ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՂԲԱՅՐԱԲԱՐ
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը երեկ հայտարարել է, որ իրեն պատկանող «Դիֆենս» իրավաբանական ընկերությունն այլեւս չի գործում: Հիշեցնենք, որ վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ «Դիֆենս»-ը վաճառվել է Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբորը՝ Գրիգոր Մինասյանին, որը ղեկավարում է «Էյ էմ» իրավաբանական ընկերությունը եւ ընդգրկված է Երեւանի ավագանու ՀՀԿ-ի ցուցակում:

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՆ ԵՆ ՊԱԿԱՍՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Երեւանում զբոսաշրջության զարգացմանը, երեկ հատուկ ընդգծել է նոր հյուրանոցների կառուցման անհրաժեշտությունը: «Ներկայում տարեկան Երեւան է այցելում շուրջ 850 հազար զբոսաշրջիկ, եւ, անշուշտ, կարեւոր է նոր հյուրանոցների կառուցումը: Երեւանում այսօր ունենք 44 հյուրանոցներ, այս տարի շահագործման կհանձնենք եւս 5-ը: Արդեն հայտեր ունենք եւ քննարկում ենք նախագծեր, որպեսզի բոլոր այն վարչական շրջաններում, որտեղ հյուրանոցներ կառուցելու հնարավորություն կա, ներգրավենք շահագրգիռ ներդրողների»,-ասել է Մարգարյանը: Մինչդեռ նկատենք, որ անգամ Երեւանի կենտրոնում գործող հյուրանոցները գրեթե մշտապես կիսադատարկ են:

ՀԱԿ-Ն ԱՊՕՐԻՆԻ Է
«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երեւանի ավագանու խմբակցության ԸՕՎ կենտրոնը երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «ԿԸՀ-ն, խախտելով ԸՕ-ի 156-րդ հոդվածի 1/1-րդ կետի պահանջները, գրանցեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի նույն անվամբ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, ինչը ոչ միայն ապօրինի գործողություն է, այլեւ իր ազդեցությունը կարող է ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Հիշեցնում ենք, որ «ՀԱԿ» դաշինքն այսօր գործում է նաեւ պետական եւ ՏԻՄ մարմիններում, ինչը, համաձայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների, նշանակում է, որ «ՀԱԿ» անվամբ կուսակցություն ՀՀ-ում չի կարող գրանցվել եւ գործել»:

ՇՏԱԲԻ ՊԵՏԵՐԸ

Արդեն իսկ հայտնի են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական շտաբների պետերի անունները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Աբրահամ Մանուկյանը, որը ԲՀԿ-ի ցուցակի երրորդ համարն է զբաղեցնում: «Հայ հեղափոխական դաշնակցության» նախընտրական շտաբը կղեկավարի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Աղվան Վարդանյանը: ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է, իսկ ՕԵԿ-ինը՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: «Բարեւ, Երեւան»  դաշինքի նախընտրական շտաբը հանձնված է նախկին  ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի ղեկավարմանը, իսկ նորաստեղծ «Առաքելություն» կուսակցությունը չի պատրաստվում ունենալ նախընտրական շտաբի պետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ի շտաբի պետը կլինի ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:




Լրահոս