Քաղաքական դաշտում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում. ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները «հետ» վերադառնալու ուղիներ են փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ակտիվացմանը զուգահեռ` քաղաքական դաշտի իշխանական թևում բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Բանն այն է, որ ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները սկսել են ուղիներ փնտրել՝ «հետ» վերադառնալու համար:

Իհարկե, առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ այս գործընթացը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ է կապված, սակայն քաղաքականությունն այն ասպարեզն է, որտեղ երբեք չի կարելի ասել երբեք: Ինչպես հայտնի է, այս տարվա սեպտեմբերի 3-ին ԲՀԿ-ից դուրս եկած ԱԺ պատգամավորներ Արայիկ Գրիգորյանը, Գրիգորի Մարգարյանը, Բազմասեր Առաքելյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Դավիթ Քոչարյանը, Ռուստամ Գասպարյանը, Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը և Հարություն Ղարագյոզյանը հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ:

Նրանց՝ նախագահական կատարած այցի հիմնական նպատակը եղել է իրենց ճակատագրի հարցը Սերժ Սարգսյանի հետ քննարկելը, որպեսզի կողմնորոշվեն հետագա անելիքներում: Ի դեպ, վերը նշված պատգամավորներից Մուշեղ Պետոյանը, Դավիթ Քոչարյանը և Գրիգոր Մարգարյանն այս տարվա փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ոչ միայն ԲՀԿ-ից են դուրս եկել, այլև` այդ կուսակցության ԱԺ խմբակցության կազմից: Իսկ մյուսները, չնայած կուսակցությունից դուրս են եկել, բայց շարունակում են պաշտոնապես մնալ ԲՀԿ խմբակցության կազմում: Բանն այն է, որ խմբակցությունից դուրս եկածները պատգամավոր են դարձել մեծամասնական ընտրակարգով, և խմբակցությունը լքելը նրանց մանդատի վրա չի կարող ազդել: Իսկ համամասնական ընտրակարգով մանդատ ստացածները, եթե իրենց խմբակցությունից դուրս գան, մանդատները պետք է վայր դնեն: Արդյունքում, վերը նշված պատգամավորները պաշտոնապես ԲՀԿ խմբակցության անդամ են, սակայն գործնականում իրենց պահում են որպես անկախ պատգամավորներ:

Ինչևէ, վերը նշված հանդիպման ժամանակ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն ասել է, որ ոչ մեկին չեն անտեսի, և եթե սահմանադրական փոփոխությունները ընդունվեն, ապա ԱԺ համամասնական ընտրություններում պատգամավորները ընտրվելու են վարկանշային քվեարկությամբ, և բոլորին տեղ կտրվի: Բայց մինչ այդ նախ անհրաժեշտ է, որ հասկանալի լինի, թե ով տեղերում ինչ հեղինակություն եւ ընտրազանգված ունի: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը նախկին ԲՀԿ-ականներին հասկացրել է, որ նրանց ճակատագիրը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում նրանց ցույց տրվելիք արդյունքներից է կախված: Թվում է, թե ամեն ինչ հստակ է, և տվյալ անձանց մնում է գնալ ու զբաղվել սահմանադրական փոփոխությունների քարոզչությամբ: Սակայն հարցերի հարցը, որ այս օրերին նախկին ԲՀԿ-ականները չեն կարողանում լուծել, իրենք այո-ի որ «խմբում» պետք է ընդգրկվեն:

ՀՀԿ-ում սեփական ակտիվի միջև տարածքների բաժանման խնդիրը չեն կարողանում լուծել, քանի որ պատգամավորներից և տարածքային պատասխանատուներից յուրաքանչյուրը փորձում է ինքն իր «օգտակարությունն» ապացուցել: Այլ կերպ ասած, մրցակցությունը մեծ է: Ուստի` նախկին ԲՀԿ-ականները սկսել են դիտարկել իրենց ետ վերադարձի և իրենց նախկին կուսակցության հետ համատեղ այո-ի համար քվեներ ապահովելու տարբերակը:

Բայց մյուս կողմից էլ ներկա ԲՀԿ-ն ևս իր նոր կերպարով քաղաքական դաշտի իշխանական թեւում ինքնահաստատվելու խնդիր ունի: Այլ կերպ ասած, ԲՀԿ-ն նույնպես ցանկանում է ապացուցել, որ ինքն իշխանությունների համար կարեւոր ռեսուրս է, եւ որ իրեն չի կարելի արհամարհել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ում արդեն վճռել են, որ եթե նախկին կուսակիցները որոշեն վերադառնալ, ապա իրենք միանգամից պատախան չեն տալու եւ իրենց վերջնական տեսակետը կհայտնեն յուրաքանչյուրի հարցն առանձին քննարկելուց հետո միայն:

Մյուս կողմից` կան նաեւ բազմաթիվ գյուղապետեր, որոնք նույնպես փետրվարյան խառը ժամանակներում կուսակցության շարքերից դուրս են եկել: Նրանց հարցում, սակայն, եթե որոշեն վերադառնալ, ԲՀԿ-ում խոչընդոտ չեն տեսնում: Գյուղապետ նախկին ԲՀԿ-ականներն առանց խոչընդոտի կարող են կրկին կուսակցական դառնալ, քանի որ «քաղաքականությունից չհասկանալով», պահի տակ են գործել, բացի այդ՝ գյուղերում կուսակցության ռեսուրսներն առավել նվազ են, քան քաղաքում:

Իսկ, ահա, ԱԺ պատգամավորների հարցը լուծվելու է յուրաքանչյուրի թեկնածությունն առանձին քննարկելուց հետո: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ ներկայիս վերնախավը որոշել է ետ վերադարձող պատգամավորներին մի փոքր նվաստացնել, հետո նոր ետ ընդունել, որպեսզի դուրս եկածները միաժամանակ փաստեն, որ լիարժեք ընդունում են իրենց առնետավազքը եւ զղջում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս