ Ուեյնի տպավորությունը:
-Մինչեւ Հայաստան գալը նա լավ ծանոթ չէր մեր երկրին, երկու-երեք օրվա ընթացքում սկսեց ամբողջական պատկերացում կազմել թե՛ մեր հյուրընկալության, հյուրասեր երկրի, թե՛ մեր գեղեցիկ մայրաքաղաքի մասին: Նա տեսավ լավ համերգ, լավ հանդիսատես: Ի դեպ, ես մեր այգուց նրան նուռ ու թթու լավաշ տվեցի, որ համտեսի: Ուեյնի համար անգամ տարօրինակ էր նուռը. նա չգիտեր, թե դա ինչ բան է, եւ շատ տպավորված էր:
-Իսկ մեր երաժիշտների, նրանց պրոֆեսիոնալիզմի մասին Ուեյնը ի՞նչ կարծիք կազմեց:
-Դրսում այդքան էլ տեղյակ չեն մեր երաժիշտների մասին. գիտեն միայն կարկառուն դեմքերին: Երբ արտերկրից հայտնի մարդիկ գալիս են Հայաստան, մենք փորձում ենք ոչ թե նրանց զարմացնել, այլ նվագում ենք սովորականի նման, իսկ նրանք դրանից շատ են տպավորվում` մտածելով, թե Հայաստանում ինչպես կարող են այդպես նվագել:
-Հաճախ արվեստագետն ինքը դառնում է «ուղեցույց» դրսի մարդկանց Հայաստանին ծանոթացնելու համար…
-Դրսում մարդիկ հաճախ չգիտեն, թե մենք ինչ լուրջ մշակույթ ունենք, չգիտեն, որ Երեւանը Հռոմից ավելի հին մայրաքաղաք է, որ մենք Կոմիտաս ունենք, չգիտեն բիբլիական Արարատի մասին: Ուեյնը, օրինակ, չէր կտրվում Արարատից, անընդհատ լուսանկարներ եւ տեսանյութեր էր անում…Հետո արտերկրից եկած հայտնի հյուրերը երբեմն իրենց սոցցանցի պաշտոնական էջում այնպիսի հիացական գրառումներ են թողնում, որ շատ մարդիկ ցանկություն են ունենում հայտնվելու մեզ մոտ:
-Շրթհարմոնի նկատմամբ հանրության հետաքրքրությունը վերջին տարիների ընթացքում որքանո՞վ է աճել: Գիտենք, որ շատերն են Ձեզ դիմում, որպեսզի իրենց սովորեցնեք նվագել:
-Գործիքի նկատմամբ հետաքրքրությունն այսօր, իսկապես, շատ մեծ է, ես ինքս դա զգում եմ, օրական 2-3 հոգի դիմում է ինձ` ցանկություն հայտնելով սովորել նվագել: Հետաքրքիր է, որ երաժշտական բոլոր խանութներից այսօր կարող ես գնել շրթհարմոն, անգամ չեն հասցնում ներմուծել, այնինչ ես ժամանակին իմ առաջին գործիքը ձեռք բերելու համար մեկ տարուց ավել սպասել եմ: Թող անհամեստություն չթվա, բայց ես շատ լուրջ կերպով զբաղվել եմ գործիքը պոպուլյար դարձնելու հարցով: Այսօր շրթհարմոնով հետաքրքրված են թե՛ տղաները, թե՛ աղջիկները: Ես երկու աղջիկ աշակերտ ունեմ, որոնք արդեն բավական լուրջ արդյունք են ցույց տալիս, կարող են միջազգային հարթակներում ներկայանալ: Իսկ ինչ վերաբերում է սիրողական մակարդակին, ապա մի հետաքրքիր բան ասեմ. մի օր մի տաքսու վարորդի մոտ` մեքենայում, պատահաբար հայտնաբերեցի շրթհարմոն, նա ամաչելով ասաց, որ մեկ-մեկ նվագում է, ես էլ փորձեցի նրան օգտակար լինել, ընկերացանք… Մեկն էլ կա, շնչառական խնդիրներ ունի եւ նվագում է շրթհարմոն. այս գործիքը շնչառական վարժություններ անելու համար անփոխարինելի է. նրա հետ մենք պարապում ենք հատուկ մեթոդով:
-Արտա՛կ, սեպտեմբերին Երեւանում անցկացվեց Ջազի փառատոն` Yerevan Jazz Fest-2015-ը: Որոշ երաժիշտներ կարծիք են հայտնում, որ ջազ-փառատոնները մեր իրականության մեջ շատ բան չեն փոխում. հետաքրքիր է հարցի շուրջ Ձեր տեսակետը:
-Ջազի, բլյուզի փառատոններ, միանշանակ, պետք են. դրանք որքան շատ լինեն, այնքան լավ: Երբ արտերկրից հրավիրվում են երաժիշտներ, նրանք ծանոթանում են մեր երաժիշտների հետ, ելույթ են ունենում նույն հարթակից: Այդ փառատոներին հնարավորություն է լինում ներկայացնել ջազի քո տեսակը. չէ՞ որ հայկական ջազն էլ իր տեսակով տարբերվում է…
ՍԻԼՎԵՐԻ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ԳՈՒՑԵ ԶԱՐՄԱՆԱՆ
Երգչուհի Սոնե Սիլվերը (Սոնա Մովսեսյան) երկրպագուների համար միանգամից մի քանի անակնկալ է պատրաստում, որոնք մասամբ բացահայտել է «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: Նա շուտով իր լսարանի դատին կներկայացնի Նարեկ Մակարյանի հետ նոր զուգերգ, որի երաժշտության հեղինակը Թաթոս Հակոբյանն է, խոսքերինը` Վահան Անդրեասյանը: Ստեղծագործությունը կոչվում է «Երգում է սերը»: Անունն էլ հուշում է, որ երգը սիրային բնույթի է:
