ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը կարեւոր զրույց են վարում: Կրթության ոլորտի երկու մասնագետները կարծես թե լուրջ բացահայտումներ են արել, որին Ա. Աշոտյանն արձագանքել է նման կերպ: Հուսանք, որ այն միմիայն օգնելու է կրթության ոլորտի բարելավմանը:
ՀԱՐՑ. Ընկերս իր մեքենայի համարանիշները մի քանի տարի առաջ հանձնել եւ ՀՀ-ից հեռացել է: Ոչ մի պարտք չունի: Ցանկանում է այցելել ՀՀ, բայց նշեմ, որ նրա մեքենան հաշվառված է իր բարեկամի անունով, որը բնակվում է հեռու եւ Հայաստան գալու հնարավորություն չունի, որպեսզի կատարվի համապատասխան գործարք: Խնդրում եմ ասեք՝ ինչպես կարող եմ վերցնել համարանինշերը, ինչ վճարներ պետք է կատարեմ: Եվ կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք կարող եմ ՌԴ-ում հաշվառել մեքենան:
Միքայել Կարապետյան (52 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բարձրացված հարցի լուծման ամենակարճ ճանապարհը այն է, որ Ձեր ընկերոջ բարեկամը, ում անունով որ հաշվառված է մեքենան, արտասահմանից ԱՊՈՍՏԻԼՈՎ (դեսպանատան կամ հյուպատոսարանի) նվիրատվություն կատարի Ձեր բարեկամին, փաստաթուղթը ուղարկի նրան, այնուհետեւ նվիրատվության փաստը հավաստող փաստաթղթով գնան նոտար ու այն թարգմանեն հայերեն: Այս ամենից հետո թող ներկայանան հաշվառման քննական բաժանմունք ու վերաձեւակերպում կատարեն բարեկամի անունով, որից հետո, երբ վերադառանան Ռուսաստան, մեքենան հանգիստ կարող են հաշվառման կանգնեցնել: Տեղեկացնենք, որ երկրորդ ճանապարհը լիազորագիրն է, սակայն այդ գործընթացը փոքր-ինչ բարդ է:
««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տրանuպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է չներկայացվել գրանցման, եթե տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել վաճառքի նպատակով տրանuպորտային միջոցների առեւտրով զբաղվող անձի կողմից, ով ՀՀ-ում այն չի շահագործելու:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ կենսաթոշակը լիազորագրով վճարվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ անձն իրավունք ունի իր կենսաթոշակը ստանալ լիազորված անձի միջոցով:
Անահիտ Բաղդասարյան (68 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Բաղդասարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ վճարվում է 12 ամիս՝ սկսած այն ամսից, երբվանից կենսաթոշակառուն կենսաթոշակ չի ստացել: Կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը լիազորագրով չի վճարվում, բացառությամբ անձի (կենսաթոշակառուի)՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերի:
Մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը: Տեղեկացնում ենք նաեւ, որ դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին: