«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ, երբ ՀՀ ԱԺ-ում լրագրողները ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանից հետաքրքրվել են, թե որքան է կազմում նրա ամսական աշխատավարձը, նա պատասխանել է՝ 1 մլն 300 հզ. դրամ: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Ն. Երիցյանի պաշտոնական հայտարարագրում այլ տվյալներ են նշված: Ըստ նրա կողմից ներկայացված փաստաթղթի՝ 2014-ին Երիցյանի ամսական աշխատավարձը կազմել է 2 մլն 150 հզ. դրամ:
Հիշեցնենք, որ հայտնի թանկարժեք բիոզուգարանների գաղափարի հեղինակը հենց Ն. Երիցյանն էր, որն այն ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Երկու բիոզուգարանների համար, որոնք այդպես էլ չգործեցին, ՀՀ պետբյուջեից ծախսվեց 125 մլն դրամ: Սակայն Երիցյանը չէր զլանում հայտարարել, թե զուգարանների գնումը «դարի գործարքն» է: Եւ ամենեւին զարմանալի չէ, որ Երիցյանը ունակ է սխալ ասել նաեւ սեփական աշխատավարձի մասին տեղեկությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: