ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՌԱՋԻՆ ՉՎԵՐԹԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՅՍ ԳԱՐՆԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Լյո Մոնդ» պարբերականին ասել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են:
«Մենք ավարտել ենք օդանավակայանի կառուցումը հինգ-վեց ամիս առաջ: Այն, որ թռիչքները տեղի կունենան, հաստատ է 100%-ով: Հստակ ժամանակը նշանակված չէ, քանի որ դեռ պետք է լուծվեն որոշ տեխնիկական խնդիրներ: Այս հարցը պետք է դիտարկել մարդկային եւ ոչ թե քաղաքական տեսանկյունից: Մարդիկ իրավունք ունեն շարժվել ցամաքային եւ օդային ճանապարհով»,-ասել է վարչապետը:
«Լյո Մոնդ»-ը հիշեցրել է, որ ադրբեջանական կողմն ի սկզբանե սպառնում էր ոչնչացնել օդանավը, եթե թռիչքները վերսկսվեն, սակայն հիմա փոքր-ինչ մեղմացրել են իրենց հայտարարությունները: «Եթե Ադրբեջանը կրակ բացի, ապա նոր պատերազմ կսկսվի, եւ նրանք չեն կարող օգտագործել իրենց օդանավերը` թռիչքները խափանելու համար, քանի որ մենք ունենք մեր հակաօդային միջոցները»,-հավաստել է պրն. Հարությունյանը:
«Այս տարի Ադրբեջանում ընտրություններ են անցկացվելու, հետո ավելի հեշտ կլինի, նույնիսկ եթե նրանք շարունակելու են արձագանքել հիստերիկ կերպով»,-նշել է վարչապետը:
«Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ առաջին չվերթը կարող է կայանալ այս գարնանը,- հարցազրույցում ասել է Ա. Հարությունյանը,- Ստեփանակերտի օդանավակայանի հարցը պետք է լուծվի մարդկային տեսանկյունից եւ ոչ թե քաղաքական, քանզի մարդիկ ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն ինչպես ցամաքով, այնպես էլ օդային ճանապարհով»:
«Լյո Մոնդ»-ը գրել է, որ Հայաստանում փետրվարին կայացած ընտրություններում նախագահ վերընտրված Սերժ Սարգսյանը, որը ծագումով Արցախից է, հայտարարել է, որ Ստեփանակերտ-Երեւան քաղաքացիական չվերթեր իրականացվելու են:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974թ. եւ հիմնականում չվերթեր է ընդունել Երեւանից ու Բաքվից: 1992թ.-ից օդանավակայանը մատնվել է պարապուրդի: 2008թ. սկսվել է օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը, որը նման է թեւերը բացած արծվի: Այս ընթացքում լայնացվել է նաեւ թռիչքուղին, ինչպես նաեւ հարթեցվել են թռիչքուղուն հարակից մի քանի բլուրների գագաթները, որպեսզի հնարավոր դառնա ժամանակակից մեծ ինքնաթիռների ընդունումը:




Լրահոս