ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՋԱՆՈՒՋԻԳՅԱՐՈՎ» ՍՊԱՆԵՑԻՆ
Երեկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքար»-ի գործով հերթական դատական նիստում ռեստորանային համալիրի անվտանգության պետ Գարիկ Մարգարյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Մինչ այդ նա հայտնել էր, որ դեպքի օրը ռեստորանի ավտոկայանատեղիում տեսել է մարդկանց, որոնք քաշքշում էին մատուցող Ալիկին, մոտեցել է նրանց՝ քաշքշուկը սաստելու համար, մատուցող Ալիկի հետ ուղղվել դեպի ռեստորան, որից հետո դուրս է եկել եւ տաքսիով գնացել տուն: «Ջանուջիգյար անելով՝ փորձել եմ, որ նրանք գնան, ինչը հաջողվեց»,-ասել է Գարիկը:

ՕՊԵՐՆԵՐԻ ԴԱՏԸ ՍԿՍՎԵՑ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվել է   պաշտոնական լիազորություններն անցնելու եւ պաշտոնական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության 2 օպերլիազորների գործով դատաքննությունը: Ամբաստանյալներ Խաչիկ Բախբուդարյանը եւ Արտակ Բարսեղյանն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել: Սակայն գործով տուժող, մեկ այլ գործով  կալանքի տակ գտնվող Ռոբերտ Հովսեփյանն իր ցուցմունքում նշել է, որ 2012թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Ռոստոմյան փողոցում իր վրա են հարձակվել մի քանի անձինք եւ ծեծի ենթարկել իրեն, գցել գետնին, այնուհետեւ նստեցնելով մեքենա՝  տեղափոխել ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք: Այնտեղ օպերլիազոր Խաչիկ Բախբուդարյանը եւ Արտակ Բարսեղյանը ձեռնաշղթաներ են անցկացրել տուժողի ձեռքերին եւ ծեծի ենթարկել ոտքերով, ձեռքերով, մահակով` ստիպելով խոստովանել նախկինում չբացահայտված գողությունների մեջ իր մասնակցությունը։

«ՍԻՎԻԼԻԹԱՍ»-Ն` ԸՆԴԴԵՄ «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ի
«Սիվիլիթաս» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ««Իրավունք» թերթը, վկայակոչելով իր՝ «իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները», տեղեկատվություն է հրապարակել, որ իբր «մյուս շաբաթվա ընթացքում ծրագրված է վտանգավոր սադրանք Ազատության հրապարակում» եւ որ իբր այդ սադրանքը կազմակերպված է ««Սիվիլիթաս»-ին մոտ կանգնած, այսպես կոչված, քաղաքացիական ակտիվիստների» կողմից: «Սիվիլիթաս» հիմնադրամը ՀՀ իրավապահ մարմիններից՝ ոստիկանությունից, դատախազությունից եւ ԱԱԾ-ից, պահանջում է անհապաղ հարցաքննել լուրի եւ թերթի պատասխանատուներին՝ բացահայտելու այս` ակնհայտորեն սուտ հրապարակման շարժառիթները եւ պատվիրատուներին»:

ՀԱՅՐԻԿՅԱՆԸ` ՀՈԼԱՆԴԻԱՅԻՑ
Նախագահի նախկին թեկնածու, մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Իմացա, որ որոշ խղճուկներ խիստ հուզվել են իմանալով, որ իմ առողջանալու գործին նաեւ մեր առողջապահական համակարգն է մասնակցելու։ Երբ երկու ամիս տառապագին ցավերի մեջ էի, դրանք չկային, ինչպես եւ չկային դրանց ծնողները, երբ իմ ծնողները երկու տասնամյակ իմ վերադարձին էին սպասում։ Հիմա երբ լսել են, որ պետությունն իմ հանդեպ էլ է անում այն, ինչ պարտավոր է անել ցանկացած պետություն, կատաղել են։ Իրենք իրենց թույնով ու նախանձով էլ թող տապակվեն… Հոլանդիայում եմ, բայց ամեն ինչ կախված է ապաքինման ու վերականգնման ընթացքից… Ամենայն բարիք բոլորիս…»:

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆԸ` ՏՆՕՐԵՆ
«Առավոտ»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում որպես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնական աշխատող վանաձորցի Նարեկ Վանեսյանը հավակնում է դառնալ Գյումրու նորակառույց բժշկական կենտրոնի կամ էլ նույն քաղաքի ծննդատան տնօրեն: Նա իր թեկնածությունն է առաջադրել այդ պաշտոնների համար հայտարարված մրցույթներին:




Լրահոս