Իսկ մյուս անակնկալը կապված է Սոնեի ոճային փոփոխության հետ. «Այս պահին նոր երգիս վրա եմ աշխատում, այն բոլորովին այլ ոճում է, հնարավոր է` իմ լսարանին զարմացնեմ: Ի դեպ, երգը ռուսերեն է: Սա չի նշանակում, թե հրաժարվել եմ իմ նախընտրած հաուս ոճից, պարզապես երկրպագուներիս խնդրանքով լսարանի համար հեշտ հասանելի երգի վրա եմ աշխատում, որի հիման վրա, գուցե, նկարահանվի նաեւ տեսահոլովակ»,-մեկնաբանեց Սոնեն:
Մեր այն հարցին, թե գուցե հաուսը Հայաստանում շատ պահանջված չէ, եւ այդ պատճառով է երգչուհին դիմել կոմերցիոն քայլի, վերջինս պատասխանեց. «Կոմերցիոն բառը չեմ սիրում, երբեւէ կոմերցիոն գործ չեմ ներկայացրել: Միգուցե որոշ մարդկանց իմ նոր երգը թվա այդպիսին, չգիտեմ` արձագանքներն ինչպիսին կլինեն, ամեն դեպքում իմ «շեղումը» պարզապես հոգեվիճակ է: Ինչ վերաբերում է հաուսի պահանջված լինել-չլինելուն, ապա դա ազգային ճաշակի խնդիր է: Հայաստանում, ամեն դեպքում, նախապատվությունն ավելի շատ տալիս են արեւելյան երաժշտությանը, քան եվրոպականին»:
Սոնեն նաեւ տեղեկացրեց, որ արտերկրից կան դիջեյներ, որոնց հետ ինքը աշխատում է. համագործակցության արդյունքն առաջիկայում տեսանելի կլինի: Ի դեպ, երգչուհին շարունակում է ակումբային ելույթները, նա հանդես է գալիս իր բենդի եւ Նիկ Եգիբյանի հետ ինչպես հաուս, այնպես էլ բլյուզ, սոուլ ժանրերում:
Սոնեն շարունակում է նաեւ դասավանդել Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի էստրադային վոկալի բաժնում: «Մենք մեր դասերին աշխատում ենք երգել նաեւ սիրված հին երգեր: Ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ այսօր երիտասարդներին հետաքրքրում է որակյալ երաժշտությունը»,-եզրափակեց երգչուհին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՐՁԱՆԸ` ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
Սանկտ Պետերբուրգի Վասիլեւյան կղզում նոյեմբերի 6-ին կբացվի Կոմիտասի՝ Ռուսաստանում առաջին հուշարձանը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են քաղաքի կառավարության մամուլի ծառայությունում: «Երգահան Կոմիտասի հուշարձանի տեղադրման նախաձեռնողը Սանկտ Պետերբուրգում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչությունն է՝ Պետերբուրգի Վասիլեոստռովյան շրջանի վարչակազմի աջակցությամբ»,-նշել են մամուլի ծառայությունում: Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը պլանավորում են մասնակցել Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն եւ Երեւանի քաղաքագլուխ Տարոն Մարգարյանը: Երգահանի 3 մետրանոց գրանիտե քանդակը տեղ է զբաղեցրել Կամսկի այգու կենտրոնում՝ Սմոլենկա գետից ոչ հեռու: Նշենք, որ ավելի վաղ Կոմիտասի հուշարձաններ են տեղադրվել Դեթրոյթում, Փարիզում, Քվեբեկում եւ այլ վայրերում:
ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ
Ավտովթարի հետեւանքով մահացել են հայտնի դերասանուհի, «Կլոն» հեռուստասերիալի աստղ Ադրիանա Կամպոսը եւ նրա ամուսին Կառլսոն Ռինկոնը։ Ավտովթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին, սակայն այդ մասին ԶԼՄ-ներին հայտնի է դարձել ավելի ուշ։ Վթարի պատճառ է դարձել այն, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից ու ընկել Կաուկա գետը։ Տուժածների դիերը տեղափոխել են Սալգար քաղաքի հիվանդանոց։ Նշեք, որ ամուսիններն ունեն 1-ամյա որդի:
Հիշեցնենք, որ Կամպոսը խաղացել է «Զորո. սուր եւ վարդ» ֆիլմում, «Կլոն» հեռուստասերիալի վերանկարահանված տարբերակում, «Հարեւաններ» եւ «Գեղեցիկուհի անհաջողակը» ֆիլմերում։
«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԻԿԱՍՈՆ»` ԱՃՈՒՐԴՈՒՄ
Նյու Յորքում կայացած աճուրդում իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի «Կաբարեի պարուհին» կտավը վաճառվել է 67 մլն դոլարով: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նկարը, որում մուգ մազերով մերկ կին է պատկերված, Պիկասոն նկարել է 19 տարեկանում` Փարիզ տեղափոխվելուց հետո: Կտավը, որի նախնական արժեքը եղել է մոտ 60 մլն դոլար, վերաբերում է վարպետի արվեստի, այսպես կոչված, «երկնագույն ժամանակաշրջանին»։ Այդ ընթացքում արված նկարներում նրա աշխատանքներում գերակշռում է մահվան, ծերության թեման։