Երեկ «Ժողովուրդ» օրաթերթ ահազանգած քաղաքացին պատմեց, որ Երեւանի խանութներից մեկից գնած «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի արտադրած 6 հատանոց տուփով ներկած գունավոր հավկիթները ժամկետանց են: Նա նշեց նաեւ, որ ձվի կեղեւը մաքրելուց հետո տհաճ հոտ է զգացել: Բացի այդ, տվյալ հավկիթի տուփի վրա նշված չէ՝ ձուն եփված է, թե ոչ կամ ինչ ներկանյութով է ներկված: «Սպառողների միություն» հկ-ի նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ՝ բոլոր գործարարներն այս օրերին, առիթից օգտվելով, ամեն քայլի դիմում են, որպեսզի եկամուտ ստանան:
«Ժողովուրդ» օրաթերթի մարտի 28-ի համարում տեղադրել էինք մի լուսանկար, որտեղ հստակ երեւում էր, որ «Լուսակերտի թռչնաֆաբրիկա»-ի արտադրած հավկիթի կեղեւն աղտոտված է: Այս առնչությամբ ստացել ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արձագանքն այն մասին, որ իրենք ուսումնասիրում են այդ հարցը:
Ու դեռ այս հարցի պատասխանը չստացած՝ երեկ մենք այլ թռչնաֆաբրիկայի արտադրանքի մասին ահազանգ ստացանք: Քաղաքացին Երեւանի խանութներից մեկից գնել է «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի կողմից արտադրած վեցհատանոց տուփով ներկած գունավոր հավկիթ. «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ տուփի վրա գրված չէ, թե ինչ տեսակի ձու է, երբ է արտադրված, եփված է, թե ոչ: Աստծուն է հայտնի միայն, թե ձուն ներկելու համար ինչ ներկանյութեր են օգտագործվել: Հայտնի չէ նաեւ՝ այդ ներկանյութը վտանգավոր է մարդու առողջությանը, թե ոչ: Դա պետք է պարզեն իրավասու մարմինները:
Մինչդեռ այդ հավկիթները նախատեսված են Սուրբ Զատկի տոնի համար եւ վաճառվում են անհամեմատ թանկ գնով: Լուսանկարում երեւացող «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի «Արաքս տեղական» անվանումով վեցհատանոց ձուն քաղաքացին գնել է 450 դրամով: Այսինքն՝ մեկ եփած, ներկած ձուն արժե 75 դրամ: Թեեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հավկիթի շուկայում իրավասություն ունի ուսումնասիրել միայն այն ընկերությունների գործունեությունը, որոնք գերիշխող դիրք ունեն, այնուամենայնիվ, լուսանկարում երեւացող տուփի վրա առկա նշումից հասկանալի է, որ այն «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի արտադրանք է, որը գերիշխող դիրք ունի: Հետեւաբար այս երեւույթը չպետք է վրիպի ՏՄՊՊՀ-ի ուշադրությունից:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ-ն վերջերս արձանագրեց, որ հավկիթի գների այսպիսի փոփոխություն է եղել. ««Լուսակերտի թռչնաֆաբրիկա»-ի 10-հատանոց փաթեթավորմամբ (տուփով) ձուն 660 դրամի փոխարեն վաճառվում է 680 դրամով «Արզնի ֆաբրիկա»-ի xxl տեսակի ձուն նախկին 64-ի փոխարեն այժմ վաճառվում է 66 դրամով, ԵԹՖ-ի 30-հատանոց տուփով ձուն` 1860-ի փոխարեն 1920 դրամով, իսկ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի 01 տեսակի 1 ձուն 64 դրամից դարձել է 65 դրամ»: Բայց այս պատկերը հիմա էականորեն փոխվել է:
Ուշագրավ է նաեւ, որ Սուրբ Զատկի տոնի համար նախատեսված ներկված «Արաքս»-ի ձվերի կեղեւը մաքրելուց հետո տհաճ հոտ զգացվեց, որը բնորոշ չէ թարմ ձվին: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից «Ժողովուրդ»-ին վստահեցրին, որ տվյալ հավկիթներն ուսումնասիրության են վերցվել: Իսկ արդյունքների մասին պաշտոնապես կհայտարարվի:
Հուսանք շատ չեն ուշացնի. ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը` Զատիկից հետո կարմիր ձուն ո՞ւմ է պետք:
«Սպառողների միություն» հկ-ի նախագահ Արմեն Պողոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սերտիֆիկացման պարտադիր կանոնների մեջ հստակ գրված է, որ վաճառքի թույլտվություն ունեն միայն մաքուր վիճակով ձվերը, իսկ աղտոտված կճեպով հավկիթները խանութներ չպետք է ուղարկվեն. «Դրանք պետք է ուղարկվեն վերամշակման, այսինքն՝ խմորեղենի արտադրամասեր»: Ըստ Պողոսյանի՝ բոլոր գործարարներն էլ այս օրերին առիթից օգտվում են. «Աժիոտաժի մեջ են, արագ-արագ առաքում են հավկիթները, որպեսզի Զատկի տոնին մեծ եկամուտ ստանան: Անհանդուրժելի ու պատժելի արարք է»:
Աղտոտված ձվերի մասով Պողոսյանը խորհուրդ տվեց եփելուց առաջ հավկիթը լվանալ, քանի որ ձվի կեղեւի ծակոտկենների մեջ կարող են թափանցել տարբեր տեսակի միկրոբներ: «Եվ դա անժխտելի ու վաղուց հայտնի բան է: Միանշանակ վտանգավոր է, իսկ աղտոտվածությունը տեխնոլոգիայի թերություն է, որն անընդունելի է»,-նկատեց նա:
Անդրադառնալով ներկված հավկիթների խնդրին՝ Պողոսյանը հայտարարեց, որ հավկիթի տուփի վրա պետք է պարտադիր գրված լինի, թե ինչ առանձնահատկություն ունի այն. «Ներկվա՞ծ է, ուրեմն պետք է գրված լիներ դա: Բացի այդ, պետք է գրվեր նաեւ, թե ինչ տեսակի ներկանյութ են օգտագործել: Միգուցե քիմիապես վտանգավոր կամ անվտանգ նյութ է: Այդ պահանջները բացակայում են, որն էլ պատժելի է»:
Նշենք, որ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն պատկանում է «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին, որը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանին վիրավորել էր՝ անվանելով «պրաստիտուտկա»: Պատճառն այն էր, որ լրագրողն ընդամենը փորձել էր նրան հարց տալ:
ՀԱՎԿԻԹՆԵՐԸ ՆԵՐԿՎԱԾ ԵՆ ԱՆՀԱՅՏ ՆԵՐԿՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